Չափավորել սպասումները

Ով չի ծուլանում՝ բաց նամակ է հղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեղափոխությունը ջրի երես է հանել գաղտնագետների, պայծառատեսների եւ ռոմանտիկների մի խավ, որ սեփական մոտեցումները եւ ընկալումները վերին ճշմարտություն է համարում եւ նորանշանակ վարչապետին հորդորում ականջալուր լինել իր ձգտումներին: Նա գտնում է, որ հակառակ դեպքում հեղափոխության հաղթանակը կատարյալ չի լինի:Այս տեսակետից հատկապես մտահոգիչ են Արցախի հարցի շուրջ առավելապաշտական մտավարժանքները:

Մեկն, օրինակ, վարչապետին խորհուրդ է տալիս բանակցություններում փոխզիջում ներկայացնել, որ Դաշտային Ղարաբաղը Գանձակ քաղաքով մնում է Ադրբեջանին, Հայաստանը չի բարձրացնում Նախիջեւանի խնդիրը: Հեղինակն, իհարկե, առաջնորդվել է անկեղծ զգացմունքներով: Բայց հենց դա էլ ամենավտանգավորն է՝ երբ նոր իշխանության ուսերին է բարդվում ապրիորի անիրականանալի նպատակ, երեւույթ, որի հակառակ երեսը խիստ հիասթափությունը միայն կլինի, որովհետեւ ակնհայտ է, որ այդ հիմքով ոչ մի բանակցություն չի լինելու:

Նախորդ իշխանությունը ԼՂ հարցում անկեղծ չէր: Արտաքին շփումներում հանդես էր գալիս փոխզիջումային կարգավորման օգտին, իսկ ներքին կյանքում գեներացնում տեսակետ, որ ոչ մի կարգավորում էլ պետք չէ, մենք մեր խնդիրը լուծել ենք: Նորերն առայժմ կոնցեպտուալ մոտեցում չեն հրապարակել, հայտնի չէ՝ եթե վաղը կազմակերպվի Փաշինյան-Ալիեւ հանդիպում, Հայաստանը մնալու՞ է նախկին տեսակետին, թե՞ սկզբունքորեն նոր մոտեցում է որդեգրելու:

Անշուշտ, քանի դեռ կառավարության ծրագիրը հաստատված չէ, չենք կարող այդ իմաստով դատողություններ անել: Բայց մի բան պետք է պարզ լինի՝ կառավարությունը պարտավոր է չափավորել սպասումները: Ավելի լավ է այսօր որոշակի վարկանիշային կորուստներ ունենալ, քան վաղը բախվել հասարակության անընկալունակությանը:

Գերխնդիր է, որպեսզի Հայաստանում ձեւավորվի հանրային կոնսենսուս, որ Արցախի հարցի խաղաղ-դիվանագիտական կարգավորումը ենթադրում է համարժեք փոխզիջումներ, որ եթե բանակցությունները ձախողվեն, ապա վտանգվելու է թավշյա հեղափոխության ապագան: Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի վարչապետի մեկ, առավելապես արարողակարգային հանդիպումից, Նիկոլ Փաշինյանին հասցեագրած ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձից չարժե աշխարհաքաղաքական բարենպաստ միջավայրի պատրանք ունենալ:

Սպասումները պետք է չափավորել:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X