Նիկոլն արեց առավելագույնը, մնացածը համահայկական գիտակցության խնդիր է

Երեկ ԱԺ-ն 59 կողմ, 42 դեմ ձայներով ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրեց Նիկոլ Փաշինյանին, որն ԱԺ-ից միանգամից գնաց Հանրապետության հրապարակ, որտեղ տասնյակ հազարավոր քաղաքացիներ տոնում էին համաժողովրդական շարժման հաղթանակը։

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը շնորհավորում է ժողովրդին համաժողովրդական այս հաղթանակի կապակցությամբ եւ շտապում հավելել, որ այն իր համար անսպասելի չէր․ «Տարիներ շարունակ կուտակված անհաջողությունները, բացթողումները եկան կուլմինացրեցին, եւ այս ամենի հրաշալի դրոշակակիրը դարձան երիտասարդները, որոնք պետք է վաղվա օրվա կերտողը լինեն, այսինքն՝ պատասխանատվությունն այս սերունդը վերցրեց իր վրա։

Մեր սերունդն ինչ-որ բաներ կարողացավ անել, այդ թվում՝ 65-ին, ինչ-որ բաներ զարգացան, որ անգամ սովետի ժամանակ դժվար էր պատկերացնել։ Այդ զարգացումը շատ ձգձգվեց, 30 տարվա մեջ մենք կարող էինք ունենալ աշխարհի լավագույն երկիրը։ Ցավոք, չկարողացանք սրտացավ եւ խելոք գտնվել մեր երկիրը կառուցելու հարցում, եւ բավականին բացթողումներ եղան։ Հրաշալի է, որ այսօր այդ առիթն ստեղծվեց, որ ժողովուրդը դառնա իր երկրի տերը։

Աստված չանի, որ որեւէ հիասթափություն լինի, որովհետեւ հավատում ենք բոլորս, հատկապես Նիկոլ Փաշինյանին, ում հարցուպատասխաններով ԱԺ-ի ելույթն անսպասելի հարստություն էր։ Լավ էր, որ ընդդիմություն կար, եւ շատ հարցեր տվեցին՝ գուցե ոչ տեղին, բայց այդ հարցերը Նիկոլի համար անցաթուղթ դարձան եւ իրեն հրաշալի ներկայացնելու միջոց։

Մենք այսօր խոսում էինք Արամ Սաթյանի հետ եւ եկանք այն եզրակացության, որ այն դրույթները, խնդիրները, որ բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը, եթե դրանց 50-60 տոկոսն իրականություն դառնա, ուրեմն բավականին առաջընթաց կլինի, եւ մեր երկիրն այս ծանր վիճակից դուրս կգա։ Ես ուղղակի կհորդորեի, որ իմաստուն գտնվեն, օրենքը պետք է գործի մեր երկրում։ Մեր երկրի միակ չարիքը եղել է օրենքի հանդեպ արհամարհանքը»։

Գեղանկարիչն ընդգծում է, որ այս օրերը ցույց տվեցին, որ շշմելու երիտասարդ սերունդ ունենք, որն իր մեջ ե՛ւ մշակույթ ունի, ե՛ւ մտահոգություն․ «Տեսեք՝ մենք բողոքում ենք կրթական համակարգից, բայց պարզվում է՝ մեր ընտանիքներում կարգին երեխաներ են մեծանում։

Եվ հրաշալի է, որ Փաշինյանի եզրափակիչ ելույթում խոսք գնաց բոլոր ասպարեզներից, այդ թվում՝ մշակույթի մասին։ Ես ուրախ եմ, որ նա ասաց՝ դեռ պետք է հանդիպի մշակույթի գործիչների հետ, որովհետեւ իրականում մշակույթի ասպարեզը նույն կեղտի մեջ է տրորվել, ինչ որ մեր հասարակությունը, ավելին՝ մշակույթի ասպարեզում շատ ավելի ակնհայտ են այդ արատները»։

Հավատը մեծ բան է՝ նկատում է Հաղթանակ Շահումյանն ու հավելում, որ չնայած արդեն այսօր շատերն են խոսում հուսախաբությունից, բայց ինքը կոչ կաներ բոլորին մոռանալ ամեն տեսակ վիրավորանքները, որովհետեւ վիրավորանքով երկիր չեն ստեղծում․ «Պետք է երկրի, ժողովրդի առաջ չոքել, անկախ նրանից՝ վիրավորվա՞ծ ես, թե՞ չէ։

