Հայկական թավշյա հեղափոխության մասին առաջին գիրքը

Հայաստանյան վերջին օրերի իրադարձություններն ամփոփված են մեկ գրքում. հունիսին լույս կտեսնի «Հայկական թավշյա հեղափոխությունը» գիրքը: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ հրատարակվելիք այս գիրքը միաժամանակ լույս է տեսնելու հայերեն, ռուսերեն եւ անգլերեն՝ լայն շրջանակներին մեր պատմության կարեւորագույն էջերը ներկայացնելու նպատակով:

Այն ոչ միայն հեղափոխական ընթացքի յուրատեսակ քրոնիկոն է, այլեւ վերջին տարիների կարեւորագույն քաղաքական իրադարձության ամբողջական, հավասարակշիռ վերլուծություն: Գրքում ներկայացված են նաեւ «Հայկական թավշյա հեղափոխությանն» առնչվող միջազգային փորձագետների գնահատականները:

Գրքի հեղինակ Ստեփան Գրիգորյանը ոչ թե պարզապես հետեւել է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, այլեւ դրանց անմիջական մասնակիցն է եղել: Ի դեպ, հեղափոխության օրերին գրքի հեղինակը նաեւ ձերբակալվել է: Այս օրերին Գրիգորյանը պարբերաբար հարցազրույցներ է տվել ոչ միայն հայաստանյան, այլեւ արտասահմանյան լրատվամիջոցներին՝ վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

Տեղեկացնենք, որ «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը ներառելու է նաեւ երկրում տեղի ունեցող իրադարձությունների կադրեր:

Մեկնաբանություն
X