Եթե գիտխորհուրդն է ինձ ընտրել, ո՞նց եմ Սերժի դրածոն

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում դեկանի ընտրություններին ընդառաջ անառողջ խմորումներ են հասունացել։ Բանն այն է, որ ամսի 22-ին տեղի են ունենալու նոր դեկանի ընտրությունները, որին դարձյալ հավակնում է 2000թ․-ից ֆակուլտետը ղեկավարող 76-ամյա Արծրուն Ավագյանը։ Ինչպես ահազանգեցին մի շարք դասախոսներ, Ավագյանին դեկանի պաշտոնում այլեւս չի ուզում տեսնել ո՛չ ֆակուլտետը, ո՛չ էլ անգամ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նախօրեին կանչել է Ավագյանին եւ հորդորել հանել իր թեկնածությունը, բայց ստացել է դեկանի կտրուկ մերժումը։

Ամբիոններից երկուսն այս պահին առաջադրել են հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանի թեկնածությունը, ով 5 տարի է արդեն՝ ամբիոնի վարիչ է եւ, ըստ դասախոսների, ամբիոնը ոտքի է կանգնեցրել։ «Ավետիսյանի շնորհիվ մենք ունենք մագիստրատուրա։ Էս մարդը (Ավագյանը) չի պայքարում ֆակուլտետի համար։ Ավելին՝ եթե առաջ դիպլոմում գրվում էր հայոց լեզվի եւ գրականության մասնագետ, ինչպես նաեւ մանկավարժի որակավորում, հիմա Մանկավարժականը ստիպել է, որ մանկավարժը հանի, ու բոլորը գնում են մանկավարժական։

Մենք այս տարի առաջին անգամ 30-35 թափուր տեղ ենք ունեցել։ Իսկ որպեսզի այդ տողը դիպլոմում ավելացվի, ասել է՝ 100-200 հազար պիտի մուծեք, որ կազմակերպեն մեթոդական մանկավարժական դասընթացներ՝ դա ավելացնելու համար։ Ինքը Սերժի դրածոն է, ով կառչած է իր աթոռին եւ գիտելիք չի տալիս։ Ինչ ուզում, անում է, գիտխորհրդով անցկացրել է զրո ձայն ստացած մեկին ու կարգել ամբիոնի վարիչ։ Այս մարդու օրոք անընդհատ ֆակուլտետը հետ է գնացել։ 5 տարի շարունակ անօրինական գիտխորհուրդ է պահել` 24 հոգուց բաղկացած, որ պետք է լինի 36 հոգի։

Այդպես է արել, որպեսզի իր առավելությունը պահպանի իր մարդկանց միջոցով եւ ում ուզենա, անցկացնի։ Համամասնություն պետք է լինի, որը պահպանված չէ, 35 հոգանոց ամբիոնից ընդգրկել է ոչ թե 6, այլ 3 հոգի, 5 հոգանոց ամբիոնից` 2 հոգի, ուսանողները 7 հոգի պիտի լինեին, բայց 5 հոգի է ընդգրկել: Այսինքն՝ ինչ ուզել, արել է մինչ հիմա։

Գիտխորհրդի կազմը չի տարել հաստատման ռեկտորի մոտ, ով վերջերս է բացահայտել դա, ու այդպես 5 տարի աշխատել են։ Գիտխորհրդի կազմում պահում է նախկին ամբիոնի վարիչներին, ովքեր պետք է դուրս գային գիտխորհրդից, բայց պահում է, որովհետեւ իր սերնդի մարդիկ են՝ 70-80 տարեկան, որպեսզի իր կողքը կանգնեն եւ իր ուզածն անցկացնեն»,- դեկան Արծրուն Ավագյանի մասին անկեղծացան դասախոսները, ովքեր չցանկացան ներկայանալ։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է բանասիրական ֆակուլտետի շուրջ ստեղծված վիճակից, նշեց, որ արդեն նոր գիտխորհուրդներ են կազմվում եւ ոչ միայն բանասիրականում․ «Բոլոր այն ֆակուլտետներում, որտեղ կա թեկուզ 1-2 հոգու խախտում՝ կապված խորհրդի կանոնակարգի հետ։ Գիտխորհուրդը կորոշի, 2 հոգի է՝ կլինի ալտերնատիվ ընտրություն, ում ուզում են, թող գնան ընտրեն, եթե չեն ուզում մեկին, թող այդ մեծ մասը գնան ընտրեն մյուսին։ Այնպես որ՝ որեւէ խնդիր այստեղ չկա, ընտրություն է, թող ընտրեն նրան, ով իրենց համար ընդունելի է»։

