Չկան այլեւս այն տերերը, որոնց դուք ծառայել եք. ակցիա Վերաքննիչ դատարանի դիմաց (տեսանյութ)

Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց՝ պահանջով, որպեսզի «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործը Վերաքննիչ քննի արդարադատության շրջանակում, պահանջից բացի նրանք նաեւ իրենց բողոքը արտահայտեցին դատարանի` օրերս կայացրած որոշման դեմ, համաձայն որի՝ դատարանը մերժել էր ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը։

Ներսես Պողոսյանի կինը՝ Լիա Պողոսյանը հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանը, առանց գործի նյութերին ծանոթանալու, որոշում է կայացրել. «Իրենք սպասում են հրահանգի, սովորել են, որ զանգով պետք է ասեն՝ այսպես արեք»։

Դատարանի բակում հավաքվածները վանկարկում էին «Սասնա ծռեր», «Ամոթ», «Ազատություն»։ Այնուհետեւ ելույթով հանդես եկավ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝ դիմելով դատավորներին. «Ուշադրություն, դուք՝ տիկնայք եւ պարոնայք դատավորներ, դատախազներ, զբաղված եք հին եւ իր ուժը կորցրած վրեժխնդրությամբ։ Մենք չենք կարող ազատվել ձեզանից, եթե դուք հրաժարական չտաք։ Առաջին պահանջը, որ հեռանաք եւ երկրորդը՝ քանի դեռ նստած եք, աշխատեք ձեր մասնագիտությամբ։ Չկան այլեւս այն տերերը, որոնց դուք ծառայել եք»։

Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործը վերաքննության կարգով կքննվի մայիսի 30-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X