Հրազդանի քաղաքապետարանում շունչները պահած սպասում են

Հրազդանի քաղաքապետարանում խառը իրավիճակ է՝ չնայած այն բանին, որ փորձում են ամեն ձեւով ցույց տալ, որ սովորականի պես աշխատում են, եւ քաղաքապետարանի ներսում լարվածություն չկա: Նրանք շունչները պահած սպասում են հետագա զարգացումներին: Նշենք, որ Հրազդանի քաղաքապետարանի դեմ մի շարք դատական գործեր կարճվել են, քանի որ ՀՀԿ-ական քաղաքապետը կարողացել է «լեզու գտնել» դատավորների հետ:

Մեզ հասած տեղեկություններով՝ Հրազդանի քաղաքապետարանի դեմ որոշ դատական գործերը այլ ընթացք կունենան: Հրազդանի քաղաքապետարանի հայց էր ներկայացրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: Հայցվորը խնդրում է Հրազդանի քաղաքապետարանից բռնագանձել 4 մլն 961 126 դրամ չվճարված գումարը եւ 99 222 դրամ նախապես վճարված պետական տուրքը: Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 20.11.2017-ին, գործի քննությունը դեռեւս չի ավարտվել:

Մեր տեղեկություններով՝ գործը կարճվելու դեպքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կդիմի վերաքննիչ դատարան: «Հազարաշեն» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Հրազդանի համայնքապետարանի՝ 570 000 դրամ պարտքի եւ 11 400 դրամ վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջի մասին դատական գործը վերաքննիչ դատարանը բավարարեց մասնակի: 2016թ.-ին Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի նախկին պետ Ռադիկ Հարությունյանի դիմումի հիման վրա Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1 մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը), այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: Սակայն որոշ ժամանակ անց այդ գործը կարճվեց:

Մեզ հասած տեղեկություններով՝ մոտ օրերս կարճված գործը նոր ընթացք կստանա: Արամ Դանիելյանը որքան էլ փորձի ջրից չոր դուրս գալ, այս անգամ նրան չի հաջողվի խուսափել պատախանատվությունից, քանի որ իր դեմ ցուցմունքներ կտան հենց քաղաքապետարանի աշխատակիցները: Չի բացառվում, որ որդու մահվան ելքով վրաերթն էլ հիշվի։

Մեկնաբանություն
X