Ինչո՞ւ է պառակտվում Տ. Ուրիխանյանի «Ալյանս» -ը. պատգամավորը նոր կուսակցությո՞ւն է հիմնում

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցության ներսում պառակտումներ են սկսվել: Երեկ կուսակցության վարչության մի խումբ անդամներ և կուսակցության Գյումրու կառույցն ամբողջությամբ հայտարարեցին, որ որոշել են դադարեցնել անդամակցությունը և դուրս գալ «Ալյանս» կուսակցության շարքերից՝ ելնելով նրանում տիրող անարժանապատիվ, անարդար և անազնիվ մթնոլորտից։ Ավելին՝ ցանկություն են հայտնել անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը ժամանակին՝ 2012–2015 թթ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակն էր:

2015թ-ի փետրվարյան աղմկոտ իրադարձություններից հետո նա լքեց ԲՀԿ-ն եւ հիմնեց իր կուսակցությունը, որին անդամակցեցին մի շարք նախկին ԲՀԿ-ականներ: Ինչո՞ւ հատկապես կուսակցության Գյումրու կառույցն է հրաժարվում «Ալյանս»-ից, եւ ի՞նչ անազնիվ մթնոլորտի մասին է խոսքը: Թվում էր՝ «Ալյանս»-ն այստեղ կայուն թիմ է ձևավորել, քանի որ 2016 թ-ի ՏԻՄ ընտրություններին առաջինը գրանցվեց՝ մասնակցելու համար: Առաջադրեց քաղաքապետի իր թեկնածուին՝ Արմեն Բադալյանին:

Հենց նրանից էլ փորձեցինք հետաքրքրվել՝ ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը. «Ես «Համահայկական կոնգրես» կոչվող բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով եմ առաջադրվել եւ ցուցակում առաջին համարը եղել: Կարծում եմ այդ հայտարարությունների պատասխանատուն կառույցի ղեկավարն է»,-ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ վաղուց չի շփվել կուսակցության անդամների հետ, դժվարացավ անգամ ասել, թե ո՞վ է կառույցի ղեկավարը: Գյումրու «Ալյանս» կուսակցության կառույցի գրասենյակի դուռը կողպված էր:

Քաղաքացիներն ասացին, որ այն հազվադեպ են բացում: Մեզ այդպես էլ կառույցի ղեկավարի անուն-ազգանունը հստակ ճշտել չհաջողվեց, մի քանիսն ասացին Կարեն Հակոբյանն է, ոմանք էլ վստահեցնում էին, թե Վարդան Ղազարյանն է: Զանգահարեցինք «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանին: Մամուլի խոսնակը մեր հարցին ի պատասխան՝ անակնկալ կերպով ասաց. «Կուսակցության հետ կապված բոլոր հարցերով դիմեք պարոն Ուրիխանյանին»:

Հետաքրքիր է՝ այս դեպքում որն է մամուլի խոսնակի գործառույթը եւ նրան կուսակցությանը վերաբերող հարցերից բացի, ի՞նչ հարցով պետք է դիմեինք: «Ալյանս» կուսակցության հիմնադիր-նախագահ Տիգրան Ուրիխանյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Մեզ հետաքրքրեց նաև Գյումրու ԲՀԿ կառույցի ղեկավարի տեսակետը: «Ես նոր եմ իմացել այդ մասին, բայց մինչև մեր կուսակցության ղեկավարի հետ այդ հարցերը չհամաձայնեցնեն մեզ չեն կարող դիմել: Դա քաղաքական ուժեր են, որտեղ որոշում պիտի կայացնեն ղեկավարները:

Բնականաբար, «Ալյանս» կուսակցության նախագահ պարոն Ուրիխանյանը Ծառուկյան խմբակցության պատգամավոր է, բայց ամեն դեպքում կուսակցության ղեկավարները պիտի հարցը քննարկեն եւ որոշումից հետո մեզ տեղյակ պահեն»,-ասաց Գյումրու ԲՀԿ կառույցի ղեկավար Արմեն Բադեյանը: Մեր հարցին, թե նրանցից շատերը ժամանակին ԲՀԿ անդամ էին եւ նրանց պահվածքը չի դիտարկվում որպես «Անառակ որդու վերադարձը», պատասխանեց. «Ովքե՞ր են կոնկրետ ԲՀԿ անդամ եղել, ես երբեք չեմ հետաքրքրվել իրենց անդամներով»:

«Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանն էլ պարզաբանում է․

««Ալյանս» կուսակցության ներսում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հայտնում ենք, որ «Ալյանս»-ի վարչությունը այս պահին ակտիվորեն իրականացնում է տարածքային կառույցների և կուսակցության մյուս մարմինների խոշորացման գործընթաց: Կուսակցությանն անդամագրվում են բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում հանրությանը չափազանց հայտնի մարդիկ, որոնց անունները շուտով կհրապարակվեն «Ալյանս»-ի արտահերթ համագումարին: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ մենք ողջունում ենք մեր Գյումրու գործընկերների և վարչության մի քանի նախկին անդամների որոշումը ԲՀԿ-ին անդամագրվելու վերաբերյալ:

«Ալյանս»-ն ամբողջությամբ «Ծառուկյան» դաշինքի մաս է, իրականացնում է դաշինքի քաղաքական կուրսն, իսկ «Ալյանս»-ի ներկայացուցիչ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ծառուկյան» խմբակցության անդամ է և շարունակում է իր մշտական գործունեությունը բացառապես ժողովրդական շահի շրջանակներում: Հետևաբար, մենք, որպես ԲՀԿ-ի հետ դաշինք կազմած կուսակցություն, մեծ տարբերություն չենք տեսնում նրանում, թե մեր նախկին գործընկերները ժողովրդին ծառայեն «Ալյանս»-ի, թե «Ալյանս»-ի դաշնակից ԲՀԿ-ի շարքերում: Իսկ մեր ներկայացուցիչ պատգամավոր Ուրիխանյանը «Ալյանս»-ի վարչության անդամ է, ու որևէ այլ թեմա այդ հարցում գոյություն չունի ու չի էլ կարող լինել մինչև հաջորդ ընտրություններ, որոնց մասնակցության ձևաչափը կորոշվի առաջին հերթին «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի հետ քննարկման արդյունքում»։

Հ․Գ․ Ավելացնենք նաեւ, որ մեզ հասած տեղեկություններով, Տիգրան Ուրիխանյանը բանակցում է քաղաքական պրոցեսներից դուրս մղված տարբեր անձանց հետ՝ նոր կուսակցություն ձեւավորելու ծրագրով։ Փաստորեն, ինքն էլ է որոշել հրաժարվել «Ալյանսից»։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X