Ի՞նչ են ուզում Սասնա ծռերի համակիրները

Նույնիսկ ոստիկանները ընկալեցին այս հեղափոխության իմաստն ու էությունը և արդեն իսկ ներդաշնակ են ժողովրդի հետ: Իսկ Սասնա ծռերը այդպես էլ ոչինչ չհասկացան:

Հիմա իրենց ուզածն ի՞նչ է, մի՞թե ակնկալում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչական ու քաղաքական լծակների կիրառմամբ պետք է ազդի դատական պրոցեսի ընթացքի վրա: Լա՛վ, եթե դա են ուզում, ապա այդ դեպքում ո՞րը կլինի Փաշինյանի և Սերժ Սարգսյանի տարբերությունը: Եթե ժամանակավոր կառավարությունը համանման գործելաոճ կիրառի, ապա ոչնչով չի տարբերվի Սերժաքոչարյանական քրեաօլիգարխիկ համակարգից:

Նոր Հայաստանում դատարանները պետք է ազատ ու անկախ լինեն: Դատարանը երբեք չպետք է հաշվի նստի վարչապետի և քաղաքական իշխանության կամքի ու նախընտրությունների հետ: Մոռացեք հին ժամանակները, երբ դատարանները վճռիներ էր արձակում Սերժ Սարգսյանի քմահաճույքով:

Հիմա ինձ թվում է բարդ բան չեմ ասել և, եթե այսքանը պարզ է, ապա ինչու՞ եք փողոցներ փակում, իմաստը ո՞րն է, ի՞նչ եք ուզում: Մի՞թե չեք հասկանում, որ հեղափոխությունը դեռևս չի հասել իր վերջնական եզրագծին և հակահեղափոխական տաք ու ազդեցիկ օջախները ամեն պահ պատրաստ են հողին հավասարեցնել ամեն ինչ:

Հիմնադիր խորհրդարանի առաջնորդներին՝ Ժիրայր Սեֆիլյանին և Գարեգին Չուգասզյանին, խնդրում եմ հանդես գալ իրենց համակիրներին հանդարտեցնող կոչով: Վստահ եմ երկու հարգարժան պարոններն էլ քաջ գիտակցում են, որ համանման գործողությունները վնասում են հեղափոխությանն ու օգնում հակահեղափոխական տարրերին, որոնք ընդհատակից Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տարբեր ուղղություններով ականներ տեղադրելու փորձեր են անում:

Մեկնաբանություն
X