Գլխավոր դատախազը՝ քաղաքական իրադարձություններին գերի

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կրակն է ընկել նոր քաղաքական իրողությունների ձեռքը։ Իհարկե, նա չի պատրաստվում Սերժ Սարգսյանի նման հրաժարական տալ զուտ այն պատճառով, որ նրա դեմ էլ են բողոքի ցույցեր իրականացվում, ու դրա համար բերում է օրենսդրական հիմքեր՝ հիշեցնելով, որ իրեն ընտրել է Ազգային ժողովը։

Բայց Արթուր Դավթյանը թերեւս դեռ չի ընտելացել այն իրողությանը, որ Հայաստանում իշխանություն է փոխվել, եւ իր կաբինետում ժամանակին կախված նկարի իշխանությունն այլեւս չկա, այսուհետ կարող է ավելի անկախ գործել եւ ազատ արտահայտել իր մտքերը՝ առանց իրավաբանական խրթին ձեւակերպումների։

Օրինակ՝ կարող է ազատորեն բացահայտել Մասիսի քաղաքապետի եղբոր ու նրա ընկերների, անգամ Լիսկայի որդու եւ այլ «հրոսակախմբերի» հանցավոր արարքները։ Բայց, ինչպես երեւաց երեկ մեր հարցերին տված նրա պատասխաններից, Սերժ Սարգսյանի ազդեցությունը դեռեւս պահպանվում է Արթուր Դավթյանի վրա։

«Ուրեմն, դատախազությունը հսկողություն է իրականացնում հետաքննության, նախաքննության օրինականության նկատմամբ։ Այս փուլում դատախազության գործառույթն այն է, որ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ցանկացած դեպք արժանանա վարույթի։ Բացահայտողը, հայտնաբերողը նախաքննական, հետաքննական մարմիններն են»,- ասաց դատախազը՝ հարցը լղոզելով «համապատասխան հիմքերի առկայության» գործոնով։

Նա չպատասխանեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ մի դեպքում շատ արագ հայտնաբերվում են կասկածյալները, մյուս դեպքում նախաքննական մարմիններն ամիսներով տանջվում են ու չեն կարողանում բացահայտել հանցագործությունները, եւ դա այն դեպքում, երբ, ասենք, մամուլը վաղուց բացահայտել է անուն-ազգանունով, հասցեով, տեսանյութով, բայց դատախազության ու նախաքննական մարմինների համար դրանք, չգիտես ինչու, դեռ «համապատասխան հիմքեր» չեն։

Սա խոսում է մի բանի մասին՝ դատախազությունը դեռ շարունակում է կախվածության մեջ մնալ իշխանությունից։ Սա իր խոսքում ակամա խոստովանեց նաեւ Արթուր Դավթյանը, երբ հարց հնչեց Նիկոլ Փաշինյանին ու նրա պատգամավոր ընկերներին Արցախի-Էրեբունու փողոցներից առեւանգելու վերաբերյալ։

Դատախազը նախ ասաց, որ ինքը սկզբում միջնորդություն էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ զրկելու անձեռնմխելիությունից պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ընդ որում՝ միայն նրան, ո՛չ Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին, բայց Կարեն Կարապետյանը հետո իրեն խնդրել է հետ վերցնել դիմումը, ու ինքը հետ է վերցրել։

«Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը ձերբակալվել են ապօրինի հավաքներ կազմակերպելու, իրականացնելու, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածով։ Իմ կողմից նշված փաստով հարուցված գործով ձեռք բերված նյութերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողով, այն ներկայացվել է պատգամավորներից միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։

Այնուհետեւ արդեն հանրությանը հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, այդ ժամանակվա վարչապետի պաշտոնակատարը (Կարեն Կարապետյանը՝ խմբ․) գրավոր դիմեց ինձ համապատասխան հիմնավորումներով պայմանավորված, ստեղծված իրավիճակի, լարման եւ այլնի հաղթահարման հետ կապված՝ այդ հարցով չնախաձեռնել խորհրդարանում քննարկումներ, որի պայմաններում իմ կողմից նամակ է հղվել Ազգային ժողովի նախագահին, որպեսզի այդ հարցն օրակարգից հանվի, եւ, ըստ էության, նույն օրը նրանք ձերբակալումից ազատ են արձակվել»։

Սրանով գլխավոր դատախազը բացահայտ հասկացրեց, որ, քաղաքական իրադարձություններով պայմանավորված, ձերբակալել են Նիկոլ Փաշինյանին, այդ նույն իրադարձություններով պայմանավորված էլ՝ ազատ արձակել։ Բայց հարուցված քրեական գործը դեռ շարունակվում է։

Ուստի հարցրինք պարոն Դավթյանին․ եթե այդ քրգործի շրջանակներում պարզվի, որ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրենք է խախտել, պատասխանատվության կենթարկվի՞ նա։ «Օրենքի առջեւ բոլորս հավասար ենք»,- եղավ ստանդարտ պատասխան։ Ի դեպ, Դավթյանն ասաց, որ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ինքը շնորհավորել է նրան։

Արթուր Դավթյանը հետաքրքիր պատասխան տվեց նաեւ հանրության կողմից քաղբանտարկյալ համարվող Անդրիաս Ղուկասյանի եւ Գարեգին Չուգասզյանի կտրուկ ազատ արձակման վերաբերյալ՝ ակնարկելով կրկին, որ քաղաքական իրադարձություններն ու հանրային պահանջն էին պատճառը․ «Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ մենք իսկապես լուրջ, պատմական իրադարձություններ ունեցանք։

Այդ իրադարձություններն իրենց հետ բերելու են որոշակի հանրային պահանջ։ Բայց ես, որպես դատախազ, հավաստում եմ, որ բոլոր իրավական գործընթացներն ի վերջո լուծում են ստանալու դարձյալ բացառապես իրավական կարգավորումների շրջանակներում։ Այդ իրավական կարգավորումները որքանով որ հնարավորություն կտան այդ հանրային իրադարձությունների փոփոխության արդյունքում իրավական հիմքերի մեջ լուծումներ գտնելու, այդքանով կլինի»։

Սա եւս մեկ ապացույց է, որ «իրավական կարգավորումներն» ուղղակի կախման մեջ են քաղաքական պրոցեսներից, եւ նույն փաստի առնչությամբ դրանք կարող են մի անգամ գործել հօգուտ քաղաքացու, մի անգամ՝ ընդդեմ, այսինքն՝ քաղաքական խնդիրներով պայմանավորված՝ կարող են ե՛ւ իրավական հիմքեր գտնել ու նստեցնել մարդուն, ե՛ւ նույն իրավական հիմքերով ազատել։

Վերջում հարցրինք Արթուր Դավթյանին՝ ինքն ընդունո՞ւմ է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, դրա պատճառներից մեկն էլ դատախազության ու դատական համակարգի ոչ բավարար, սխալ աշխատանքի արդյունքն էր։

«Մենք երբեք չենք ասել, որ մեր աշխատանքը կատարելության է հասել։ Այո, մենք բազում բացեր ու թերություններ ունենք, որոնք ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Բայց դրանց ուղղությամբ, ես Ձեզ վստահեցնում եմ, որ մենք գիշեր ու զօր աշխատանք ենք իրականացնում»,- ասաց նա։

Այսինքն՝ ընդունո՞ւմ է, որ իրենք էլ իրենց աշխատանքով են նպաստել այս իշխանափոխությանը, Դավթյանն ասաց․ «Ձեր հետեւություններն իմ ներկայացրած նյութից չեն բխում, ես գնահատեցի մեր աշխատանքը»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X