«Լույս» հիմնադրամի միլիարդները. Որտեղի՞ց են գոյացել դրանք

«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը, որի գործադիր խորհդի նախագահը ՀՀ պաշտոնաթող նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն է, մոտակա օրերին կհրավիրվի հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ` քննարկելու «հիմնադրամի ապագային միտված ծրագրերը եւ դրանց ֆինանսավորման հնարավորությունները»: Այս մասին երեկ հիմնադրամի աշխատակազմին եւ կրթաթոշակառուներին հղած նամակում հայտնել է Սարգսյանը: «Ամեն տարի հանդիպելով ձեզանից շատերին` վստահ էի, որ իմ` որպես հիմնադրի հույսերը լիարժեք արդարացնելու եք։ Ձեր այդ հաջողությունները տոնելու ու Հայաստանի ապագայի մեր տեսլականները քննարկելու առիթներ դեռ անպայման կունենանք»,- ասել է Սարգսյանը։ Պաշտոնաթող նախագահի խոսքով՝ ընթացիկ ծրագրերի ծավալներն օբյեկտիվորեն կրճատվելու են, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը` հիմնականում դադարեցվելու են ի՝ նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի: «Հետագա մեր հաղթարշավը պետք է անցնենք՝ վերաիմաստավորելով այսօրվա ձեռքբերումները, հստակեցնելով ապագայի տեսլականը եւ հաշվի առնելով առկա ռեսուրսները մեր հասարակության եւ ազգային կարիքներին լավագույնս ծառայեցնելու նպատակը»,-նամակում մասնավորապես նշել է Սարգսյանը: Ըստ տարածված կարծիքի՝ հիմնադրամները, մասնավորապես ահռելի դրամական միջոցների հետ գործ ունեցողները, իրենց հիմնական առաքելությունից զատ ծառայում են նաեւ որպես զանազան ֆինանսական զեղծարարությունների իրականացման, եւ հատկապես «փող լվալու» օրինական ճանապահ: ՀՀ-ում գործող հիմնադրամների աշխատաոճին ծանոթ որոշ քաջատեղյակներ Սերժ Սարգսյանի այս նամակը դիտարկեցին որպես «փող լվալու» օպերացիաային վերջ դնելուն միտված քայլ, որը մշուշում է «Լույսի» ապագան:

Հիմնադրամը գումարով աջակցել է Սերժ Սարգսյանի սանուհուն

Նկատենք, որ 2009թ.-ից գործող հիշյալ հիմնադրամը ունեցել է շուրջ 570 կրթաթոշակառու, որոնք ուսանել են աշխարհի առաջատար 10 բուհերում: Հիմնադրամն անցնող տարիներին իրականացրել է նաեւ մի շարք մշակութային, կրթական ու ստեղծագործական կազմակերպությունների ու տաղանդաշատ անհատների ֆինանսավորում: Մենք ուսումնասիրեցինք Հիմնադրամի 2017 թ գործունեության մասին հաշվետվությունը, որը մոտ մեկուկես ամիս առաջ է հրապարակվել: Ըստ այդմ՝ անցյալ տարի «Լույսը» 116 ուսանողների աջակցել է ընդունվել աշխարհի առաջատար կրթական հաստատություններ եւ այդ ծրագրի վրա ծախսել է 1 միլիարդ, 683 միլիոն 480 հազար 260 դրամ: Ուշագրավ է, որ հիմնադրամը դրամական աջակցություն է ցուցաբերել այլ հիմնադրամների նույնպես, ինչպես նաեւ աջակցել է տարբեր մշակութային ծրագրերի: Մասնավորապես 60 միլիոն դրամ է փոխանցել «Ճամփորդ» հասարակական հիմնադրամին՝ «օգնելու եւ առաջնորդելու երիտասարդ լրագրողներին, իրենց առաջին քայլերն անող տպագիր ԶԼՄ-ներին, ինչպես նաեւ աջակցելու անկախ լրագրության ու քաղաքական հասարակության զարգացմանը»: Թե հատկապես այդ ո՞ր «առաջին քայլեր անող ԶԼՄ-ների» մասին է խոսքը՝ նշված չէ հաշվետվության մեջ: Հասկանալի չէ նաեւ, թե ի՞նչ միջոցառումներ են իրականացվել «անկախ լրագրության եւ քաղաքական հասարակության զարգացմանն» աջակցելու համար:

