Սերժ Սարգսյանի հսկողությա՞մբ, թե՞ ինքնահոսով

Տասն օր առաջ՝ մայիսի 7-ին, մի հոդված էինք հրապարակել «Հրապարակի» կայք-էջում՝ շեշտադրելով առնվազն երեք հանգամանք, որոնք հարկադրում են մտածել, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ շախմատային քայլեր է կատարում, որոնց սկիզբն ու ավարտը դեռ տեսանելի չեն, բայց նրա դերակատարությունը կասկածից դուրս է: Որքան էլ մարդկային զանգվածները փողոցներում ու հրապարակներում «Նիկոլ՝ վարչապետ» աղաղակեին, այդ օրերին իմ տպավորությունն այն էր, որ քաղաքական զարգացումների վրա գերիշխող ֆիգուրը մնում է Սերժ Սարգսյանը: Տասն օր անց էլ նույն կարծիքին եմ:

Այժմ արդեն փաստ է, որ «սիրո եւ համերաշխության հեղափոխություն» կոչված շարժման առաջնորդների, իրականացնողների, հետեւորդների, անգամ դիտորդների հաշվարկներն այն հիմնարար ու անկյունաքարային սպասման շուրջ, թե Սերժ Սարգսյանի հրաժարականով ՀՀԿ-ն կտրոհվի եւ ասպարեզից կվերանա, ինչպես ՀՀՇ-ն` 1998-ի իշխանափոխության օրերին, չիրականացան: Սպասումները, հաշվարկներն ու ծրագրերը տապալվեցին: ՀՀԿ-ն մնաց ասպարեզում` անսպասելի միասնական եւ կուռ, ինչը ստեղծեց բոլորովին նոր իրականություն` կատարելապես ներհակ վերլուծաբանների, քաղաքական ֆիգուրների, հեղափոխականների ուղեղներում իշխած կարծրատիպին ու սպասումներին:

Արդյունքում երկու շաբաթ առաջ ՀՀԿ-ի մահախոսականներ կարդացողներն այսօր հակահեղափոխությունից են խոսում, ինչն իրականությունը գիտակցելու նշան է: Իսկ իրականությունն այն է, որ հեղափոխություն, իշխանափոխություն ու չգիտես էլ ինչ ամպագոռգոռ եզրույթների հետեւում ունենք ՀՀԿ-ի իշխանության ներքո գործող փոքրամասնության կառավարություն, որի գործունեության տեւողությունը կախված է ինչպես սեփական ինքնադրսեւորումից, այնպես էլ վերջնահաշվում ՀՀԿ-ի կամքից:

Երկու հանելուկ, որոնց դժվար է գտնել բացատրություն

Հայաստանում կատարվածը, որը դեռ հասկանալի էլ չէ, թե ինչ է, ինչով կավարտվի եւ ինչ հետեւանք կունենա, միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կարելի կլինի ավարտված համարել եւ բացատրել կամ գնահատել: Ավելի վաղ դա հնարավոր է այն դեպքում, եթե ինչ-ինչ տեղեկություններից, արտահոսքերից ի վերջո հասկացվի, թե ինչ հանելուկով եւ ինչպես պատահեցին երկու երեւույթ:

Առաջինը. ինչպե՞ս պատահեց, որ տարաբնույթ ՀԿ-ները, որոնք ապրիլի 16-ից գեներացրին հանրահավաքային շարժումը` որպես անհնազանդության ակցիաների (չասելու համար` խաղաղ զանգվածային անկարգությունների) առաջամարտիկներ, հանկարծ մի պահից աննկատ ու անաղմուկ ետ քաշվեցին, տարրալուծվեցին ժխորի մեջ, ապա առհասարակ ասպարեզից անհետացան: Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելու պահին այլեւս ՀԿ-ի կամ քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ չէր մնացել տեսադաշտում:

Դիցուք, ՀԿ-ների ակտիվացումը ինքնաբուխ էր: Ի վերջո, հազիվ թե Հայաստանում գտնվի ՀԿ, որ իրավապաշտպան մի գործառույթ իրեն չվերապահի, հետեւաբար՝ շատ հավատարժան չէ, բայցեւ չես բացառի, որ ՀԿ-ները միաժամանակ ու համատարած ակտիվացան իրենց եւ այլոց իրավունքների պաշտպանության համար: Համարենք` այդպես է եղել:

Բայց ինքնաբուխ մեկնարկը ոչ մի կերպ չի օգնում բացատրել կառավարելի վերջաբանը: Ինչպե՞ս պատահեց ՀԿ-ների եւ այլեւայլ քաղաքացիական նախաձեռնությունների հանելուկային պասիվացումը, ապա ասպարեզից անհետանալը` համարյա վահանակից անջատելու էֆեկտով: Ընդ որում, Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց զգալիորեն վաղ: Ինչո՞ւ էր հարկավոր, որ հանրահավաքային շարժումը գեներացրած ՀԿ-ներն ու նախաձեռնությունները տարանջատվեն եւ առնչություն չունենան Փաշինյանի վարչապետության հետ: Առաջին եւ ամենահետաքրքիր հարցը սա է, որին առայժմ չկա պատասխան:

