Լրագրային շանսոն` Live

Իմ սիրելի եւ հպարտ հայ ժողովուրդ, հո քնած չե՞ք: Ես գիտեմ, որ մայիսի 8-ից հետո ձեր ամեն բարի լույսը բացվում է իմ ուղիղ եթերով: Եվ, ուրեմն` բարի լույս: Սոչիից նոր եմ վերադարձել ու համարյա չեմ քնել: Նայեցի հայելու մեջ եւ տեսա, որ մորուքս երկարել է, բայց, որպեսզի կտրեի, պետք է քայլ անեի դեպի խոհանոց եւ գտնեի մկրատը, իսկ դա կարող էր ընդհատել մեր հաղորդակցությունը, եւ ես որոշեցի չընդհատել: Այժմ ես քայլում եմ դեպի իմ նոր բնակարանի սանհանգույցը, որպեսզի ձեզ ցույց տամ, թե ինչ կա այնտեղ: Ահա, սա… ահա, սա… վայ, կներեք, էլի, ես մի քանի վայրկյանով ստիպված եմ լքել ուղիղ եթերը, հասկացաք երեւի, հենց վերջացնեմ, սանհանգույցիս դռները լայն կբացեմ ձեր առջեւ, որովհետեւ թափանցիկությունից լավ բան չկա աշխարհում: Ես հեռախոսը կդնեմ սեղանին, իսկ դուք մնացեք իմ ալիքում, մինչեւ դուրս գամ, քանի որ կարեւոր բան ունեմ փոխանցելու այն մասին, թե մենք ինչ քայլեր պետք է անենք Սոչի կատարած իմ այցից հետո…

Եվ այսպես, ինչպես տեսնում եք, ես վերջացրեցի, եւ այժմ կարող ենք միասին մտնել սանհանգույց: Այդ ընթացքում, մինչեւ դուք կդիտեք իմ սանհանգույցը, որը ես մերժեցի տալ Սերժին, ես ձեզ կպատմեմ Պուտինի մասին: Պետք է ասեմ, որ սատանան ավելի վախենալու չէ, քան մենք ենք պատկերացնում: Նա ինձ վրա բավականին լավ տպավորություն թողեց, իսկ երբ ես նրան շնորհակալություն հայտնեցի Հայաստանի այս օրերի գործերին չմիջամտելու համար, նա հպարտությունից ուղղակի փայլում էր: Ես գիտեի, որ դա անպայման կնկատի Դոնալդ Թրամփը եւ կմեղմացնի պատժամիջոցները, որից առաջին հերթին կշահենք մենք: Եվ, ուրեմն` քայլ անենք, պահենք Պուտինին, որ նա էլ, այսինքն` Ռուսաստանն էլ պահի մեզ ու մեր անվտանգությունը:

Դուք երեւի տեսնում եք, որ զուգարանակոնքի կափարիչը պետք է փոխվի, որովհետեւ մի կողմից դուրս է ընկել եւ լավ չի փակվում: Կարծում եմ՝ հիմա, երբ կառավարությունը կազմավորվել է, կարելի է նաեւ դրանով զբաղվել, թեեւ ես մտադիր եմ շատ արագ ծրագիր գրել:

Այս օրերին, սիրելի եւ հպարտ իմ ժողովուրդ, շատ են խոսակցություններն այն մասին, որ իմ աներձագն ու սանիկն առաջ են քաշվել, առաջինը դարձել է պատգամավոր, իսկ վերջինը` նախարար: Պետք է ասեմ, որ այդ խոսակցությունները տարածում են մեր լավը չուզողները, որովհետեւ, ինչպես հարթակից ասել եմ, ես ձեզնից մեկն եմ, եւ, ուրեմն` իմ աներձագը ձեր աներձագն է, իմ սանիկը` ձեր սանիկը:

Քիչ առաջ ես նայեցի ժամացույցին եւ նկատեցի, որ ժամանակն է գործի գնալու: Մեքենան երեւի եկել է եւ սպասում է ինձ, որ տանի իմ նստավայրը: Ես ձեզ խոստանում եմ, որ մի անգամ էլ ուղիղ եթեր կմտնեմ մեքենայիս միջից, որպեսզի ցույց տամ ինտերիերը, վարորդիս ու անձնակազմի մյուս անդամներին, որոնց հետ պատիվ ունեմ երթեւեկելու: Հիմա կարող եմ ասել միայն, որ շատ լավ ավտոմեքենա է` էժան եւ որակով:

Եվ, ուրեմն, ես հագնվեմ ու դուրս գամ, իսկ դուք, մինչեւ իմ հաջորդ ուղիղ եթերը, միացեք մեր նախարարների ուղիղ եթերներին եւ ծանոթացեք օրվա կարեւոր իրադարձություններին: Շատ կարեւոր օրեր են: Մենք որոշել ենք աչալուրջ հանձնում-ընդունում կազմակերպել, որպեսզի նախկին նախարարները մեզ կոտրված եւ շարքից դուրս եկած գույք չփոխանցեն: Իսկ ինչ վերաբերում է Հրանուշ Հակոբյանի փակ սենյակին, ապա, անակնկալներից զերծ մնալու նպատակով, ես որոշել եմ տիկին Հակոբյանին հրավիրել «բացման» արարողությանը:

Եվ, ուրեմն, ես գնացի: Օրվա ընթացքում տեղում կլինեմ, իսկ ծայրահեղ դեպքում` տարածքում: Չքաշվեք, ձեզ մտահոգող հարցերով կարող եք դիմել պահակակետ եւ վստահ եղեք, որ ձեր ոչ մի խնդիր անպատասխան չի մնա:

Եվ վերջում մի հայտարարություն` նրանք, ովքեր այս օրերին ճանապարհ կփակեն, շենքեր կշրջափակեն կամ պաշտոնյաների կշուրջկալեն, մեր շարժման հետ ոչ մի կապ չունեն: Ես այդ մասին տեղեկացրել եմ պարոն Օսիպյանին, եւ նա արդեն գիտի, թե ինչ պետք է անել:

Այսքանը: Մինչ նոր եթեր:

Սղագրեց Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Մեկնաբանություն
X