Հայաստանը կարող է հեղափոխություն արտահանող երկիր դառնալ

Հետխորհրդային տարածքում, կարծես թե, հեղափոխական հուժկու ալիք է կանխատեսվում: Ճիշտ է, ԽՍՀՄ նախկին հանրապետությունների մի զգալի մասը վերջին տասնամյակներին արդեն իսկ անցել են տարատեսակ հեղափոխական ցնցումների միջով, բայց սա մի նոր շրջափուլ է, որի մեկնարկը Հայկական հեղափոխությունն է: Այլ խոսքով ասած՝ Հայաստանը ունենալու է ստարտային այն կարգավիճակը, որը ստանձնեց Թունիսը Արաբական գարնան ժամանակ:

Ուշագրավն այն է, որ Հայաստանում արձանագրված հեղափոխությունը ոչ միայն ստարտային նշանակություն է ունենալու, այլ նաև գաղափարական ու կիրառական տեսանկյուններից ներազդելու է ցանկացած գործընթացի վրա՝ Տաշքենդից մինչև Քիշնև:

Թերևս հայկական հեղափոխության ամենակարևոր ուղղերձը տարածաշրջանի երկրներին այն է, որ հեղափոխության իրականացնելու համար ամենևին էլ պարտադիր չէ կազմաքանդել ու ոչնչացնել պետական, քաղաքական ու հանրային ինստիտուտները: Ընդհակառակը՝ հնարավոր է առանց բռնության ու արյան հասնել ցանկալի արդյունքի՝ հնից պահպանելով ամենակարևորն ու միաժամանակ ստեղծելով նորը:

Ասվածի համատեքստում հեղափոխական որոշակի տրամադրություններ են նկատվում հարևան Վրաստանում: Անշուշտ ալիքը կարող է տարածվել նաև Ուկրաինայում, Բելառուսում, Ադրբեջանում, Ռուսաստանում և Միջին Ասիայում: Նշված գրեթե բոլոր երկրներում էլ քողարկված կերպով հեղափոխական տրամադրություններ կան, որոնք խեղդված են ու սաղմնային վիճակում արգելափակված: Ինչպես-որ ժամանակին Հայաստանում: Բայց ցանկացած կայծի դեպքում հնարավոր է և մեծ պայթյուն արձանագրվի, որի հետևանքներն անկախատեսելի են:

Իհարկե չափազանցություն կլինի, եթե նշենք, որ հեղափոխական տրամադրությունների արտահանողը հենց Հայաստանն է: Նման հավակնություններ փոքրիկ Հայաստանը դեռևս չի կարող ունենալ: Բայց մի բան հստակ է. ներհայկական իրադարձությունները ոգևորիչ ներգործություն են թողել ամբողջ տարածաշրջանում: Ասվածից չի կարելի ենթադրել, որ եթե հիմա չունի, ապա հետագայում էլ չի կարողանալու ունենալ այդպիսի հավակնություններ։ Պետք է արձանագրել, որ վերջին 600-700 տարիների ընթացքում Հայաստանն առաջին անգամ արժեք է արտադրել ու հիմա էլ պետք է փորձի արտահանել հարևան երկրներ: Երևի թե հիշում եք, թե ինչպես էին Ռուսաստանի տարբեր քաղաքներում հանրահավաքներին մասնակցող ակտիվիստները վանկարկում են «Хотим как в Армении»:

Ընդհանրապես հեղափոխական ավանդույթներ ունեցող երկրներից բոլորը վախենում են, քանի որ հեղափոխությունը դանդաղ տարածվելու, խավարի պես աստիճանաբար ներծծվելու ու միանգամից պայթելու հատկություն ունի: Սա շատ լուրջ զենք կարող է դառնալ Հայաստանի ձեռքին և նույնիսկ կարելի է կիրառել մեր նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող պետությունների դեմ: Կարելի է հեղափոխությունն արտահանել Ադրբեջան, Թուրքիա, ինչու չէ նաև Իրան ու Ռուսաստան: Ի՞նչ կլինի որ, զբաղվենք հեղափոխության էքսպորտով: Բայց մի մտավախություն կա. վերոհիշյալ բոլոր երկրները կարող են «սրբազան» դաշինք կնքել ու հեղափոխական որջը արմատախիլ անելու փորձեր ձեռնարկեն:

Հայաստանի շահերից է բխում, որ հեղափոխական ցնցումներ սաղմնավորվեն առաջին հերթին հարևան Ադրբեջանում, բայց ոչ թե երկիրն այդ կազմաքանդելու և թուլացնելու նպատակով, այլ ադրբեջանցի ժողովրդին բռնապետության ճիրաններից ազատագրելու և ժողովրդավարական ուժերի իշխանության գալու բանական ակնկալիքներով: Ադրբեջանի կազմաքանդումը մեզ որևէ օգուտ չի տա, ընդհակառակը՝ հնարավոր է և մեծագույն վնաս պատճառի, հատկապես այն դեպքում, երբ Իրանի միջամտությամբ իշխանության գան իսլամիստներն ու իմամները:

Մեկնաբանություն
X