Ոստիկանությունը քաղաքացիների ակումբ չէ

Երկրորդ հանելուկն ու անպատասխան հարցը` ինչպե՞ս պատահեց, որ հանրահավաքային շարժմանը բացարձակապես չհակադրվեց պետության ուժը:

Ովքեր համարում են, թե ժողովրդի մեծամասշտաբ մասնակցությունը կաթվածահարեց պետությունը եւ ոստիկանությունը, ճշմարտությունից շատ են հեռանում: Երբ այստեղ-այնտեղ տասը-քսան հոգով փողոց են փակում, դրա կանխելը չի կարող որեւէ ոստիկանության համար խնդիր լինել: Անգամ Երեւանում մարդկանց մեծ կուտակումներ կանխելը տեխնիկապես չէր կարող բարդ լինել, քանի որ Հանրապետության հրապարակում մնացողներ չկային. ամենքը ուշ երեկոյան հեռանում էին: Հետեւաբար, ի՞նչ է. Հայաստանում ինչ-որ բան յուրահատո՞ւկ է, երկրագնդի մյուս ժողովուրդները քայլել, բղավել, ծափահարել չգիտե՞ն: Իհարկե՝ գիտեն, եւ խաղաղ ցույցեր ամենուր էլ տեղի են ունենում, դրանց արդյունքում պատահում են պաշտոնյաների, իշխանությունների հրաժարականներ, բայց չի պատահում այնպիսի շարունակություն, որ փողոցը կամ հրապարակը որոշի, թե ով իշխանության գա` առանց ընտրության:

Ասենք, մի երկու ամիս առաջ` մարտին, Սլովակիայում օրեր տեւած բազմահազարանոց բողոքի ցույցերի արդյունքում հրաժարական տվեց վարչապետը, որ այդ պաշտոնում էր 2006-ից ի վեր (մեկ-երկու տարվա ընդմիջումով): Բողոքի ալիքը բարձրացել էր մի լրագրողի սպանության պատճառով, որը հարսնացուի հետ գնդակահարվել էր սեփական տանը, իր հարսանյաց հանդեսից օրեր առաջ: Այդ լրագրողը հայտնի էր նրանով, որ իր հոդվածներում բացահայտել էր Սլովակիայի քաղաքական շրջանակների հետ սերտաճած գործարարների հարկային կեղծիքներն ու հանցանքները: Կատարվածը ցնցեց երկիրը, բողոքի ալիք բարձրացավ, ցույցեր տեղի ունեցան, վարչապետը հրաժարական տվեց: Բայց դրա արդյունքում խաղաղ ցույցերը չհավակնեցին եւ չվերածվեցին իշխանություն փոխելու ֆարսի, ինչպես Հայաստանում, որովհետեւ իշխանություն կարող են փոխել միայն ընտրությունները:

Իշխանություն փոխելու ցանկացած այլ ճանապարհ, ցանկացած պետությունում հակասահմանադրական է եւ հակաօրինական: Իհարկե, շարքային քաղաքացին կարող է մտածել` թող ուղին լինի թեկուզ հակասահմանադրական եւ հակաօրինական, միայն թե ատելի ուժից ազատվենք: Դիցուք, Հայաստանի դեպքում` ՀՀԿ-ից: Միեւնույն է՝ ՀՀԿ-ն վերարտադրվում է ընտրություններ կեղծելով, ինչի դեմ պայքարի օրինական մեթոդները վաղուց սպառվել են: Շարքային քաղաքացին իշխանության դեմ անհավասար պայքարում հազիվ թե մեթոդների մասին կմտածի, եթե արդյունքի հասնելու ճանապարհ է տեսել:

Բայց արի ու տես, որ ոստիկանությունը շարքային քաղաքացիների ակումբ չէ: Ոստիկանության գործը նույնիսկ մտածելը չէ, այլ սահմանադրական կարգ պահպանելը, ինչպես բանակի գործը դատողություններ անելը չէ, այլ սահման պաշտպանելը: Հետեւաբար, ի՞նչ հանելուկով է այնպես պատահում, որ ոստիկանությունը ոչ միայն ընդամենը տասը հոգու փակած փողոց չի բացում, այլեւ առանձին օրերի անգամ փողոցներում չի երեւում: Բոլորն էլ գիտակցում են, որ տասը-քսան հոգի հեռացնելու եւ փողոց բացելու համար ուժի, բռնության, հատուկ միջոցների կարիք չկա: Մի ջրցան մեքենա էլ փողոցով անցներ, այն կբացեր: Բայց ոչինչ չէր արվում, եւ կատարյալ հանելուկ է, թե ինչու:

Այդ ամենը պատահականությո՞ւն էր կամ զուգադիպությո՞ւն: Եթե ՀԿ-ների վրա Սերժ Սարգսյանն ազդեցություն չուներ, ապա Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ոստիկանության վրա անվերապահ ազդեցություն ուներ: Հետեւաբար, եթե ոստիկանության անգործությունն ինչ-որ պահից հաշվարկի մաս չէր, ապա ի՞նչ էր:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X