Կարևոր է, թե ով է երկխոսում Ռուսաստանի հետ

Հեղափոխության տված ամենամեծ դասերից մեկն այն է, որ Ռուսաստանն իրականում հրեշ չէ, անսանձ ու ամենակուլ արջ չէ։ Նրա հետ հնարավոր է պայմանավորվել, լեզու գտնել և կայուն փոխշահավետ հարաբերություններ հաստատել։ Պարզապես առաջնային պլան է մղվում այն հանգամանքը, թե ով է նախաձեռնում այդ երկխոսությունը, լեգիտիմություն չունեցող, միջազգային հարաբերություններում արքունական ինտրիգների հաշվին մանևրող Սերժ Սարգսյանը, թե՞ ժողովրդի կողմից լիազորված, լիակատար լեգիտիմություն ունեցող և միջազգային հարաբերություններում բաց խաղացող Նիկոլ Փաշինյանը։

Ես այս հարցում կարող եմ մեծամտաբար գլուխ գովալ, քանի որ իմ բոլոր ակնարկներում և գրառումներում առաջնային պլան եմ մղել Հայ-ռուսական փոխհարաբերությունների ընթացքը ճիշտ հունի մեջ գցելու և զարգացնելու անհրաժեշտությունը։ Ու դրա համար բազմիցս արժանացել եմ կայսերական պրոպագանդիստի և ռուսուլմանի պատվավոր տիտղոսներին։ Մենք՝ ռուսուլմաններս այս անգամ ճիշտ էինք, իսկ The New York Times-ի 1950-ականների թթ․ պրոպագանդիստական շնչով գրված հոդվածներ մեջբերող արևմտատենչ վերլուծաբանները սխալվեցին։

Իրականում մենք պետք է խոստովանենք, որ Ռուսաստանն իսկապես բավականին վտանգավոր պետություն է, քանի որ այն որոշակի չափաբաժնով լիցքավորված է ռևանշիստական էներգիայով, որը երբեմն պայթելու օրինաչափ հատկություն ունի։ Դե բնական է, անպարտելի թվացող ռազմաքաղաքական մեքենայի՝ Խորհրդային Միության պարտությունն ու Վարշավյան բլոկի կազմաքանդումը չէր կարող անպատասխան մնալ։

Տեսեք, Ռուսաստանը դեպի Միջին Ասիա, Այսրկովկաս ու Մերձավոր Արևելք, Բալթիկ ծով ու Արևելյան Եվրոպա ընդարձակվելու հարյուրամյակների պրակտիկա ունի։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՌԴ-ն համակերպվել է այն իրողության հետ, որ այլևս այդ ուղղություններով չի կարող տարածքային աճ արձանագրել և պետք է փոխհարաբերությունների մի նոր ձևաչափ մշակվի։ Ձևաչափն այդ ամուր դաշնակցային փոխհարաբերություններն են՝ տնտեսականից մինչև ռազմաքաղաքական համագործակցություն։

Փոխհարաբերությունների այս հստակ ուրվագծված համակարգի խաթարման ցանկացած փորձ Ռուսաստանը դիտարկում է որպես սպառնալիք իր ազգային անվտանգությանը և դրանից ելնելով բնականաբար դիմում է հակագրոհի։ Այս պարագայում պետությունները պետք է կարողանան հաշվարկել իրենց քայլերը․ կարո՞ղ են դիմակայել այդ հակագրոհին, թե՞ ոչ։ Հայաստանի իշխանությունների հաշվարկով Երևանը չի կարող, պատրաստ չէ համանման խաղի մեջ ներքաշվել, քանի որ այլընտրանքն անշուշտ արկածախնդրությունն է ու հանրությանը փորձանքի հորձանուտի մեջ մատնելը։

Օրինակ՝ 2013 թ․ նախագահ Սերժ Սարգսյանը դիմեց համանման արկածախնդրության, փորձեց Մոսկվայի հետ փոխհարաբերվել ինտրիգների լեզվով, բայց պատասխանը տեսանք, թե ինչ ցավոտ էր Հայաստանի համար։

