Համեմատություններ «մայկա-տրուսիկի» շուրջ

Ընդամենը երեք օր առաջ է Նիկոլ Փաշինյանն այցելել պաշտպանության նախարարություն, եւ արդեն հայկական բանակում «իրավիճակ է փոխվել»։ Ժամկետային զինծառայողները զանգում են ծնողներին եւ փոխանցում իրենց հրամանատարների հորդորը՝ տնից ոչինչ չուղարկել։ Պարզ խոսել բջջային հեռախոսներով տղաները չեն կարողանում, քանի որ դրանք կարող են լսվել հակառակորդի կողմից, եւ տղաները հասկացնում են՝ ով ինչպես կարող է։ Մեկն ասում է․ «Էն, որ միշտ անում էիք, հիմա պետք չի»։

Մյուսը, թե՝ «ամեն ինչ ունենք, տվել են, հանկարծ վրաս խոսակցություն չբերեք»։ Այս մասին մեզ պատմեցին զինծառայողների ծնողները։ Փաստորեն, ընդամենը երեք օրը բավարար էր՝ զորամասերի հրամանատարներին ստիպելու, որ էլեմենտար պարագաներով, «մայկա-տրուսիկով» ապահովեն զինծառայողներին։ Սրա հետ կապված՝ հիշեցինք պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի դիտարկումը նույն «տրուսիկ-մայկայի» շուրջ։

2016 թվականի հոկտեմբերին, երբ նա նոր էր պաշտպանության նախարար նշանակվել, ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ «Հրապարակը» հարցրեց նախարարին, թե ինչով է բացատրում այն իրավիճակը, երբ զինծառայողների ծնողները ստիպված են գուլպա, անդրավարտիք, հիգիենայի պարագաներ ուղարկել բանակ։

Պաշտպանության նոր նախարարը, ի պատասխան, հավաստիացրեց, որ բանակն ամեն ինչով ապահովված է, իսկ ամեն շաբաթ Երեւանից դեպի ԼՂՀ փաթեթներ ուղարկելը բացատրեց հայ մայրիկների հոգատարությամբ։ «Չգիտե՞ք մեր մայրիկների բնավորությունը։ Ինչքան էլ լավ լինեն պայմանները, նրանք էլի իրենց որդիներին սնունդ, հագուստ, գուլպա են ուղարկելու»։ Նախարարի այս պատասխանից հետեւեց, որ «մայկա-տրուսիկի» հարցում ոչինչ չի պատրաստվում փոխել։

Մեկնաբանություն
X