Եթե կոռուպցիոն մեխանիզմները փակվեն, հնարավոր է կինոյի տարեկան բյուջեն ավելանա

Երեկ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը նախարարությունում հյուրընկալել է մի շարք կինոգործիչների, որոնց հետ քննարկել է կինոոլորտի խնդիրները, մասնավորապես՝ «Կինոյի մասին» ՀՀ օրենքը։ Հանդիպմանը ներկա են եղել «Շարմ հոլդինգի» պրոդյուսերական թիմը, Անկախ կինոգործիչների ասոցիացիան, Կինեմատոգրաֆիստների միության եւ «Երիտասարդական հարթակ» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչները, Ազգային կինոկենտրոնի տնօրենը, Ֆիլմ հանձնակատարը, անկախ կինոգործիչներ, ովքեր կինոարտադրությամբ են զբաղվում, ինչպես նաեւ փոխնախարարները։

Կինոգործիչների մի շրջանակ երեկ փորձում էր հասկանալ, թե ով եւ ինչ սկզբունքով է ընտրել հանդիպման մասնակիցներին․ եթե նախարարությունն է նախաձեռնություն հանդես բերել, ապա ինչո՞ւ բոլորին չեն տեղեկացրել։

Ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը նշում է, որ հանդիպմանը ներկա են եղել կինոարտադրողներ այս կամ այն չափով կինոարտադրությամբ զբաղվող կինոբեմադրիչներ, պրոդյուսերներ։ Մաթեւոսյանը չգիտի, թե կոնկրետ ով է եղել հանդիպման նախաձեռնողը, կարծում է՝ հասարակական նախաձեռնություն է եղել, որն ընթացք է ստացել։

Հանդիպման ընթացքում առաջնահերթորեն շեշտը դրվել է կինոարտադրության ոլորտի խնդիրների վրա․ «Գիտենք, որ կինոօրենսդրության խնդիր կա, «Կինոյի մասին» օրենքի նախագիծը վերջին մեկուկես տարին ակտիվորեն չարչրկվում է․ նախարարությունից՝ դեպի շահառուների խմբեր, շահառուների խմբերից՝ դեպի կառավարություն, որից հետո ԱԺ ճանապարհն է բռնում ու դարձյալ չի հաստատվում։ Ի վերջո, հանդիպումը դարձավ «Կինոյի մասին» օրենքի եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հայտերն ընդունելու կանոնակարգի շուրջ քննարկում, իսկ դրանք հենքն են կինոարտադրության»։

Թե «Կինոյի մասին» օրենքն Արմեն Ամիրյանի օրոք մշակման ինչ փուլում էր եւ նոր նախարարի օրոք ինչ ընթացք կունենա, Մաթեւոսյանը չի կարող նախարարի անունից ասել, բայց կարող է իր տպավորություններով կիսվել․ «Արմեն Ամիրյանի օրոք «Կինոյի մասին» օրենքը բավականաչափ լավ մշակվել է շահառու խմբերի կողմից, որոնցից մեկում նաեւ ես եմ եղել ներառված։ Օրենքն ունի մի քանի տարբերակ, եւ մեր շահագրգռությունն այս պահին այն է, որ այդ տարբերակներից ավելի ամբողջական, պակաս տոտալիտար, պակաս «մաֆիոզ», կոռումպացված մեխանիզմներ ենթադրող օրենսդրություն գոյություն ունենա։ Այդպիսի նախագծի տարբերակներ, իհարկե, կան, եւ մենք ցավում ենք, որովհետեւ այդ տարբերակները քանիցս շրջանառվել են, բայց այդպես էլ մենք չունեցանք վերջնահաստատում եւ ԱԺ-ի կողմից ընդունում։ Իսկ Ազգային կինոկենտրոնի կանոնակարգը, իմ որակմամբ, բավականին վատ մշակված, իրարամերժ սկզբունքների, անհասկանալի դրույթների, թերի ձեւակերպումների ամբողջականություն է, որի ամբողջ էությունը շփոթության մեջ գցելն է եւ տարակարծությունների, կոռուպցիոն միջանցքներ պահպանելու հնարավորություններ ստեղծելը»։

