Փաշինյանը պետք է հասկանա, որ ժողովրդի հետհեղափոխական զգայական պոռթկումը վերջանալու է

Հեղափոխությունն ու դրա արդյունքում ձևավորված քաղաքական իրավիճակը նպաստավոր պայմաններ են ստեղծում կուսակցական համակարգի կայացման համար:

Ընդհանրապես կուսակցությունները պետության և հանրույթի կարևորագույն բաղադրիչներն են: Առանց դրանց գոյության պարզապես հնարավոր չէ որակյալ ու արդյունավետ քաղաքական-հասարակական միջավայր ձևավորել: Թերևս այս երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի ամենամեծ դժբախտություններից մեկը կուսակցական համակարգի չգոյությունն է: Բոլոր այն կառույցները, որոնք այսքան ժամանակ ներկայացել են որպես կուսակցություն, իրականում արհեստական գոյացություններ են եղել՝ մեկ անձի հեղինակության և ռեսուրսների շուրջ ձևավորված, առանց ներքին ժողովրդավարության:

Հանուն արդարության պետք է նշել, որ բացառություն են եղել միայն ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը: Վերջինի պարագայում որոշակի վերապահումներ կան, բայց Կոնգրեսն, այնուամենայնիվ, կարողացել է գոնե շատ քիչ մոտենալ կուսակցություն բառի դասական ընկալմանը:

Մնացյալ բոլոր կառույցները կա՛մ կառուցվել են փողի վրա կա՛մ էլ իրենց թշվառ գոյությունը պահպանել են զուտ մարգինալ ֆանատիզմի սկուզբունքով: Այս և այլ պատճառներով Հայաստանում մեկ գիշերվա ընթացքում կուսակցություններ են ոչնչացվել և՝ ստեղծվել նորերը: Օրինակ ՀՀԿ-ի հիմնադիր հայր հռչակված Վազգեն Սարգսյանը ՀՀԿ-ում հայտնվել է զուտ քմահաճույքի և պատահական ընտրության սկզբունքով: Հնարավոր է և նա որպես հենարան այլ կուսակցություն ընտրեր ու այսօր խորհրդարանում բոլորովին այլ ուժ մեծամասնություն կկազմեր:

Վերցնենք ԲՀԿ-ն: Ենթադրենք ինչ-որ մի օր Գագիկ Ծառուկյանի փողերը վերջանում են, այդ դեպքում ի՞նչ կլինի այդ քաղաքական ուժի հետ: Վստահ եմ, կուսակցությունից կմնա միայն դրա հիշողությունն ու փոշին: Այսպիսի օրինակները բազմաթիվ են: Բայց նույնիսկ այս համատարած անգաղափար միջավայրում, այնուամենայնիվ, կան նաև սկզբունքային մարդիկ: Օրինակ՝ Արամ Մանուկյանը: Հարգարժան այս պարոնը քաղաքական կարիերան սկսել է ՀՀՇ-ում, կառույցի շարքերը չի լքել նույնիսկ ամենադժվարին շրջափուլում և գործունեությունը շարունակել է Համազգային շարժման ժառանգորդ հանդիսացող ՀԱԿ-ում: Ի դեպ Մանուկյանն այն եզակի գործիչներից է, որին ժողովուրդը սիրում է: Նա կարող էր օգտվել այդ սիրուց և պոպուլիստական ձգտումներով հայտնվել այնտեղ, որտեղ գործողություն կա: Բայց ո՛չ, Մանուկյանը այնտեղ է, որտեղ իր քաղաքական ուժը: Ցավոք սրտի այսպիսի գործիչները մեծամասնություն չեն կազմում և դեռևս չեն կարողանում էական ազդեցություն ունենալ այն հիմնախնդրի վրա, որի մասին փորձում եմ ահազանգել:

Շուրջ բոլորն անգաղափար ու անսկզբունք միջավայր է ձևավորվել: Լպրծուն պրագմատիզմը ողողել է ողջ դաշտը: Սա անթույլատրելի է:

Ասվածի համատեքստում չափազանց հետաքրքրական է, թե ի՞նչ ճակատագրի է արժանանալու Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը: Արդյո՞ք իշխանության գտնվելու հանգամանքը նպաստելու է, որ այն ողողվի տարասեռ ու տարաբնույթ զանգվածներով, թե՞ կուսակցության ղեկավարները մարդկանց անդամագրելու են սկզբունքներով ու համոզմունքներով:

Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինը ժամանակին շատ զավեշտալի միտք է արտահայտել. Какую организацию ни создай, всё равно КПСС получается: Խորհրդային Միության փլուզումից հետո պարզ դարձավ, որ միլիոնավոր կոմունիստներից իսկապես կոմունիստ են միայն մի քանի հազարը: Հայաստանի պես փոքր երկրներում ընդամենը մի քանի տասնյակը: ՀՀՇ-ի պարտությունից հետո լիբերալները դարձան ազգային պահպանողական, այն է՝ ՀՀԿ-ական, իսկ հիմա՞:

Ի՞նչ անել, որ ՔՊ-ն չդառնա Կոմունիստական կուսակցություն, այսինքն արհեստական գոյացության չվերածվի, որը լցված կլինի անգաղափար ու անսկզբունք տարրերով:

Եւ խոսքը միայն ՔՊ-ի մասին չէ, այլ բոլոր քաղաքական ուժերի: Խնդիրը մի փոքր դժվարանում է այն իմաստով, որ արհեստական խոչընդոտներ է առաջացնում հենց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս մերժում է իզմ-երը՝ նշելով, թե դրանց ժամանակաշրջանը անցել է: Ընկեր, հիմա դու հաղթող ես, կողքիդ էլ միլիոնավոր մարդիկ կան, քեզ սիրում են ու նույնիսկ պաշտում: Բայց ինչ-որ մի օր հնարավոր է և դու պարտվես, պարտվես հանուն գաղափարի և այդ դեպքում ովքե՞ր են լինելու այն գաղափարակից ընկերները, որոնք քեզ հետ միասին պետք է պարտվեն: Իհարկե կլինեն մարդիկ, որոնք կպարտվեն զուտ քո անձի նկատմամբ ունեցած համակրանքից ելնելով, իսկ հանուն գաղափարի՞:

Կլանային գոյացությունից գաղափարական ուժի փոխակերպվելու իրական հնարավորություն ունի ՀՀԿ-ն: Թո՛ղ ֆիլտրեն իրենց ախոռները և ազգային-պահպանողականներին ներգրավվեն իրենց շարքերը: Վստահ եմ համակիրների շատ մեծ բանակ կունենան:

Սա չափազանց կարևոր գործընթաց է, որը նպաստավոր պայմաններ կստեղծի հանրությանը ճգնաժամից դուրս բերելու համար: Խոսքը ապաքաղաքական ճգնաժամի մասին է, որը հանգեցրել է գաղափարական ամորֆության ու ունայնության: Մարդիկ սոցիալական ու քաղաքական նախընտրությունների փոխարեն հայտնվում են փրկիչների տենդագին որոնումների մեջ, քաղաքական գործիչների մեջ ֆավորիտներ են գտնում արտքին հմայքի, պոպուլիզմի, բարեգործության և չգողանալու հանգամանքներով պայմանավորված: Այս արատավոր պրակտիկային ինչ-որ մի օր պետք է վերջ տրվի և հեղափոխությունը կարող է լուրջ ազդակ հանդիսանալ դրա մեկնարկի համար:

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ժողովրդի հետհեղափոխական զգայական պոռթկումը մի օր վերջանալու է, իսկ ինքը հենարանի կարիք է զգալու և այդ հենարանը պետք է լինի ոչ թե իշխանության շուրջ լցոնված անսկզբունք զանգվածը, այլ՝ գաղափարական թիմը:

Ի դեպ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տրամաբանական էր, որ իշխանության պետք է գային լիբերալները, իսկ Հայկական հեղափոխությունն իր էությամբ նախնական դիտարկումների համաձայն ձախական բնույթ ուներ, բայց դաշտում սոցիալիստ գործիչներ չկային, որ հեղափոխության արդյունքում ձևավորված ժամանակավոր կառավարությունում որևէ դերակատարություն ստանձնեին: Իսկ դա իսկապես անհրաժեշտություն է, որովհետև Հայաստանի հանրությունը վերջին տասնամյակներին զոհն է դարձել ոչ թե անձերի, այլ վայրի կապիտալիզմի: Անձերը պարզապես դրա արտաթորանքն էին պետական կառավարման համակարգում:

Փոխարենը կազմվեց լիբերալներից ու պրագմատիկներից կազմված կառավարություն, որի գոյությունը տանելի է այնքանով, որ ժամանակավոր է: Հույս ունենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո այնպիսի կառավարություն կձևավորվի, որը հստակ կուրվագծի իր գաղափարական տեսլականը և մենք վերջապես պատկերացում կկազմենք, թե ի վերջո ինչ ճակատագրի են արժանանալու հանրությանը պատկանող հանքերն ու ռազմավարական ձեռնարկությունները, հանրային տրանսպորտն ու մնացյալ ոլորտները:

Չնայած նոր աստված է հայտնվել հայոց երկնակամարում և նրա անունը Ալբերտ Այնշտայն չէ, այլ՝ Դարոն Աճէմօղլու: Կապիտալիզմի ամենանշանավոր փրկիչներից մեկը, որի ձայնը Հայաստանում լսելի է, բայց ընդդիմախոսներինը՝ ոչ: Դրա համար էլ նա բացարձակ ճշմարտության դիրքերից կգա ու մեզ խորհուրդներ կտա: Թո՛ղ տա:

Մի խոսքով ՔՊ-ն Կոմունիստական կուսակցություն մի՛ դարձրեք:

Քաղաքական դաշտում փիլիսոփայական ու գաղափարական բանավեճ տեսնեմ ու նոր մեռնեմ: Թե չէ հոգնել եմ գողանալու ու ազնվության մասին շատախոսություններից, ինչպես նաև՝ նեոլիբերալ աստվածային խորհուրդ տվողներից:

Հանրահավաքների ժամանակ Վահե Գևորգյանին հեռվից տեսնելիս ուրախանում էի: Ազգայնական-լիբերալ-ինստիտուցիոնալիստ-ամորֆ-անգաղափար-քոչարի զանգվածի մեջ միակ սոցիալ դեմոկրատ դեմքն էր:

Մեկնաբանություն
X