Հայտնի է, որ «Ճամփորդ» հիմնադրամը հիմնել է Սերժ Սարգսյանի սանուհի, շախմատիստ Լեւոն Արոնյանի տիկին Արիաննե Կաոիլին, ով նաեւ «Ճամփորդ» անվճար թերթի գլխավոր խմբագիրն է: Հիմնադրամը 200 միլիոն դրամ է հակացրել նաեւ Երեւանի թվով երեք նախակրթարանների՝ շենքային պայմանները բարելավվելու համար: Նախակրթարանների անունները եւս նշված չեն հաշվետվության մեջ: Հաջորդ խոշոր աջակցությունը՝ 388 միլիոն 700 հազար դրամ, ցուցաբերվել է «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին՝ նվագախմբի բնականոն գործունեության եւ տարբեր մշակութային ծրագրերին մասնակցելու համար: 57 միլիոն 600 հազար դրամ աջակցություն է տրամադրվել «Կովկաս-Կասպիան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտ» հիմնադրամին՝գիտական ծրագրերի իրականացման համար: Այս հիմնադրամի նախագահը արեւելագետ Գառնիկ Ասատրյանն է: 24 միլիոն 164 հազրա 514 դրամ էլ հատկացվել է «Այբ» կրթական հիմնադրամին՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների FAST հիմնադրամ ստեղելու նպատակով: Ի դեպ, Սերժ Սարգսյանը մեկ այլ նամակով էլ դիմել է FAST հիմնադրամի հիմնադիրներներին՝ տեղեկացնելով, որ «Լույս» հիմնադրամը մայիսի 31-ից ի վեր դադարեցնում է իր ֆինանսական մասնակցությունը FAST հիմնադրամի հետագա աշխատանքներին։ Հաշվետվության մեջ նշված է նաեւ, որ 1 մլրդ 610 մլն 58 հազար 15 դրամ էլ «Լույսը» հատկացրել է այլ համանման կազմակերպությունների եւ սոցիալ-մշակութային, գիտական այլ ծրագրերի: «Լույսի» գործադիր խորհրդի անդամներն են Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանը, նախկին վարչապետ, «Լույսի» համահիմնադիր Տիգրան Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը :

Ովքե՞ր են ֆինանսավորողները

Նշենք,որ Հիմնադրամի ֆինանսավորման աղբյուր որպես նշված է նախկին նախագահ Ռ.Քոչարյանի անվան հետ կապվող «Ղ-Տելեկոմ ՓԲԸ»-ն, որը անցյալ տարի 90 մլն դրամ է հատկացրել աշխարհի առաջատար կրթական հաստատություն ընդունված 10 ուսանողի: Իսկ ահա 315 մլն 700 հազար դրամ էլ որպես աջակցություն հատկացրել է մշակութային ծրագրերին: Հաջորդ խոշոր ֆինանսավորումը՝ 100 միլիոն դրամ, կատարվել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ի կողմից: Գումարը տրամադրվել է որպես աջակցություն աշխարհի առաջատար բուհեր ընդունված 10 հայազգի ուսանողների: Ուշագրավ են նաեւ նվիրատվություններն ու դրանց չափը: Մասնավորապես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ՝ 1միլիարդ դրամ: ՀԷՑ-ը, ինչպես գիտենք, պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին: Մինչդեռ ՀԷՑ-ը վնասով աշխատող ընկերություն է համարվում: «Ֆորբսահայ» գործարարին պատկանող մեկ այլ կազմակերպություն՝ «Տաշիր» հիմնադրամը, ցուցաբերել է 627 մլն 29 հազար դրամ նվիրատվություն, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն՝ 100 մլն դրամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ՝ 650 մլն դրամ, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ՝ 192 մլն դրամ: Այլ նվիրատվություն ցուցբերած անհատ բարերաներ եւ ընկերություններ՝ 1 մլրդ 91 մլն, 15 հազրա 100 դրամ: Նվիրաբերությունների ցանկում էլ նշված է Լտելեկոմ ՓԲԸ-ն՝ 405 մլն 700 հազար դրամ, «ՀՀ Կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ն՝ 100 մլն դրամ: Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը կազմել է 4 մլրդ, 719 մլն, 339 հազար 740 դրամ: Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը կազմել է ճիշտ նույնքան՝ 4 մլրդ, 719 մլն, 339 հազար 740 դրամ: Նշենք, որ նախորդ տարիներին նույնպես նշված ընկերություններից որոշները խոշոր նվիրատվություններ են փոխանցել հիմադրամին: Մասնավորապես վնասով աշխատող ՀԷՑ-ը 2014-ին 1 մլրդ 500 միլիոն դրամ է փոխանցել, 2015-ին՝ 500 մլն դրամ (Եւ սա այն դեպքում, երբ 2015-ին էլեկտաէներգիայի թանկացման դեմ հազարավոր մարդիկ՝ «էլեկտրիկ երեւանցիներ» հանրահավաքներ էին իրականացնում), Ղ-Տելեկոմը՝ 739 մլն 800 հազար դրամ:

Ո՞վ է աուդիտ իրականացրել

Նշենք, որ հիմնադրամի գործունեությունը աուդիտի է ենթարկել «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ն: Ըստ աուդիտի եզրակացության՝ կից ներկայացված ֆինանսական հաշվետվությունները, «բոլոր էական առումներով, ճշմարիտ են ներկայացնում Հիմնադրամի ֆինանսական վիճակը 2017 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ»: Նշենք, որ 2017 թ մարտին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, այս ընկերության եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության միջեւ Պայմանավորվածությունների մասին հուշագիր է ստորագրվել: Հուշագրի համաձայն՝ «Քեյ Փի Էմ Ջի»-ն պատրաստելու է Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նյութեր, որոնք ներկայացվելու են միջազգային տարբեր հարթակներում: «Քեյ Փի Էմ Ջի»-ն աշխարհի ամենախոշոր միջազգային խորհրդատվական աուդիտորական ընկերություններից մեկն է, գործում է մոտ 160 երկրում:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X