Հա՛մ լավ ռեժիսոր է, հա՛մ վաղեմի ընկեր

Մոտ մեկ ամիս առաջ Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն նշանակվեց լրագրող, ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Հռիփսիմե Առաքելյանը։ Նրան մրցութային հանձնաժողովը հաղթող էր ճանաչել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված 2-րդ մրցույթի ժամանակ, քանի որ առաջին մրցույթում թեեւ թեկնածուների պակաս չէր եղել, բայց հանձնաժողովը ոչ մեկին հաղթող չէր ճանաչել։

Ինչ վերաբերում է թատրոնում գեղղեկավար կամ գլխավոր ռեժիսոր ունենալու հանգամանքին, ապա թատրոնի դերասանները վերջին տարիներին անընդմեջ բարձրաձայնում էին դրա մասին։ Սակայն այդ հաստիքի անհրաժեշտությունը չէր տեսնում արդեն մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը, քանի որ այդ բացը, ըստ նրա, կարելի էր լրացնել հրավիրյալ եւ տարբեր ձեռագրեր ունեցող ռեժիսորներով։

Ինչպես տեղեկացանք, օրերս թատրոնի նորանշանակ տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը ներկայացրել է թատրոնի նոր գլխավոր ռեժիսորին՝ Սամսոն Ստեփանյանին, ում ներկայացնելիս, ի թիվս այլ արժանիքների, նշել է, որ իր 100 տարվա ընկերն է, մի բան, որ միանշանակ չի ընկալվել շատերի կողմից, ասել է թե՝ նշանակվում է թատրոնի գլխավոր ռեժիսոր, քանի որ հարյուր տարվա ընկերդ է։

Նշենք, որ Սամսոն Ստեփանյանը, որպես բեմադրիչ, հանդես է եկել Երեւանի «Գոյ» ազգային փորձարարական կենտրոնում, Երեւանի պետական երիտասարդական, կամերային, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, կամերային երաժշտական, Համազգային, Հալեպի Պետրոս Ադամյանի անվան թատրոններում։

Թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ գլխավոր ռեժիսորի նշանակման հարցն ի՞ր որոշումն էր, թե՞ նախարարության։ «Այսի՞նքն՝ ես այդտեղ տնօրեն եմ, Սամսոնն էլ բավականին լավ ռեժիսոր է, եւ կոլեկտիվն ինքն էլ միշտ հակված է եղել եւ շատ է ցանկացել, որ Սամսոն Ստեփանյանը գլխավոր ռեժիսոր լինի թատրոնում»,- ասաց նա ու ընդգծեց, որ այդ որոշումն ընդունվել է տնօրենի՝ իր իրավասությունների շրջանակում, նաեւ՝ խորհրդակցելով թատրոնի կոլեկտիվի հետ։ Առաքելյանը նկատում է, որ իր նշանակման առաջին օրից այս թեմայի շուրջ քննարկումներ են ունեցել կոլեկտիվի հետ, եւ ինքն էլ ընդառաջ է գնացել նրանց ցանկությանը․ «Իսկ կոլեկտիվը շատ լավն է, մենք հիմա շատ լավ թիմային աշխատանք ենք սկսել։ Ի վերջո, իրենք պետք է աշխատեն այդ մարդու հետ, ու կարեւոր էր, որ իրենց ցանկությամբ լիներ, ես էլ, իրենց ցանկությանն ընդառաջ գնալով, Սամսոնին նշանակել եմ, կարող եք գալ եւ տեսնել, թե թատրոնում ինչ հավես, հետաքրքրիր վիճակ է ստեղծվել, նրանք սիրով, ծափերով ընդունեցին Սամսոնին։ Ինձ համար էլ շատ ընդունելի, հարգելի անձնավորություն է Սամսոնը, մենք շատ վաղուցվանից ենք իրար ճանաչում, եւ որոշեցինք Սամսոնին նշանակել։ Արդեն մի քանի օր է՝ շատ ոգեւորված եւ հաճույքով աշխատում են նրա հետ»։

Սամսոն Ստեփանյանից բացի՝ կոլեկտիվը, ինքը այլ ռեժիսորների թեկնածություններ քննարկե՞լ են։ «Սա մեծամասնության կարծիքը հաշվի առնելով է արվել, ուրիշ տարբերակ չի էլ եղել, հավատացեք, քննարկվել է, թե ում հետ կուզեք աշխատել, որովհետեւ տարբեր հրավիրյալ ռեժիսորների հետ աշխատել են, բոլորը միաձայն ասում էին՝ «կլինի՞, որ Սամսոն Ստեփանյանը գա մեզ մոտ, որովհետեւ նրա հետ փորձ ունենք աշխատելու»։ Սամսոնն էլ իր հերթին սիրով համաձայնեց եւ եկավ մեզ մոտ աշխատելու։ Կարծում եմ՝ լավ լուծում ենք գտել, եւ պետք է որ լավ ընթացք ունենա մեր աշխատանքը»։

Հարցին, թե ինչ ներկայացումներ է բեմադրելու նորանշանակ գլխավոր ռեժիսորը, պատասխանեց՝ քանի որ նոր է նշանակվել, դեռ միասին աշխատում են խաղացանկի վրա․ «Մենք ներկայացումներ ունենք, որ բավականին հնացել են, ներկայացումներ կան, որ պետք է մի փոքր շտկել։ Այսինքն՝ այս բոլոր գործառույթները Սամսոնի վրա են դրված, եւ քննարկելով, նաեւ դերասանների հետ գալով ինչ-որ եզրակացության, մեկս մյուսին օգնելով՝ կգանք ինչ-որ վիճակի, մի փոքր խաղացանկը կմաքրենք ու տեսքի կբերենք»։

Նա նշեց, որ թեեւ Սամսոն Ստեփանյանը կլինի գլխավոր ռեժիսոր, բայց թատրոնում բեմադրություններ կանեն նաեւ այլ հրավիրյալ ռեժիսորներ․ «Ամբողջ խաղացանկը չեն լինելու Սամսոն Ստեփանյանի ներկայացումները, այդպես նորմալ չէ։ Այս պահի դրությամբ ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը հրավիրյալ ռեժիսորի կարգավիճակում «Տերն ու ծառան» է բեմադրում, փորձերն արդեն սկսել ենք, որի պրեմիերան նախատեսված է հունիսի կեսերին։ Սամսոն Ստեփանյանը մեզ մոտ, իհարկե, կունենա բեմադրած ներկայացումներ։ Նա արդեն մի 3-4 գործ բերել է, քննարկում ենք, տեսնենք, թե դրանցից որ մեկով կբացենք մեր թատրոնի 30-րդ թատերաշրջանը»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X