Հանրային հեռուստաընկերությունը չպետք է ենթարկվի քաղաքական թելադրանքի

ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը 1997-98թթ․ եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն։ Նրա հետ զրույցում անդրադարձ կատարեցինք նորանկախ Հայաստանում պրոֆեսիոնալ լրագրության կայացմանը, պետական ԶԼՄ-ների խնդիրներին։

-Որքանո՞վ է հաջողվել ազգային հեռուստատեսությանը հաղորդել անաչառ լրատվություն, բավարարել հեռուստադիտողի ակնկալիքները։

-Ես հեռուստատեսություն եկա գրավոր մամուլից, ունեի նաեւ դիվանագիտական որոշ փորձ: Երբ ինձ հրավիրեցին հեռուստատեսություն, այն ժամանակ Հայաստանում քաղաքական փոփոխությունների շրջան էր։ Լեւոն Տեր-Պետրոսյանը վարչապետի պաշտոնում նշանակել էր ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանին, որից կային սպասումներ: Հաջորդեց Ռոբերտ Քոչարյանը, որի ժամանակ էլ հայտնվեցի հեռուստատեսությունում։ Հեռուստատեսությունից ակնկալում էին լրատվական քաղաքականության փոփոխություններ։ Հեռուստատեսությունը ծանր մարմին էր՝ 1000-ից ավելի աշխատակիցներով, հին տեխնիկայով, լրատվությունը չէր բավարարում ժողովրդին, կար անվստահություն։ Ինձ նշանակեցին հեռուստատեսության տնօրեն, Արմեն Ամիրյանին՝ ռադիոյի տնօրեն, Տիգրան Հակոբյանին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն։ Եվ մենք փորձեցինք փոփոխություններ մտցնել լրատվության ոլորտում։ Միաժամանակ սկսել էր ռադիոհեռուստատեսությունը վերածելու բաժնետիրական ընկերությունների։ Այսինքն՝ մի կողմից ակնկալվում էր լրատվական քաղաքականության փոփոխություն, հասարակության վստահության աճ պետական ԶԼՄ-ների նկատմամբ, մյուս կողմից՝ ռադիոն եւ հեռուստատեսությունը վերածում էին ՓԲԸ-ների, ինչը հեշտ չէր եւ ուղեկցվում էր բազմաթիվ խնդիրներով։ Դրանք կապված էին անձնակազմի, տեխնիկական խնդիրների հետ։