Բայց այս ամենից զատ կա նաև հարցի մյուս կողմը։ Նույնիսկ համապատասխան ռեսուրսների առկայության պայմաններում արդյո՞ք Հայաստանին պետք է վատթարացնել փոխհարաբերությունները ՌԴ-ի հետ։ Վստահաբար ո՛չ, քանի որ երկկողմանի այդ փոխհարաբերությունները չափազանց ձեռնտու են Երևանին։ Բացի այդ ոչ ոք չի փակել և չի էլ կարող փակել աշխարհի առջև բացվելու ՀՀ-ի ձգտումն ու պոտենցիալը։ Մոսկվան այդ հարցում որևէ առարկություն չունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա Հայաստանի զարգացման համար կարևորագույն անհրաժեշտություն է։ Միայն թե մի պայմանով, որ այդ բացազատումը որևէ կերպ չսպառնա ՌԴ-ի ազգային անվտանգությանը։

Հեղափոխության մյուս կարևորագույն դասն այն է, որ ՀՀ-ն գրպանային կամ էլ սատելիտի կարգավիճակ ունեցող պետություն չէ։ Ընդհակառակը՝ Երևանը տարածաշրջանային կարևորագույն խաղացողներից մեկն է, Մերձավոր Արևելքի և Այսրկովկասի անվտանգության համակարգի անբաժանելի մասնիկը։ Այն ունի ներքին ինքնավարության հսկայական աղբյուր, որից սնվող ու ուժ ստացող իշխանությունները կարող են վստահ բանակցել արտաքին աշխարհի հետ։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն օգտվում է ներքին այդ անպարտելի աղբյուրից, միջազգային հարաբերություններում ուժեղ է և վստահ։ Ոչ մի գերտերություն չի կարող քամահրանքով վերաբերվել նրան։ Սարգսյանը չէր օգտվում այդ աղբյուրից, չէր էլ կարող օգտվել։ Դրա համար էլ նա լեգիտիմության բոլորովին այլ աղբյուրներ էր փնտրում՝ արտաքին ուժերին զիջելով այս կամ այն նյութական կամ էլ ոչ նյութական արժեքը, պատմաբանների հանձնաժողովից մինչև Գազպրոմ Արմենիա։

Նշենք, որ Հայաստանի զարգացման առաջնային գրավականներից մեկը փոխլրացնող արտաքին քաղաքականությունն է՝ Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել վեկտորներով միահյուսված։ Ավելացնենք նաև, որ արժեքների դավանումն ու արտաքին կողմնորոշումը բոլորովին տարբեր բաներ են։ Լինել Ռուսաստանի դաշնակիցը չի նշանակում չլինել եւրոպական արժեքների կրող։ Վստահաբար, քաղաքակրթական ու մշակութային տեսանկյուններից Հայաստանը եւրոպական պետություն է։ Հայ հանրույթի մեջ վառ է հելլենիզմի, Քրիստոնեության և լուսավորականության արժեքային ժառանգականությունը։

Ի դեպ վերլուծաբան կոչվածները մինչ օրս չեն կարողացել ճիշտ գնահատել Հայաստանի իրական հնարավորություններն ու առաքելությունը տարածաշրջանում։ Նրանք տասնամյակներ շարունակ ժողովրդին համոզում էին, որ ՀՀ-ն ՌԴ-ի վասալն է և առանց վերջինիս ցուցման Երևանում որևէ տեղաշարժ լինել չի կարող։

Հիպոթեզն այս արագորեն հօդս ցնդեց, երբ հեղափոխության ամբողջ ընթացքում Մոսկվան համբերատար կեցվածք ընդունեց և սպասեց իրադարձությունների հանգուցալուծմանը։ Ի դեպ դա սովորական սպասում չէր։ Ռուսական հասարակական-քաղաքական շրջանակները Նիկոլ Փաշինյանից սարսափով հավաստիացումներ էին խնդրում հեղափոխության մեջ հակառուսական ատրիբուտների բացակայության վերաբերյալ։ Ռուսաստանը սարսափած էր ոչ այն պատճառով, որ չէր կարող արհեստական խոչընդոտներ արձանագրել համաժողովրդական շարժման համար, այլ՝ միջամտությունն այդ այսօր և հետագայում հայ հանրույթի կողմից դիտարկվելու էր որպես թշնամական գործողություն։ Այսինքն ռուսներն իրենց ձեռքով Երևանում «Հայկական մայդան» էին սանձազերծելու։ Իսկ այդպիսի արկածախնդրություն նրանց ընդհանրապես պետք չէր։

Ինչևիցե, երկու կողմերն էլ խոհեմություն և ճկունություն դրսևորեցին՝ խուսափելով ավելորդ բարդացումներից։ Սա վկայությունն է երկու պետությունների հասունության և փոխըմբռնման հարուստ փորձի մասին։

Մեկնաբանություն
X