ՀՀԿ-ն լքել է հերթական պաշտոնյան

ՀՀԿ-ից դուրս գալու գործընթացը շարունակվում է: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գրիգոր Թադեւոսյանը, ով շուրջ երկու տարի առաջ է դարձել ՀՀԿ-ական, օրերս կուսակցությունից դուրս գալու հայտարարություն էր տարածել Ֆեյսբուքում: Դրանում մասնավորապես ասվում էր, թե ՀՀԿ-ին անդամագրվել է ճարահատյալ, աշխատանքը կորցնելու մտահոգությունից դրդված: Իսկ թե ինչու որոշեց հենց այժմ դուրս գալ ՀՀԿ-ից, նա այսպես մեկնաբանեց. «Ես մինչ այդ էլ էի որոշել նման քայլի դիմել, սակայն եկավ մի պահ, որ ներքին սրում եղավ, եւ այդ զգացումը պոռթկաց:

Չեմ փոշմանել եւ ոչ էլ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու կամ ինքնահերոսացման խնդիր ունեմ: Այդ որոշումը թեեւ ուշացած էր, սակայն, որպեսզի ինքս իմ խղճի առաջ մաքուր լինեի, այդ քայլը պիտի անեի»: Մենք տեղեկություն ունեինք, որ Թադեւոսյանը որոշել է նաեւ աշխատանքից ազատման դիմում գրել: «Ես քաղաքացիական ծառայող եմ եւ, անկախ քաղաքական ուժերի հարաբերակցությունից, պատրաստ եմ ծառայելու մեր պետությանը»,- մեզ հետ զրույցում արձագանքեց Թադեւոսյանը:

«Պետական կառավարման համակարգում 27 տարվա իմ աշխատանքային փորձը ցույց է տվել, որ պետական կառույցի կուսակցականացումը բացառապես բացասական ազդեցություն է ունեցել նրա գործունեության օբյեկտիվ եւ արդյունավետ կազմակերպման վրա»,- ասաց պաշտոնյան՝ հավելելով, թե իր ծառայակիցների եւ բազմաթիվ գործընկերների անունից խնդրում է Ազգային ժողովին ու վարչապետին «ազատել քաղաքացիական ծառայողներին պետական մարմիններին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացմանը զուգահեռ կամ փոխարեն այս կամ այն քաղաքական ուժին ծառայելու ստորացուցիչ գործառույթից, օրենքի ուժով անթույլատրելի համարել քաղաքացիական ծառայողների կուսակցական պատկանելությունը եւ քաղաքական գործունեությունը»:

«Հիմա ի՞նչ՝ վաղը ամբողջ պետական ապարատն այժմ էլ պետք է նոր կուսակցության մե՞ջ մտնի…: Ես տարիներ առաջ այս թեման նույնիսկ վերապատրաստման ժամանակ եմ բարձրացրել, եւ իմ գործընկերներն էլ համաձայն էին, որ եթե պետական ծառայության միասնականացման սկզբունք է որդեգրվում, ապա մենք էլ պետական ծառայության մի բաղադրիչ ենք՝ քաղաքացիական ծառայողներս:

Եվ, ուրեմն, այս սկզբունքը պետք է բոլորին վերաբերի, եւ կուսակցականացման սկզբունքը չպետք է տարածվի որեւէ մեկի վրա: Քաղաքացիական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն անփոփոխ է՝ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից»,- նկատեց Թադեւոսյանը՝ հավելելով, որ հանրային ծառայությունը՝ համայնքները նույնպես, պետք է զերծ պահել կուսակցականացումից:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X