Մաթեւոսյանը նկատում է՝ ներկաները համաձայնել են մի բանում, որ հնարավորինս արագ, գործնական եւ օպերատիվ ձեւով այդ եղած փաստաթղթերի նախագծերի հիմքի վրա մշակվի վերջնական տարբերակ եւ ներկայացվի նախարարություն, որպեսզի դա գնա կառավարություն։ «Նախարարը պատրաստակամ է եւ պատրաստ, նաեւ ընկալունակ է։ Հստակ ձեւակերպեց խնդիրը, եւ իր պաշտոնավարման 3-րդ օրը կարելի է դրական գնահատել այս հանդիպումը, որը կոնստրուկտիվ էր, արդյունավետ։ Նաեւ բավականաչափ սեղմ ժամկետներ նշանակվեցին, որպեսզի այդ ամեն ինչը մշակվի եւ ներկայացվի»,-ասում է նա ու նշում, որ նախարարը 20 օր ժամանակ է տվել՝ նախագծերը կանոնակարգելու եւ վերանայելու համար․ «Իհարկե, կլինեն ստորջրյա խութեր, դիմադրություն, մարդիկ, ովքեր սեփական ջանքը կգերադասեն մնացածից, բայց դա էական չէ»։

Նորանշանակ նախարարի անձի հետ կապված՝ շատ են այն մտավախությունները, որ երիտասարդ է, անփորձ, ոլորտից հեռու, այդ առումով ի՞նչ է մտածում։ «Պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ Լիլիթին ճանաչում եմ շատ վաղուց՝ արդեն 11-12 տարի, եւ այդ առումով սուբյեկտիվ եմ, մյուս կողմից էլ՝ այս հարցն օրերս քննարկում էի Հասմիկ Պապյանի հետ, ով նկատեց, որ Ավստրիայի նորընտիր վարչապետը 32 տարեկան է, իսկ Լիլիթը, եթե չեմ սխալվում՝ 35։ Երիտասարդ տարիքն էապես հնարավորություն է տալիս տարբեր կլիշեներից ազատ լինել, որը սերնդեսերունդ նստում է մարդկանց գիտակցության մեջ, իսկ փորձը կարելի է փոխլրացնել ուրիշների փորձով, ճկունությամբ եւ շահառու խմբերի հետ աշխատելու մարտավարությամբ, մարդկանց հետ շփվելու բարյացակամությամբ։ Այդ բարյացակամությունը բոլորի հանդեպ ես այսօր տեսա եւ հույս ունեմ՝ որոշակի արդյունքների կհասցնի։ Մշակույթը ես համարում եմ չափազանց լուրջ եւ չափազանց անտեսված ոլորտ մեր երկրում, որովհետեւ մշակույթը ցանկացած երկրի, առավել եւս՝ Հայաստանի համար էական նշանակություն ունի, քանի որ հեղաշրջման հենքը պիտի լինի գաղափարախոսությունը, որը հենց մշակույթն է ձեւավորում»։

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն իր խոսքում ընդգծում է, որ հանդիպումը բացառապես կազմակերպված էր «Կինոյի մասին» օրենքի նախագիծը քննարկելու համար, որը 15 տարի է արդեն՝ չի ընդունվում․ «Փոխվում են վարչակազմեր, նախարարներ, բայց այդ օրենքը տեղում է մնում։ Որեւէ տպավորություն նախարարից չունեմ, որովհետեւ առանձնապես չենք էլ շփվել, նա 2 ժամ ուշադիր լսում էր եւ գրառումներ անում։ Իսկ ինքը, կարծում եմ, մեզնից արդեն տպավորություններ ունի։ Անկեղծորեն ասեմ նաեւ՝ լավ կինո կլինի, թե ոչ, դա կապված չէ նախարարի հետ։ Անգամ հեչ կարեւոր չէ՝ նախարարություն կլինի, թե ոչ»։

