«Ոսկե ծիրան» փառատոնը կանգնած է տապալման եզրին

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնը, որն իր գոյության 14 տարիների ընթացքում Երեւանին պարգեւել է ոչ միայն իսկական կինոտոն, այլեւ դարձել է Հայաստանը գովազդող լավագույն այցեքարտ, հայտնվել է փաստի առաջ։ Բանն այն է, որ մշակույթի նախարարությունն ամեն տարի բյուջեով նախատեսված 50 մլն դրամ գումարը մինչ օրս դեռ չի փոխանցել փառատոնին։ Այսինքն՝ հատկացումը, որպես այդպիսին, առանձին տողով արված է, բայց գումարը հասցեատիրոջը դեռ չի հասել, ու դա այն դեպքում, երբ փառատոնին մնացել է մեկուկես ամիս ժամանակ։

«Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ով անցած տարի փառատոնի տնօրենի պարտականությունները փոխանցեց փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանին, մեզ հետ զրույցում իր մտահոգությունն է բարձրաձայնում․ «Մենք ամեն տարի հունվարի 30-ից սկսում ենք աշխատանքը փառատոնի վրա, որը գրեթե մեկ տարի ձգվում է, քանի որ այդ ընթացքում, բացի փառատոնի վրա աշխատելուց եւ բանակցություններ վարելուց, նաեւ ճամփորդում ենք մարզերով, ֆիլմերը ցուցադրում։ Եվ մշակույթի նախարարությունը, թվում է, թե, լինելով մեր բարեկամը եւ իմանալով «Ոսկե ծիրանի» հաջողությունների սահմանը, ոչ թե օգնում է, որ «Ոսկե ծիրանն» ավելի լավը դառնա, այլ հակառակը՝ անընդհատ արգելքներ են ստեղծում, անընդհատ ուզում են քեզ սպասեցնել, նեղացնել, ստորացնել, քանի որ մինչեւ հիմա ոչ մի կոպեկ «Ոսկե ծիրանը» չի ստացել, ինչը նշանակում է փառատոնի տապալում»։

Հարություն Խաչատրյանը կարծում է, որ մշակույթի նախարարությունը պետք է լինի միայն փոխանցող եւ ստուգող․ «Իհարկե, պետք է ստուգեն՝ ինչի վրա ծախսեցիր, արդյոք օրինակա՞ն էր ամեն ինչ։ Եվ հետո՝ «Գնումների մասին» օրենքը չի համապատասխանում միջազգային փառատոնին, այդ օրենքով ընդհանրապես չես կարողանում աշխատել եւ հատկացված գումարն օգտագործել ո՛չ տոմսերի, ո՛չ էլ հյուրանոցների վրա, որովհետեւ ամբողջը պետք է մրցույթներով արվի։ Իսկ մեր հյուրերը՝ հատկապես մեծագույն ռեժիսորները, արտիստները, որ գալիս են, նրանց գնումների օրենքով տոմսեր չես կարող առնել, դա ուղղակի ծիծաղելի է։ Ենթադրենք՝ Վիմ Վինդերսն է գալիս, ու ասում ես, որ մեր գնումների կոմիտեն որոշել է ձեզ տոմս առնել Կազան-Բաթում-Երեւան երթուղով, այդպես ո՞նց կլինի, դա ոչ միայն ծիծաղելի է, այլ նաեւ՝ ծաղրելի։ Դրա համար այդ գումարը դնում ենք աշխատավարձ, բայց այստեղ էլ ասում են՝ փառատոնն ի՞նչ է, որ այդքան ամիս աշխատավարձ եք տալիս, 3 ամիսը բավարար է։ Այսինքն՝ չեն խորանում։ Հետո՝ չկա մի օրենք, մի պայմանագիր, թե ինչի համար են ֆինանսավորում։ Դա պետք է հստակեցվի, որ դու այլեւս չխնդրես, չդառնաս իրենց ծառան։ Թեեւ կոռուպցիոն սխեմաները նույնն են, որ դու միշտ կախված լինես քեզ փող տվողից, միշտ կատարես նրանց հրամանները։ Արդեն հազար անգամ սմետա են փոխել, որովհետեւ չկա մի օրենք, որ ասի՝ ինչն է կարելի, ինչը չի կարելի»։