Այն, որ օրենքով սահմանված տարիքային շեմ չկա նման դեպքերում, Արամ Սիմոնյանը չի թաքցնում իր դժգոհությունը։ «Որովհետեւ օրենքի նախագիծը տակով արեցին, հետաձգեցին, մինչդեռ այդ օրենքի նախագծում հստակ գրված էր այդ տարիքային սահմանափակումը։ ԱԺ-ում մեծ քննարկումներից հետո նախագիծը մերժվեց եւ ուղարկվեց կառավարություն»,-ասում է նա ու ընդգծում, որ անհրաժեշտ է համարում որոշակի տարիքային շեմի սահմանափակումը։

Արամ Սիմոնյանը հաստատեց այն տեղեկությունը, որ հորդորել է Արծրուն Ավագյանին հանել իր թեկնածությունը եւ նորից չառաջադրվել․ «Ինքը հրաժարվեց, ասաց, որ իրեն պաշտպանողներն ամբիոնից շատ են, եւ, իսկապես՝ ամբիոնների մեծ մասն իրեն առաջադրել են, դե, եթե առաջադրել են, թող գնան պաշտպանեն։ Մյուս թեկնածուին էլ, կարծեմ, առաջադրել են 2 ամբիոն, նա էլ պետք է պայքարի, որպեսզի ապացուցի, որ իր ծրագրերով կարող է լինել դեկան։ Դեկանի ընտրությունը ֆակուլտետի գործն է, այդտեղ ռեկտորատը չի կարող խառնվել, դա ընտրություն է»։ Ինչի՞ց ելնելով է հորդորել Ավագյանին չառաջադրել թեկնածությունը, միայն տարիքի՞ց, թե՞ կան նաեւ այլ թերացումներ։ «Միայն տարիքից, ես գտնում եմ, որ այդ տարիքում կարելի էր եւ չառաջադրվել»։

Ինչ վերաբերում է գիտխորհրդի կազմին, որը փաստացի, ստացվում է՝ 5 տարի շարունակ գործել է անօրինական, 36-ի փոխարեն 24 հոգանոց կազմով, ապա Սիմոնյանն ասաց․ «Էդպես չի եղել, էն ժամանակ ընտրությունը մի քիչ ուրիշ էր, ավելի ճիշտ՝ հին կանոնակարգով է այդ գիտխորհուրդը գործել, նոր կանոնակարգով որպեսզի մենք համամասնությունը պահպանենք ամբիոնների, ստիպված՝ թիվը մեծանում է եւ դարձել է 36։

Այդ թիվը ստանդարտ չէ, դա կապված է մշտական աշխատող դասախոսների թվի հետ, մի ֆակուլտետում կարող է լինել 17 հոգի, մեկ ուրիշ տեղ՝ 40 հոգի։ Եվ, ըստ այդմ, եթե այդպիսի թերություններ կան, նայում ենք եւ, կանոնակարգի համաձայն, ուղղում ենք։ Ամսի 22-ին նոր գիտխորհուրդ է լինելու, որը գնալու է ընտրելու»։

Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ փոփոխություններ պետք է լինեն, դրանք նույնիսկ անհրաժեշտ են․ «Բայց երբեմն ինչ-ինչ հանգամանքներ դրդում են, որ դու, անկախ քո կամքից, պատնեշի ես դեմ առնում, ո՛չ մասնագիտական կամ պրոֆեսիոնալ, այլ՝ բարոյական, հոգեբանական, եւ չես ուզում շարունակել։ Հիմա ես այդ կարգավիճակում եմ»։

