Կոտայքի մարզպետարանի վարչության պետի նոր բիզնեսը․ դագաղ ու շոր ծախեմ

>

Հրազդանի ԲԿ-ի դիահերձարանի կողքին ինտենսիվ շինարարություն է ընթանում:

Մեզ հասած տեղեկություններով՝ տվյալ հատվածում կառուցապատման աշխատանքները իրականացնում է Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանը: Վարչության պետը Հրազդանի դատական բժիշկ Գառնիկ Սահակյանի հետ միասին որոշել է նոր բիզնես ստեղծել՝ դիահերձարանին կից սգո ծառայության սրահ բացել:

Փորձեցինք այս տեղեկությունը նախ ճշտել վարչության պետ Վահագն Ոսկանյանից: Վարչության պետը հարցը լսելուց եւ «կուշտ» հազալուց հետո ասաց. «Շինությունը իմը չի, դա քաղաքապետարանի հողնա»:

-Պարո´ն Ոսկանյան, հասկանալի է, որ հողը համայնքի սեփականությունն է, իսկ շինարարությունը ձեր կողմի՞ց է ընթանում, ի՞նչ եք կառուցում տվյալ հատվածում:

-Դիահերձարանի կողքի շինությունը դա համապատասխան Հրազդանի քաղաքապետի յուրիզդիկցիայի տակ է գտնվում:

-Ո՞վ է իրականացնում շինարարությունը:

-Ինչ-որ անձնավորություն:

-Ով է այդ անձնավորությունը, դու՞ք եք:

-Դիմեք Հրազդանի քաղաքապետարանին:

-Ինչո՞ւ դիմենք Հրազդանի քաղաքապետարան։ Հստակ գիտենք, որ շինարարությունը դուք եք իրականացնում: Նոր բիզնե՞ս եք բացում:

-Ով է նման բան ասել, զրպարտում եք, ես աբսալյուտնը կապ չունեմ, ազի՛զ ջան, դիմեք Հրազդանի քաղաքապետարան:

Զրուցեցինք նաեւ դատական բժիշկ Գառնիկ Սահակյանի հետ:

-Պարո´ն Սահակյան, Հրազդան ԲԿ-ի դիահերձարանի կողքի տարածքը ձե՞րն է, այնտեղ շինարարություն է ընթանում տեղյա՞կ եք:

-Տարածքը իմ չի, տեղյակ եմ, որ շինարարություն է գնում:

-Դիահերձարա՞նն են մեծացնում, թե՞ այլ շինություն են կառուցում:

-Դե 45քմ շինություն է, կամ դիահերձարանն են մեծացնում, կամ էլ սառնարանի համար են կառուցում: Ինչքան հասկացա, որ պատի նման կառուցել են, որ հիվանդանոցից շատ չեւրեւա, որ դիակները բերում են, տհաճ է:

-Սգո ծառայությո՞ւն է լինելու:

-Չէ, չէ նման բաներ չկա: Ավելի շատ սպասասրահ կամ աշխատասենյակ կլինի, որովհետեւ չկա ոչ մի պայման:

-Եթե աշխատասենյակներ լինեն, դուք այդտեղ աշխատասենյա՞կ եք ունենալու:

-Ես չէ, կարող ա աշխատակազմից լինի, սանիտարի համար լինի, չեմ կարող ասել կոնկրետ ինչ է սարքվելու, ինչ է լինելու, ինչքանով ես տեղյակ եմ, սարքում են եւ ինչ անում են՝ օրինական է:

Մեկնաբանություն
X