Ի՞նչ կանի Ադրբեջանը

Ալիեւյան ռեժիմի սպասումները, որ Հայաստանում իշխանափոխությունը կբերի ռուս-հայկական հարաբերություններում սառեցման, որից հնարավոր կլինի արտաքին քաղաքական դիվիդենտներ քաղել, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցում, ըստ էության չեն արդարանում: Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի առաջին հանդիպումը:

Դա սկզբունքային նշանակության պահ է, երբ կողմերը չեն բավարարվել ԵԱՏՄ գագաթաժողովի արարողակարգային շփումներով: Իսկ դա նշանակում է, որ համագործակցությունը ոչ միայն շարունակելու, այլեւ խորացնելու մտադրությունը երկուստեք է: Սոչիում վարչապետ Փաշինյանի հանդիպումները խիստ մտահոգել են Ադրբեջանի փորձագիտական շրջանակներին:

Դա, ինչ խոսք, տրամաբանության մեջ տեղավորվում է: Արտառոցն այն է, որ ադրբեջանական մամուլը վերստին դիմել է որոշ ռուս փորձագետների օգնությանը: Նրանք բաց կամ ենթատեքստով ակնարկում են, որ Հայաստանի վարչապետն, այնուամենայնիվ, արեւմտամետ է եւ ժամանակ հետո դա զգացվելու է հայ-ռուսական հարաբերություններում: Քաղաքագետ Մարկովը նույնիսկ զուգահեռներ է անցկացրել եւ արձանագրել, որ ժամանակին իրենց առաջին այցով Ռուսաստան են ժամանել Ուկրաինայի նախագահ Յուշչենկոն եւ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին:

Նրանք էլ հղում են արել իրենց ժողովուրդների պրոռուսական տրամադրություններին, բայց դա չի խանգարել, որ կարճ ժամանակ հետո կատարեն արեւմտամետ ընտրություն: Մարկովը խորհրդանշական է համարում, որ վարչապետ Փաշինյանը որպես տնտեսական խորհրդական հրավիրում է Տարոն Աճեմօղլուին: Նա կարծում է, որ Հայաստանի տնտեսական զարգացման կոնցեպցիան հենվելու է Եվրամիության հետ ասոսացման հեռանկարի վրա:

Փորձագիտական հանրության շրջանում ի՞նչ հեղինակություն եւ կշիռ ունի Մարկովը, որը նաեւ ներկայանում է որպես նախագահական ընտրություններում Պուտինի վստահված անձ, դժվար է գնահատել: Փաստ է, որ նա լծվել է ադրբեջանական քարոզչամեքենային եւ այդ միտումը բավական երկար պահպանվելու է: Անշուշտ, Ադրբեջանը դիմելու է նաեւ դիվանագիտական քայլերի, որպեսզի հնարավորինս մթագնի հայ-ռուսական հարաբերությունները: Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը դիտվում է որպես Ադրբեջանի քաղաքակրթական դաշնակից, եւ այդ հանգամանքը գնալով ավելի է ընդգծվելու ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X