Ասել եմ՝ չեմ գնալու կառավարություն, ուրեմն չեմ գնալու․Սանասարյանը այլ պաշտոն կզբաղեցնի

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվելու է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի տեղակալ։

Դավիթը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ ինքը մնում է իր սկբունքներին հավատարիմ, ինչպես նախապես հայտարարել է՝ չի լինելու կառավարության կազմում։ «Սուտ է, քանի որ ես հայտարարել եմ՝ չեմ լինելու կառավարությունում եւ չեմ հասկանում, թե ինչի համար են դա գրում։ Փոխնախարար չէ, եթե ուզեի, ես կլինեի նախարար, դրա համար ես մնում եմ իմ խոսքի տերը եւ ես չեմ լինելու կառավարության կազմում»։

Հարցին՝ նախարարի պաշտոն զբաղեցնելու առաջարկ եղե՞լ է, Դավիթ Սանասարյանը տվեց դրական պատասխան․ «Բնականաբար, բայց ես չեմ ուզել գնալ կառավարություն, այդ թվում՝ աշխատակազմ։ Եթե ես ուզենայի, կգնայի որեւիցե տեղ, բայց ես քաղաքականության մեջ շատ կարեւոր եմ համարում սկզբունքայնությունը։ Եթե ես ինքս սկզբունքայնությունը չպահեմ, ուրիշներից չեմ կարող պահանջել։ Ասել եմ՝ չեմ գնալու կառավարություն, ուրեմն չեմ գնալու»։

Մեր զրուցակիցը նաեւ նշեց՝ չի բացառվում, որ առաջիկայում որեւէ պաշտոն զբաղեցնի։ Թե ի՞նչ պաշտոնի մասին է խոսքը, նա չմանրամասնեց։

Նշենք՝ տեւական ժամանակ քննարկման առարկա էր դարձել այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ պայքարի դուրս եկած «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները որեւէ պաշտոն չէին զբաղեցրել։ Այսօր հայտնի դարձավ, որ այդ նախաձեռնության անդամներից քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X