Մենք փորձեցինք առաջնորդվել պրոֆեսիոնալ չափանիշներով։ Կար խնդիր՝ երկրի քաղաքական ղեկավարության եւ հասարակության միջեւ ստեղծել հաղորդակցության ուղիներ։ Միայն այդ միջոցով էր հնարավոր, որ հասարակության խնդիրները հասնեն պետական մարմիններին, պետական մարմինների քաղաքականությունն էլ հասկանալի լինեին հանրությանը։ Այն ժամանակ դա դժվար էր, քանի որ կային քարացած պատկերացումներ, գաղափարներ, կլիշեներ։ Պետական մարմինները սպասում էին, որ հիերարխիկ կարգով լուրերի մեջ սահմանվի հերթականություն՝ ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, ՍԴ նախագահ, կաթողիկոս։ Այսինքն՝ լուրերը պետք է հաղորդվեին այս հաջորդականությամբ։ Իսկ պրոֆեսիոնալ լրագրությունը չի կարող ենթարկվել այս հիերարխիային, քանի որ առաջին լուրը կարող էր վերաբերվել ոչ թե ՀՀ նախագահին, այլ՝ առօրյա, պետական ոլորտի հետ կապ չունեցող իրադարձության։ Դա կարող էր վերաբերել գործադուլի, աշխատավարձերի չվճարմանը եւ այլն։ «Վերեւինները» պատրաստ չէին ընկալելու պրոֆեսիոնալ լրագրությունը։ Ես այն ժամանակ ասում էի, որ եթե պետության ղեկավարությունը կարիք ունի, որպեսզի իր նկատմամբ աճի հանրային վստահությունը, ապա պետական լրատվամիջոցի դերը, որը սնվում է հենց պետբյուջեից, դա է՝ բացատրել պետության քաղաքականությունը հանրությանը եւ հանրության մտահոգությունները հասցնի պետությանը։ Թողեք, որ մենք պրոֆեսիոնալ ձեւով լուծենք այդ խնդիրը։ Իսկ դա հեշտ չէր, եւ միշտ չէ, որ բոլորի կողմից ճիշտ էր ընկալվում։ Այնուամենայնիվ, մենք կարողացանք ջարդել որոշ կլիշեներ։ Այն ժամանակ հիմնեցինք մամուլի հեռուստատեսային ակումբ, հրավիրում էինք տարբեր, այդ թվում՝ ընդդիմադիր ԶԼՄ-ների ղեկավարներին, որպեսզի նրանք արտահայտվեն։ Նրանք, ովքեր մինչ այդ չունեին ամբիոն, խոսելու հնարավորություն ստացան։ Եվ դրանք առաջին ծիլերն էին։ Դա հաջողվեց ինչ-որ առումով գրավիչ դարձնել ազգային հեռուստատեսության գլխավոր տեղեկատվական ծրագիրը։ Իհարկե, ժամանակը քիչ էր, որպեսզի հասնենք մեր ուզած արդյունքին։ Տարվա կեսին ներքին քաղաքական լարում առաջացավ իշխանության երկու թեւերի՝ երկրի նախագահի եւ կառավարության միջեւ, ինչն էլ ավարտվեց նախագահի հրաժարականով։ Եվ պետք է պատկերացնել, թե որքան բարդ էր հեռուստատեսության համար՝ լուծել իր առջեւ դրված խնդիրները։ Քայլ առ քայլ հաջողվեց հեռուստատեսությունը հասցնել ինչ-որ մակարդակի։ Ժամանակին նաեւ լրագրողների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման, տեխնիկական վերազինման խնդիր կար։ Շատերն այն ժամանակ լքել էին հեռուստատեսությունը տարբեր պատճառներով։ Դժվար էր ջարդել կարծրատիպերը, ժողովրդին ասել, որ վստահեն հեռուստատեսությանը։ Իսկ այդ վստահության հարցը երկար ժամանակ մնաց եւ այսօր էլ մնում է։ Պետության դերակատարները պետք է ըմբռնեն, որ այդ վստահության հիմքը պրոֆեսիոնալիզմն է, ոչ միայն խոսքի ազատությունը, այլեւ պատասխանատվությունը։

-Իսկ համացանցի ժամանակներում որքանո՞վ կարող են պահանջված լինել հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունները, որոնց նկատմամբ չկա բավարար վստահություն։

-Ամեն ինչ իր տեղն ունի։ Հիմա ստեղծվել է երկվություն։ Լուր ստանալու աղբյուրներն այսօր բազմաթիվ են, եւ օրեցօր այդ հնարավորությունները մեծանում են։ Մարդիկ այսօր կարող են հեռախոսի միջոցով ստանալ իրենց ուզած տեղեկատվությունը, պատկեր տեսնել, ձայն լսել։

-Իսկ ինչպե՞ս պետք է ջարդել կարծրատիպը, որպեսզի գոնե Հանրային հեռուստաընկերությունը դադարի ծառայել օրվա իշխանություններին, չլինի քարոզչամիջոց։

-Չպետք է ենթարկվի քաղաքական թելադրանքների, չափանիշը պետք է լինի միայն պրոֆեսիոնալիզմը։ Հասարակության եւ ընտրյալ իշխանության միջեւ երկխոսությունը պետք է տեղի ունենա ԶԼՄ-ների միջոցով։ Կա նաեւ հարցի մյուս կողմը՝ մամուլն օգտագործել քարոզչական եւ հակաքարոզչական նպատակներով: Տեղեկատվական աղբյուրների բազմազանությունն իր հետ նաեւ սպառնալիքներ է բերում՝ ուղղված քո երկրի եւ քո ազգային շահերի դեմ։ Մամուլը տնօրինողները եւ համապատասխան մարմինները պետք է ունակ լինեն դիմագրավելու այդ մարտահրավերմները։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X