Նա չբացառեց, որ հնարավոր է ինքնաբացարկ հայտնի․ «Եթե այսպես շարունակվի, չեմ ուզում բացատրել, թե ինչպես, ես ինքնաբացարկ եմ հայտարարելու, որովհետեւ, եթե մարդը 76 տարեկանում ուզում է անպայման մնալ իր պոստում ու 18 տարի շարունակ մնացել է, թող գնա՝ մինչեւ 82 տարեկանը մնա»։ Իսկ նորացված գիտխորհրդի կազմը թույլ կտա՞ քանդել կարծրացած «ավանդույթները»։ Ավետիսյանը նկատում է, որ կրթական համակարգում արմատները բավականին խորն են, եւ դրանք արմատախիլ անելը շատ դժվար է։

Ի վերջո, ո՞րն է պատճառը, որ ֆակուլտետը 18 տարի ղեկավարելուց հետո դարձյալ ուզում է առաջադրվել դեկանի պաշտոնում, ԵՊՀ բանասիրականի դեկան Արծրուն Ավագյանը մեր հարցին հարցով պատասխանեց․ «Որեւէ օրենք արգելո՞ւմ է ինձ, որպեսզի չդիմեմ։ Դե, ուրեմն ես էլ դիմել եմ»։

Այն, որ «քանդել է ֆակուլտետը», իր մարդկանց է նշանակում տարբեր պաշտոններում, նա բամբասանք է համարում։ Ինչ վերաբերում է գիտխորհրդի կազմին, եւ ինչու է 5 տարի շարունակ այն գործել 24 հոգանոց կազմով, ասաց․ «Որովհետեւ նախկինում էդպես է եղել, ես ուրիշ հրաման չեմ ստացել, դրա համար էլ էդպես գործել ենք։ Հիմա 10 մարդ ավել, 5 մարդ պակաս, դա ի՞նչ էական նշանակություն ունի, այդ գիտխորհուրդը նորմալ գործել, նիստեր է արել։ Նախկին հրամանից հետո ես որեւէ նոր հրաման չէի ստացել, որ փոփոխություն անեի»։

Իսկ ինչո՞վ է բացատրում իր անձի եւ առաջադրման շուրջ բացասական վերաբերմունքը։ Ավագյանն ասաց․ «Իսկ նման մարդ կա՞, որ բոլորը բոլորին կողմ են, ինչ-որ մի զանգված էլ հնարավոր է դեմ լինի, բայց դա նշանակում է, որ այդ զանգվա՞ծն է ճիշտը։ Որեւէ արտառոց բան եղե՞լ է ֆակուլտետում՝ նորմալ գործել է։ Ես որեւէ խնդիր չեմ տեսնում, որովհետեւ օրենքը թույլ է տալիս, ես էլ դիմել եմ»։

Այն, որ 2 ամբիոն առաջադրել է Յուրի Ավետիսյանի թեկնածությունը, դեկանն ասաց, որ եթե նրան 6 ամբիոնից 2-ն են առաջադրել, ապա 6 ամբիոնից 6-ն էլ իրեն են առաջադրել․ «Բոլոր ամբիոններն ինձ ներկայացրել են, իսկ եթե ես վատ եմ աշխատում, ինչո՞ւ են բոլոր ամբիոններն ինձ ներկայացրել»։ Այդ դեպքում ինչո՞վ է բացատրում, որ ռեկտորն էլ է դեմ իր առաջադրմանը։ «Դե, հիմա ռեկտորն էլ իրավունք ունի իր հայացքներն ունենալու, ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում»։

Դեկանի պաշտոնում իր «երկարակեցությունը» բացատրում են Սերժ Սարգսյանի հովանավորյալը լինելով, անգամ համարում են նրա դրածոն։ Ավագյանն ասաց․ «Օրինակ, ո՞նց է ինքն ինձ դրել, եթե գիտխորհուրդն է ինձ ընտրել, ո՞նց եմ նրա դրածոն, կարո՞ղ եք ինձ բացատրել»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X