Իրավիճակն անհասկանալի է Հարություն Խաչատրյանի համար, նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ ունեցել են լավ հարաբերություններ, ավելին՝ ասում է, որ Ամիրյանը շատ սիրում էր կինոն, բայց․ «Քանի որ մեծ կառույց է, շատ դժվար է տեղից շարժելը։ Չեմ ուզում մեղադրել, գուցե կան ռեալ պատճառներ, բայց դրա համար պետք է պայմանագիր լինի, որ, ենթադրենք, մենք վճարում ենք այս եւ այս բաների համար։ Մի բան էլ կա․ եթե դու տալիս ես դրամաշնորհ փառատոնի համար, թույլ տուր ես հանգիստ եւ ազատ աշխատեմ ու ինքս որոշեմ, թե որտեղ եմ ծախսում այդ գումարը, եւ ինքս որոշեմ իմ փառատոնի թե՛ ֆինանսական եւ թե՛ մշակութային քաղաքականությունը։ Էլի եմ ասում՝ թող ստուգեն, թե ինչի վրա է ծախսվում գումարը»։

Հուլիսի 8-ից մեկնարկող փառատոնին այս պահի դրությամբ նախարարությունը դեռ ոչ մի լումա չի փոխանցել, ինչ էլ հասցրել են անել «Վիվասելի» օգնությամբ, թեպետ նա էլ իր հերթին է 100 մլն-ի չափով կրճատել փառատոնին տրվող գումարը։ Ինչ վերաբերում է մյուս հովանավորներին, ապա հեղափոխության ֆոնին նրանք էլ մտավախություն ունեն՝ փառատոնն այս տարի տեղի կունենա՞, թե՞ ոչ, ուստի վարանում են գումար հատկացնել․ «Բայց մենք այնքան փորձված մարդիկ ենք, որ նախօրոք աշխատել ենք։ Մեծագույն ռեժիսորներ են գալու, լավագույն ֆիլմերն ենք բերելու, լինելու են լավագույն պրեմիերաներն ու ֆիլմերը։ Բացումն ու փակումը նախատեսված են ֆիլհարմոնիայի դահլիճում, հետաքրքիր դիզայն ենք անում, դեկորացիաներ ենք ստեղծում՝ պարտքով կամ այլ հովանավորների միջոցով, բայց շատ լավ կլիներ, որ մեր ամենամեծ հենարանը պետությունը լիներ։ Ամենակարեւոր ու ամենամեծ պատվիրատուն ինքն է մեզ համար, որովհետեւ, ինչպես նախագահ Արմեն Սարգսյանն ասաց օրերս միության նախագահների հետ հանդիպման ժամանակ, դատարկ տեղն այնպիսի մի փառատոն ստեղծվեց, որն աշխարհում այսօր Հայաստանի մասին պատմող ամենահայտնի երեւույթն է։ «Ոսկե ծիրանն» այնքան ճանապարհներ բացեց, այնքան մարդ բերեց Հայաստան ու այնքան գովազդեց Հայաստանն ամբողջ աշխարհով մեկ, որ իրենք էլ իրենց հերթին ամբողջ աշխարհում տարածեցին հայկականությունը, հայկական մշակույթը»։

Փառատոնի հիմնադիրը նկատում է, որ «Ոսկե ծիրանի» օգուտն այնքան շատ է, որ միայն նայիվ մարդը կարող է չհասկանալ դրա կարեւորությունը եւ ֆինանսավորումն ուշացնելու վտանգը։ Նա ընդգծում է՝ ամենակարեւոր բաներից մեկն այն է, որ նախարարությունը չպետք է զբաղվի միջոցառումներ կազմակերպելով, մշակույթի նախարարությունը պետք է քաղաքականությունը որոշի, գումար հատկացնի եւ վերահսկողություն իրականացնի։

