Ինչու է անհրաժեշտ ստվերի կրճատումը

Ժողովրդական հեղափոխությունն այլեւս իրողություն է, եւ ժողովրդի կողմից առաջադրված թենածու Ն․ Փաշինյանը՝ ՀՀ նորընտիր վարչապետ։ Միեւնույն ժամանակ հասարակությունը խստապահանջ է եւ ակնկալում է արագ ու շոշափելի արդյունքներ հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում։ Այս համատեքստում հույժ կարեւոր է վարչապետի խոստումն օր առաջ տնտեսության ստվերային մասի զգալի կրճատման վերաբերյալ։ Եվ չնայած վարչապետի հանձնարարականը ՊԵԿ նախագահին՝ մաքսային ոլորտում կամայականությունների բացառման վերաբերյալ, արդեն իսկ սկսել է իրագործվել, այնուամենայնիվ, տնտեսության ստվերի վերացման ուղղությամբ անհրաժեշտ է նաեւ հասարակության պատրաստակամությունը, քանի որ այն տարիներ շարունակ գործել է այլ կանոններով։ Այս առումով զուր չէ մասնագիտորեն ներկայացնել մի քանի առավելություններ, որոնք կտան ստվերային տնտեսության վերացումը կամ էական կրճատումը։

Առավելություն 1․ Հասարակության սոցիալական բեռի թեթեւացում։ Տարբեր միջազգային մասնագիտացված կառույցների գնահատումներով՝ ՀՀ-ում տնտեսության ընդհուպ կեսը գործում է ստվերում։ Ակնհայտ է, որ ստվերի էական կրճատման եւ հարկային մուտքերի հոսքի պայմաններում առավել արդյունավետ կսկսի իրագործվել պետության սոցիալական գործառույթը։ Կառավարությունը հնարավորություն կստանա վերանայել կենսաթոշակները, նպաստները եւ պետական աշխատավարձերը՝ վերջինով ազդելով նաեւ ընդհանուր աշխատաշուկայի վրա։

Առավելություն 2․ Բիզնեսի համար հավասար պայմանների ստեղծում։ Ստվերային տնտեսության պայմաններում տարբեր տնտեսվարողներ ստվերի պահպանման համար կատարում են տարբեր ծախսեր։ Օրինակ՝ եթե մեկն ստիպված էր հարկային կամ մաքսային մարմիններին վճարել ոչ ձեւակերպված որոշակի գումարներ, ապա մյուսը ստվերը պահպանում էր իր անձնական կապերի շնորհիվ։ Հետեւաբար, ստվերի էական կրճատումը բոլոր տնտեսվարողներին կբերի հավասար հարկային դաշտ։

Առավելություն 3․ Պետության ֆիսկալ գործառույթի լիարժեք կիրառում։ Բիզնեսի ամբողջական հարկումը թույլ կտա կառավարությանը իրականացնել բիզնեսի խթանման նպատակով հարկաբյուջետային գործիքների լիարժեք կիրառում, այդ թվում՝ հարկային դրույքաչափերի կամ հարկման բազաների վերանայում։

Առավելություն 4․ Արտաքին պարտքի տեսքով ռեսուրսների ներգրավման անհրաժեշտության նվազում։ ՀՀ 2018թ․ բյուջեի նախագծով բյուջեի դեֆիցիտը կազմում է բյուջետային մուտքերի մոտ 12 տոկոսը, հետեւաբար, ստվերի հնարավոր չափի հաշվառմամբ, իրատեսական է ակնկալել գոնե արտաքին աղբյուրներից ներգրավվող միջոցների էական նվազումը։

Իհարկե, բացի վերոնշյալ առավելություններից, կան այլ բազմաթիվ առավելություններ։ Առհասարակ, ստվերի էական կրճատումը նպաստում է տնտեսական, հետեւաբար եւ՝ ազգային անվտանգության ամրապնդմանը։ Ստվերի կրճատումը բազմաքայլ գործընթաց է ՀՆԱ ձեւավորման բոլոր փուլերում։ Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ կառավարության ջանքերը՝ ուղղված ստվերի կրճատմանը, պետք է լինեն համակարգված եւ քայլերի ճիշտ հերթականությամբ՝ ապրանքների ու ծառայությունների շուկայում գներին եւ, առհասարակ, բիզնեսին նվազագույն վնաս հասցնելու առաջնահերթությամբ պայմանավորված։

Մհեր ՓԱՐՎԱՆՅԱՆ | «Փարվանյան քոնսալթինգ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն

Մեկնաբանություն
X