Ո՞վ է լինելու Գյումրու քաղաքապետը. անվստահություն Սամվել Բալասանյանին

Գյումրու ավագանու անդամներն այսօր քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ առաջարկելով ավագանու նիստ գումարել մայիսի 16-ին եւ հարցը դնել քննարկման:Նման առաջարկությամբ հանդես են եկել «Բալասանյան» դաշինքի 10 , ՕԵԿ եւ ԲՀԿ խմբակցությունների 3 անդամները: Ուշագրավ է, սակայն, որ քաղաքապետին անվստահություն է հայտնել ոչ թե ընդդիմադիր ԳԱԼԱ-ն, այլ հարազատ դաշինքի 17 անդամից 10-ը:

«Բալասանյան» դաշինքի ավագանու անդամ Հրայր Կարապետյանից hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված դաշինքի մեծամասնության նման դիրքորոշումը: «Այո,մեր դաշինքից 10 հոգի անվստահություն հայտնել են, բայց որևէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող անել, մենք նիստ կհրավիրենք, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ, վաղը կամ մյուս օրը պարզ կլինի »,-ասաց նա:

Ի դեպ, քաղաքապետին անվստահություն հայտնած 10 ավագանու անդամներից ոչ մեկը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Հեռախոսազանգերին չպատասխանեց նաև քաղաքապետը: Ընդդիմադիր ԳԱԼԱ կուսակցությունն էլ այսօր քննարկում է անցկացնելու՝ պարզելու եւ հասկանալու ստեղծված իրավիճակը: Կուսակցության մամուլի պատասխանատու Արմենուհի Վարդանյանը «Բալասանյան» դաշինքի անակնկալ պահվածքը համարում է հերթական խորամանկություն. « Ակնհայտորեն Բալասանյանի վրայի թոզերն են ուզում թափ տալ ու նորից կարգել քաղաքապետ, որ առնվազն մեկ տարի ապահովագրված լինի»: Թե ինչպիսին կլինի ԳԱԼԱ –ի դիրքորոշումը, կհայտնեն իրենք է անվստահություն, թե ոչ, ավագանու անդամ Արման Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց. «Որևիցե հստակ բան այս պահին չեմ կարող ասել, դեռ քննարկում ենք, առաջիկայում մեր դիրքորոշումն անպայման կհայտնենք հանրությանը»: ՕԵԿ ավագանու անդամ Հենրիկ Պողոսյանը նույնպես տեղեկացրեց, որ խմբակցության անդամներով հավաքվելու են. «Դեռ պետք է հավաքվենք, առանց հավաքվելու, քննարկելու որոշում չեն կայացնում, եթե ոչ վաղը, մյուս օրը հաստատ կհավաքվենք»: ԲՀԿ ավագանու անդամ Սուսաննա Աստոյանի համար էլ միանգամայն անակնկալ էր «Բալասանյան» դաշինքի 10 անդամների պահվածքը:

«Հատկապես իրենց դաշինքի կողմից, մինչև վերջին ավագանու նիստը, նման նախատրամադրվածություն չի եղել, ամբողջովին անակնկալ էր: Բայց պաշտոնապես մեզ որևէ բան չեն ներկայացրել, որպեսզի հասկանանք: Կարծում եմ՝ առաջիկայում կհասկանանք, թե ինչ է կատարվում»,- hraparak.am-ին ասաց տիկին Աստոյանը: ԳԱԼԱ կուսակցությունով ավագանի ընտրված Լևոն Բարսեղյանին այս ամենը ոչ միայն կասկածելի է թվում, այլև հայտարարում է, որ բալասանյանականների եւ հակաբալասանյանականների հրավիրած նիստը ժամկետի առումով ապօրինի է, քանի որ ըստ օրենքի երրորդ աշխատանքային օրն է հրավիրվում ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը»: Իսկ ամսի 14-ից հաշված երրորդ օրը ամսի 17-ն է: «Տեսնես ինչ է պատահել, որ Բալասանյանի գլխավորությամբ իշխանության եկած, նրա բոլոր նախաձեռնությունները պաշտպանած ու ավագանու ընդդիմության բոլոր նախաձեռնությունները տապալած ավագանու այդ 10 անդամները որոշել են անվստահություն հայտնել Բալասանյանին»,-զարմանք է հայտնում Լևոն Բարսեղյանը՝ միաժամանակ վստահեցնելով. «Ակնհայտորեն, սա ներքին հեղաշրջում չէ, բոլորը Բալասանյանի քաղաքական եւ անձնական մերձավորներն են, այդ թվում քաղաքապետի իրենց առաջ քաշած թեկնածուն՝ Տիգրան Հովհաննիսյանը, որը որեւէ քաղաքական կամ քաղաքացիական ակտիվությամբ կամ նախաձեռնողականությամբ աչքի չի ընկել:

Ամենայն հավանականությամբ , կամենում են տապալել անվստահություն հայտնելու իրենց իսկ նախաձեռնած ակցիան, դրանով վստահություն հայտնելով Բալասանյանին:Երկրորդ քիչ հավանական սցենարը, իսկապես Բալասանյանին չարչարանքներից ազատելն է, ու քաղաքապետի պաշտոնը իրենց կուռ 17 հոգանոց ավագանիով քաղաքական ասպարեզում անհայտ իմ գործընկերոջը հանձնելն է, որին, ըստ օրենքի մեկ տարի անվստահություն հայտնելու իրավունք չի ունենա ավագանին»: Ի դեպ, Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանն էլ շտապեց տեղեկացնել, որ նիստի օրը փոխվելու է, այն կկայանա մայիսի 17-ին: Նշենք, որ մեր հարցումներից պարզ դարձավ, որ գյումրեցիները նոր քաղաքապետի հարցում դժվարանում էին կողմնորոշվել, այնքան էլ հստակ պատկերացում չունեն, թե ում են տեսնում որպես քաղաքագլուխ: Հնչեցին հանրությանը հայտնի տարբեր անուններ՝ ԳԱԼԱ հեռուստաընկերության տնօրեն՝ Վահան Խաչատրյան, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան, Ծառուկյան դաշինքով պատգամավոր ընտրված Վարդևան Գրիգորյան եւ էլի շատ անուններ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին «Բալասանյան» դաշինքը ստացել էր 17, ԲՀԿ-ն` 8, ՀՎԿ և ԳԱԼԱ կուսակցությունները` 4 մանդատ»:

Հ. Գ. Գյումրու քաղաքապետի թեկնածու Տիգրան Հովհաննիսյանը 2012 թվականից ավագանու անդամ է: Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության անդամ է: Գործարար է, «Ռ.Տ.Թրեյդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, խոսակցությունների համաձայն՝ Բալասանյանի ավագ որդու մտերիմ ընկերն է:

Մեկնաբանություն
X