Մեր երկրում մարդիկ շատ հաճախ ֆինանսավորում են այս կամ այն նախագիծը՝ անձերով պայմանավորված։ Սա կարո՞ղ է պատճառ լինել, հատկապես որ անցած տարվանից ինքն արդեն «Ոսկե ծիրանի» տնօրենը չէ։ «Միգուցե դա է պատճառը, որ այդքան ուշանում է, բայց Սուսաննա Հարությունյանը նույնպես ճանաչված կինոգետ է, իսկ «Ոսկե ծիրանն» իմ ծնած զավակն է, չի կարելի հիմա Սուսաննա Հարությունյանին այս օրը գցել, երբ հուլիսի 8-ին փառատոնն սկսվում է, իսկ մայիսի 17-ին դեռ դրամը չեն հատկացրել։ Ոչ թե պետք է Հարություն Խաչատրյանի համար տան, այլ պետք է տան այդ գործին, որը շատ կարեւոր է Հայաստանի համար։ Առաջինն իրենք պետք է անհանգստանան, բայց, հակառակը՝ անընդհատ արգելք ենք տեսնում նախարարության կողմից, չկամություն, ուշացնել։ Երեւի իրենք էլ զբաղված են, որովհետեւ այդքան գործ են իրենց վրա վերցրել, որ իրենց գործառույթները չեն, թող հազարավոր ՊՈԱԿ-ների փոխարեն հասարակական կազմակերպություններ օգտագործեն»։

Խաչատրյանը նոր նախարարի հետ դեռ առիթ չի ունեցել հանդիպելու, բայց, որպես փառատոնի հիմնադիր, զանգահարել է նրա օգնականին եւ խնդրել փոխանցել, որ «Ոսկե ծիրանը» շատ մեծ վտանգի առաջ է կանգնած։

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը չի կարծում, որ նման ծայրահեղ վիճակ է։ Նա նկատում է, որ ֆինանսավորման հրամանը շուտ է ստորագրվել՝ 10-15 օր առաջ, իսկ հիմա խոսքը գնում է նախահաշվի հետ կապված մի քանի տարաձայնությունների մասին․ «Կան զուտ ֆինանսական տարաձայնություններ՝ հոդվածները ձեւակերպելու հետ կապված, եւ իրենք պետք է աշխատեն մեր աշխատակազմի ղեկավարի եւ տնտեսագետների հետ․ սա է խնդիրը։ Այսինքն՝ քաղաքական որոշումը, որ «Ոսկե ծիրանը» պետք է լինի, եւ դա պարտադիր է, կա, որովհետեւ մեր լավագույն կինոփառատոնն է, ուղղակի երեւի թե այս ֆորսմաժոր իրավիճակներից ելնելով՝ չեն հանդիպել իրար հետ ֆինանսիստները, որպեսզի նախահաշիվն իրար հետ ճշտեն, որովհետեւ յուրաքանչյուր տողի համար կան ֆինանսների նախարարության չափանիշներ, ֆինանսավորման նախաբաժիններ։ Հիմա թե ում կողմից է այս թյուրիմացությունը, նկատի ունեմ՝ համաձայնեցնելու պրոցեսն առկախվել կամ ուշացվել, դրա վրա, ամեն դեպքում, աշխատում են»։

Թե ինչու է տարիներ շարունակ հունվարի 30-ին հատկացվել եւ փոխանցվել գումարը, իսկ այս տարի՝ ոչ, ասաց․ «Ճիշտ է, այս տարի ուշացել է մի փոքր, անցած տարիներին շատ ավելի շուտ է հատկացվել, հիմա այս տարի ես չեմ հիշում, թե իրենք երբ են ներկայացրել ծրագիրը, եւ երբ է քննվել դա»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X