Շուշիի ռազմագործողությունը իրականություն դարձավ Անկախ Հայաստանի Հանրապետության կամքով և միջամտությամբ

Պաշտոնական քարոզչությունը և առհասարակ արդի հասարակական-քաղաքական միտքը Շուշիի ազատագրումը դիտարկում է որպես ֆիդայական կռվի ինչ-որ ռոմանտիկ դրսևորում: Մի խումբ բեղավոր հայրենասեր ֆիդայիներ վերցրեցին և ազատագրեցին Շուշին: Այսինքն` գործողությունն այդ վերածվել է վիպերգի, որը ողողված է տարատեսակ հերոսապատումներով և գերբնական հատկություններ ստացած անհատներով: Ի դեպ` այդ անհատների դերը և նշանակությունը ակնհայտորեն ուռճացված է: Դե առհասարակ հերոս բառն էլ ինքնին կորցրել է իր բուն էությունը` ենթարկվելով իմաստային ձևախեղման: 100 տարի անց եթե մարդիկ փորձեն ուսումնասիրել 21-րդ դարասկզբին ստեղծված հրապարակախոսական-քաղաքական տեքստերը, ապա նրանց առջև է բացվելու «ուռա հայրենասիրությամբ» բովանդակային տեսանկյունից դատարկ մի իրականություն: Ֆիդայիները գնացին, ֆիդայիները եկան, սխրանքներ գործեցին, ոչնչացրեցին դավադիր ասկյարներին և ազատագրեցին Շուշին:

Իհարկե, վերը թվարկված մոտեցումները մասնակիորեն անհրաժեշտ են, բայց չի կարելի գաղափարական ողջ տիրույթը լցնել ուռա հայրենասիրությամբ, այնուհետև դա տանել դպրոցներ և համալսարաններ, նկարել ֆիլմեր և ամենն այդ նույն տրամաբանությամբ: Գրեթե ոչ ոքի մտքով չի անցնում Շուշիի հաջողված ռազմագործողությունը դիտարկել որպես ռազմաքաղաքական ակտ: Վերլուծել դրա հետևանքները, նախորդող և հաջորդող շրջանները: Ու այս իմաստաբանական շղթայի տրամաբանությամբ հավաքել ժամանակաշրջանի քաղաքական խճանկարը: Իսկապես չափազանց հիասթափեցնող է, երբ Շուշիի ազատագրումը մարդկանց ընկալումների մեջ դիտարկվում է որպես Առաքելոց վանքի մակարդակի կռիվ: Տպավորությունն է այդպիսին: Մարդկանց պետք է բացատրել, որ Շուշին ու Առաքելոց վանքը տարբեր հասկացություններ են, հայ հանրությունն այլևս Օսմանյան և Ռուսական կայսրությունների տիրապետության տակ չի ապրում, և վերջապես Շուշիի ռազմագործողությունը իրականություն դարձավ Անկախ Հայաստանի Հանրապետության կամքով և միջամտությամբ:

Թե չէ ստացվում է այնպես, որ Արկադի Տեր-Թադևոսյանը մի քանի ֆիդայիների հետ վերցրեց ու գնաց Շուշին գրավելու: Ինչպե°ս կարող է այդպես լինել: Իհարկե որևէ կերպ փորձ չի արվում ստվերել պատերազմի մասնակից զինվորականների դերն ու նշանակությունը: Բայց պատերազմում հաղթանակ տանելու գործում առաջին հերթին պետք է շեշտադրվի օրվա քաղաքական բարձր ղեկավարության հսկայական դերակատարությունը: Հայաստանի իշխանությունների կազմակերպական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական ճշգրիտ քաղաքականության արդյունքում Հայաստանն ու Ղարաբաղը հաղթեցին Ադրբեջանին: Թե չէ ռազմաքաղաքական լրջագույն գործողությունները հավասարեցրել ենք ֆիդայական ապստամբության մակարդակի: Չի կարելի այդպես: Առաջին հերթին պետք է համարձակություն ունենալ խոստովանել հենց այս ճշմարտությունները: Իսկապես կապ չունի, թե ովքեր են եղել այդ շրջանի քաղաքական ղեկավարները: Անկախ այն հանգամանքից, թե մենք ինչպես ենք վերաբերում Լևոն Տեր-Պետրոսյանին, Հրանտ Բագրատյանին, Վանո Սիրադեղյանին, Վազգեն Մանուկյանին, Վազգեն Սարգսյանին, Սամվել Բաբայանին, Արկադի Ղուկասյանին, բայց չենք կարող չխոստովանել, որ պատերազմը ավարտվել է հաղթանակով հենց այդ մարդկանց առաջնորդությամբ: Եթե Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը կարողանար պարտության մատնել Ադրբեջանին, ապա տարիներ հետո, անկախ այդ անհատի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, պետք է խոստովանեինք ու արձանագրեինք, որ նա հաղթել է պատերազմում:

Մեկնաբանություն
X