Հանդիպման ընթացքում խոսել են կինոօրենքի անհրաժեշտության եւ ոլորտի ֆինանսավորման մեխանիզմներից։ Բաղդասարյանը կարծում է, որ դարձյալ կլինեն հանդիպումներ, քանի որ ոչ բոլորն են ներկա եղել, հիմնականում նրանք, ովքեր ինչ-որ կերպ առնչվել են օրենքի մշակման գործընթացներին։ «Ինչքան խորանա նախարարը, այնքան գլուխը կբռնի, որովհետեւ սարսափելի բարդ ոլորտ է, բայց եթե կոռուպցիոն մեխանիզմները փակվեն, մենք հնարավոր է նույնիսկ կինոյի տարեկան բյուջեն ավելացնենք»,- ասում է նա ու հավելում, որ արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանն էլ էր կարեւորում օրենքի առկայությունը, ուղղակի ներքին սաբոտաժ կար․ «Ուղարկում էինք մեր դիտողությունները, համաձայնում էին, բայց հետո դրանք նորից մեջից անհետանում էին, այսինքն՝ ոնց որ սաբոտաժի նման բան լիներ, որ տեղից օրենքը չէր շարժվում»։

Ըստ նրա՝ խնդիրն այն է, թե ինչով է այս օրենքը նպաստում հայկական կինոյի զարգացմանը, եթե ոչ մի կերպ, ապա ո՞ւմ է պետք այդ օրենքը։ «Դա հիմնականում արվում էր դրսից ներդրումներ բերելու համար, որպեսզի գան եւ այստեղ կինո նկարեն։ Ուրախ եմ դրա համար, բայց դա կարող է ընդամենը օրենսդրական կանոնակարգ լինել՝ ներդրումներին նպաստող։ Մենք էլի կողմ ենք, որ ներդրումներն ավելանան, բայց դա չի կարելի անվանել կինոօրենք։ Հայկական կինոտեսակը միջազգային կինոշուկայում հնչեցնելու համար պետք է լինես մրցունակ, կինո նկարեն մարդիկ, ովքեր կարողանում են կինո նկարել, այլ ոչ թե մարդիկ, ովքեր կարողանում են շատ լավ խոսել։ Ի վերջո, բոլորը եկան այն եզրակացության, որ սկզբից կանոնակարգ է պետք, հետո՝ նոր օրենք։ Հանձնարարվեց 20 օրվա մեջ ներկայացնել առաջարկներ։ Նախարարը համբերատար լռում էր, ուղղակի երբեմն ընդհատում էր նրանց, ովքեր ռեգլամենտից դուրս էին գալիս։ Մեկ էլ մի վատ բան կա․ նախարարը պետք է տարբերի նրանց, ովքեր տաղանդի իմիտացիա են անում։ Դա շատ վատ բան է, մի քիչ մշակութային կրթական ցենզ պիտի ունենաս, որ դա տեսնես, որովհետեւ կինոն ոչ թե խոսքի, այլ պատկերի արվեստ է։ Էկրանը պիտի ցույց տա ամեն ինչ»,- ասաց նա։

Օրվա վերջում հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, որտեղ նշված էր, որ հանդիպման ժամանակ նախարարի կողմից առաջարկվել է մինչեւ մայիսի 20-ը ներկայացնել առաջարկներ՝ Ազգային կինոկենտրոնի «Ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման» կանոնակարգի հետ կապված:

«Անցած մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, ունենալով կինոոլորտի բազմաթիվ միավորների առաջարկները՝ կապված այդ կանոնակարգի հետ, հետեւողականորեն մասնակցել է կանոնակարգի ստեղծման աշխատանքներին, որը, սակայն, մշակույթի նախարարության նախկինում ունեցած դիրքորոշումների պատճառով չի բարելավվել այնքան, որպեսզի բավարարի ոլորտի ներկայացուցիչներին, եւ դրվել է գործածության:

Ելնելով նախարարի առաջարկից՝ մենք նախաձեռնում ենք նոր աշխատանքային քննարկում՝ նախարարի կողմից առաջադրված համակարգողի մասնակցությամբ:

Արդյունավետ աշխատանքի համար ոլորտի ներկայացուցչական միավորներին առաջարկում ենք մինչեւ ս.թ. մայիսի 17-ի աշխատանքային օրվա ավարտը ներկայացնել 2-ական թեկնածու՝ աշխատանքային խմբում ընդգրկելու համար, որն առաջիկա երեք օրերի ընթացքում ինտենսիվորեն կաշխատի առկա նախագծի վրա՝ քննարկելով բոլոր մինչ այս արված եւ ներկայացվող առաջարկները, եւ վերջնական տարբերակը կներկայացնի ՀՀ մշակույթի նախարարին»,- ասված է հայտարարության մեջ:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X