Հրաժարական տամ, ո՞ւմ եք ընտրելու, Սաշիկի՞ն․ Բալասանյանը վրդովված է

Գյումրի համայնքի ավագանին այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու ավագանու՝ «Բալասանյան» դաշինքի՝ 10, ՕԵԿ՝ 1 եւ ԲՀԿ 2 ավագանու առաջարկությունը՝ անվստահություն հայտնել քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Նիստը մեկնարկեց լարված մթնոլորտում։ Ավագանու անդամները ներկայացրին իրենց պահանջը եւ սեփական թեկնածու առաջադրելու հարցը։

ԳԱԼԱ կուսակցությամբ ընտրված ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը վճռական էր, նա պնդում էր, որ ավագանիների անակնկալ առաջարկը վստահություն չի ներշնչում, եւ սա հերթական մասխարեն է՝ դերասանությունը՝ մշակված Բալասանյանի եւ նրա թիմակիցների կողմից։ «Բա մինչև էդ ինչի՞ դուրս չէիք գալիս ձեր ֆրակցիայից, երբ Սարգսյանի ռեժիմը ձեզ 2 մանդատ նվիրեց։ Դուք կարծում եք էս տրամաբանությամբ հնարավո՞ր է քաղաքապետին անվստահություն հայտնել։ Էդքան միամիտ ենք, բան ու գործ չունենք։ Հիմա արդեն ձեր 10 հոգու հրաժարականն ենք ուզում»,-իր խոսքում ասաց նա՝ պնդելով, որ նախաձեռնությամբ հանդես եկած 13 ավագանիները պետք է մանդատը վայր դնեն։

ՕԵԿ ավագանու անդամներից մեկն էլ առաջարկում էր, որ հրաժարական տան բոլորով՝ 33 ավագանու անդամները միասին, փոխարենը նոր, պարզ, թափանցիկ ընտրություններ անցկացվեն։ «Ես՝ որպես քաղաքապետ, բնականաբար պետք է ունենամ համապատասխան վստահություն, եթե չունեմ հանրային աջակցություն, ուրեմն չպետք է լինեմ քաղաքապետի պաշտոնին։ Ես կառչած չեմ իմ աթոռին, ես լուրջ մրցակցության արդյունքում 27000-ից ավել ձայն եմ հավաքեցի, ես իմ ամբողջ կյանքում լավություն եմ արել բոլորին»,-ասաց քաղաքապետը՝ վստահեցնելով, թե ինքն անգամ տեղյակ չէր՝ ինչ է կատարվում։

«Աշխատողներից մեկը միջանցքում ասում է՝ պարոն Բալասանյան, երեկ 76 անգամ ձեր անունն է տրվել։ Հիմա հրաժարական չեմ կարող տալ, օրենք չկա, հիմա մենք ունենք 68 հոդված, միակ ճանապարհը, որը ես ողջունում եմ»,-անդրադառնալով անվստահություն հայտնելուն՝ նշեց նա։

Բալասանյանի նյարդերը, ի վերջո, տեղի տվեցին, եւ նա հանկարծ վրդովվեց․ «Ինչո՞ւ եք սա ստեղծել։ Միայն Լևոնը կարող է ճիշտ խոսել, ես Լևոնին խնդրել եմ, որ լինի ավագանի, ասել եմ՝ մեզ ընդդիմություն է պետք։ Ես վատ մարդ եմ, որ իմ մասին էդքան վատ եք ասում։ Ես ծառայողական մեքենա չունեմ, հիմնադրամ եմ բացել, 8մլն դրամ միայն իմ շնորհիվ քաղաք մտավ, ամրոցն եմ սարքել ձեզ համար, ինչու եք քննադատում։ Կարող է հրաժարական տամ, գնամ, ո՞ւմ եք ընտրելու՝ Պնդոյին, Մնդոյին, Սաշիկին։ Այսօր իրավիճակ է փոխվել, եկեք հարմարվենք։ Դուք նման քաղաքապետ երբեք չեք գտնելու, հազիվ կրիմինալից պրծանք, եթե շատ եք ուզում հրաժարական կտամ, ինչի եք մարդու հունից հանում»,-ասաց նա՝ հիշեցնելով, թե ինչեր է արել․ տեղական բյուջեով 10 փողոց է սարքում, 40 ավտոբուս է բերելու եւ ամենակարևորը՝ ցուցամոլ չէ, ոչ մի լրատվամիջոց հետևից ման չի տալիս։

«Ասեք, նոր իշխանություն է փոխվել, գնա խնդրիր, թող բնակարաններ տան, մենակ քննադատեք»,-չէր հանգստանում քաղաքապետը։ Ի պատասխան Լևոն Բարսեղյանն էլ հորդորեց թեթև տանել քննադատությունները եւ համայնքի բյուջեով արված գործերը, որոնց նաև ավագանին է իր մասնակցությունն ունենում, չվերագրել անհատի։ 15 րոպե ընդմիջում խնդրելուց հետո ԳԱԼԱ-ն հայտարարեց, որ բոյկոտում է նիստը՝ չմասնակցելով քվեարկությանը։ Ավագանիներին կես ժամ ընդմիջում տրվեց, որպեսզի վերադառնան դահլիճ եւ ծանոթանան քվեարկության կանոններին, որից հետո փակ քվեարկությամբ կընտրեն կողմ կամ դեմ ՝ արտահայտելով իրենց դիրքորոշումը նախագծին։

Մեկնաբանություն
X