Ինչ են պահանջում ՀԷՑ-ի աշխատակիցները (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան ՀԷՑ-ի «Գեղամա» մասնաճյուղի աշխատողներն աշխատանքի դուրս չեն եկել և հայտարարել են գործադուլ: Աշխատակիցները ասում են, որ իրենց գործադուլի պատճառը ցածր աշխատավարձն է տնօրինության կոպիտ վերաբերմունքը եւ ամենակարեւորը՝ արտաժամյա աշխաանքի դեպքում չվճարելը. «Բացի աշխատավարձը, մեր իրավունքները պաշտպանված չեն: Սա այն հիմնարկն է, որ կապ չունի շաբաթ լինի, թե կիրակի է՝ վթարի դեպքում աշխատում ենք արտաժամ, եւ դրա դիմաց մեզ չեն վճարում: Երբ աշխատավարձի խնդրով տնօրենի մոտ ենք մտնում, նա կոպիտ ձեւով ասում է, որ իր մոտ չմտնել աշխատավարձի համար: Եթե տնօրենը չի կարող այս հարցը լուծել, թող ազատվի գնա: Տնօրենի տղան Հրազդանի ցանցի իրացման հարցերով պետի տեղակալ է աշխատում, բայց ոչ ոք նրան չի տեսել աշխատավայրում․ միշտ նրա աշխատասենյակի դուռը փակ է: Եղբոր տղան մեկ այլ բաժնում է աշխատում: Եթե լավ ուսումնասիրեն հաստիքացուցակները, կտեսնեմ, որ շատերը գրանցված են, եւ աշխատանքի չգալով փող են ստանում, դրանից էլ մեր աշխատավարձերը չի բարձրանում, մեր պարգեւավճարները կրճատվում է»,-բողոքում էին աշխատակիցները:

Աշխատակիցների մի մասն էլ կարեւորում էր տնօրենի եւ աշխատակիցների հարաբերությունները: Ըստ նրանց՝ տնօրեն Մնացականյանը աշխատակիցներին շատ վատ է վերաբերվում. «Աշխատանքի մեջ շատ կարեւոր է բանվորի եւ ղեկավարի հարաբերությունները: Դուք մեզ հետ եք, դրանից տնօրենն իրեն թույլ չի տալիս ավելորդ բաներ ասել: Նա շատ կոպիտ անձնավորություն է: 3 տարի է, ինչ մեր տնօրենն է, սակայն այլեւս չենք ուզում հանդուրժել նրան: Մասնաճյուղը դարձրել է ընտանեկան բիզնես, եւ մեզ պես բանվոր մարդկանց բանի տեղ չի դնում: Ինչ իրավունք ունեն մեզ «արայով» դիմեն»:

ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հանդիպեց աշխատակիցներին: Ժամից ավելի տեղի ունեցավ քննարկում, սակայն այդպես էլ այս հանդիպումը աշխատողներին հույս չներշնչեց: Նրանք մի քանի հարցեր ուղղեցին Կարեն Հարությունյանին:

-Պարո´ն Հարությունյան, մեր աշխատավարձը ցածր է: Նույն կարգի մեր աշխատողները Երեւանում ստանում են ավելի բարձր աշխատավարձ, իսկ մենք՝ ցածր: Ինչի երեւանցիք արտոնյա՞լ են: Կամ Սամվել Կարապետյանը գնեց ՀԷԿ-ը, մեր պարգեւավճարները կտրուկ իջան՝ 15% է, ինչը չնչին գումար է կազմում: Ինչի՞ է այդպես:

-Էդպես չի, որ դուք էստեղ հարցը բարձրացնեք, ես հարցին պատասխանեմ: Որովհետեւ ձեր ամեն ներկայացված փաստը պետք է ստուգվի, հասկանալու համար էդպե՞ս է, թե չէ՞: Մեր աշխատավարձերը կարգավորված են մեր պայմանագրերով, ունենք աշխատանքային պայմանագիր՝ դուք ստանում եք պայմանագրով նախատեսված ձեր աշխատավարձը, եթե դուք հավելյալ աշխատել եք, անպայման վարձատրվում եք սահմանված օրենքի կարգով: Եթե կա փաստ, որ մարդը աշխատել է ու չի վարձատրվել, ապա կա բողոքարկման կարգ: Ինչ վերաբերվում է պարգեւավճարների 15% դա պարտավորություն չի, դա ընկերության լրացուցիչ աշխատավարձի ավել տրամադրումն է:

-Պարո´ն Հարությունյան, ինչպես է ստացվում, որ իրացման բաժնում ստանում են 80-100% պարգեւավճար, իսկ շահագործման բաժինը՝ 15%: Մեր պարտավորությունը՝ ձեզ աշխատավարձով ապահովելն է: Իսկ թե որին 15%- է, որին 80, դա մասնաճյուղի ընդանուր որոշելիքն է, մեր ընդանուր քաղաքականության շրջանակն է:

-Իսկ վերաբերմունքը աշխատակիցների հանդեպ, տնօրենը շատ կոպիտ է վերաբերվում, մի բան լինում գործից ազատելով ախ տալիս, հո ստրուկ չենք:

-Ձեր բոլոր հարցերը ես լսեցի, իմ հետ եկել են մարդիկ, կկազմվի աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ կարվի, ձեր բոլոր ասած փաստերը կստուգվի, ձեր հուզող հարցերին պատասխան կտրվի, իսկ աշխատավարձը ստանում եք ձեր պայմանագրով:

Կարեն Հարությունյանի հեռանալուց հետո կրքերը թեժացան, քանի որ «Գեղամա» մասնաճյուղի Կարմեն Մնացականյանը աշխատողներին հորդորեց անցնել աշխատանքի, սակայն ոչ ոք տեղից չշարժվեց: Թե ի՞նչ են պատրաստվում անել, արդյո՞ք վաղը կրկին չեն աշխատելու, աշխատակիցները պատախանեցին. «2 օր կսպասենք, եթե որեւէ հարցի լուծում չտրվեց, այս անգամ մեզ ոչ մի քննարկում չի կանգնեցնի»:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X