Անձնական նկրտումները բոլորը մի կողմ դնեն, եւ փորձենք այն, ինչ բաց ենք թողել, եւ այն, ինչին մեր երկիրն արժանի է, դա ստեղծենք։ Մենք բոլորս պետք է իրար կողքի կանգնենք, եւ Աստված բոլորիս տա բանականություն։ Աստվածների փոխարեն ես մեր նախնիներին կդիմեմ, որ մեծ ու փոքր միանան եւ մեր երկիրն իմաստնության ու կյանքի երկիր դարձնեն, դրանից հետո մարդիկ իրենք իրենց հետ կգան»։

Գեղանկարիչ Սամվել Սեւադայի դիտարկմամբ՝ ԱԺ-ն, կարելի է ասել, ժողովրդի պարտադրանքի ներքո կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին․ «Երբ այս ամեն ինչն սկսվեց, մի քիչ թերահավատ էի՝ ճանաչելով իշխանություններին, բայց կեսից արդեն զգացի, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, եւ արդեն զգացվում էր տագնապը ղեկավարության շրջանակներում, բայց նաեւ զգացվում էր ինքնավստահությունը երիտասարդների եւ Նիկոլի մոտ։ Փառք Աստծո, բոլորս հասանք մեր նպատակին։

Հիմա սպասում ենք, որ տեսնենք լավ Հայաստան, եւ բոլորս պետք է մասնակցենք այս գործին, այնպես չէ, որ պետք է նստենք ու սպասենք, թե երբ պիտի լավանա Հայաստանը, Նիկոլը մենակ ո՞նց պետք է լավացնի, բոլորս պետք է աշխատենք, ամեն մեկս մեր տեղում պետք է օգնենք եւ աշխատենք, որ երկիրն ավելի լավանա»։

Սամվել Սեւադան ասում է՝ երբեք բառերի պակաս չեմ զգացել, բայց օրեր առաջ, երբ բեմահարթակի մոտ կանգնած նկարում էի, բառեր չէի գտնում ասելու․ «Մտերիմ ենք Նիկոլի հետ, կանգնել էի նրա դիմաց, բայց բառեր չէի գտնում խոսալու, չգիտեի ինչ ասեի, միայն նայում էի նրան ու ժպտում։ Ցնցող տպավորություն է այս ամենն իմ վրա թողել, եւ մենք դեռ չենք արթնացել այս լավ երազից, պիտի արթնանանք ու անցնենք գործի»։

Միանշանակ կարող ենք ասել, որ այսօրվանից Հայաստանի նոր պատմության մեջ նոր էջ է բացվում՝ համոզված է գեղանկարիչը․ «Նոր, պայծառ, լուսավոր էջ է բացվում Հայաստանի պատմության մեջ։ Ժողովուրդը շատ լավ ոտքի կանգնեց, մեծ, փոքր՝ բոլորը ոտքի կանգնեցին, սխալ էին ասում՝ ԱԺ-ում ժողովրդին բաժանելով սեւ ու սպիտակի, այդպես չէ, ժողովրդի մեծ մասն էր ցանկանում այս փոփոխությունը, որը, փառք Աստծո, տեղի ունեցավ»։

Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանն ասում է, որ շատ պատասխանատու շրջան է սկսվում, չնայած բոլորն ասում են, թե հեղափոխությունը նոր է սկսվում, բայց խնդիրը միայն դա չէ․ «Երբ նայում ենք տարածաշրջանում այս աշխարհաքաղաքական ընդհանուր թոհուբոհի մեջ, բնականաբար՝ սա, եթե անգամ ամեն ինչ ինքնաբուխ ու ճշմարիտ է, որին ուզում եմ հավատալ, վերջին հաշվով շատ վտանգավոր է, որովհետեւ ինչ ուժեր ասես կարող են օգտվել այս շարժումից եւ այն ուղղորդել։ Այս առումով վիճակը շատ պատասխանատու եւ բարդ է, որի ամենամեծ երաշխիքն այն է, որ ժողովուրդն արթնացել է, եւ սա մեր շարժումն է, ով ուզում է ծրագրած լինի, սա չէ էականը։ Այս արթնացումը մեր ամենամեծ ձեռքբերումն է, բայց զգոնությունը չպետք է կորցնենք»։

Չալիկյանին շատ բաներ են մտահոգում՝ սկսած հնչող ռաբիս երաժշտությունից մինչեւ գեղագիտորեն ձեւավորված բեմը․ «Ես շատ կուզեմ, որ այս շարժումը թիկունքում ունենար գաղափարական, մտավոր, հոգեւոր, ծրագրային շատ հզոր հենք, ու այդ դեպքում մեզ ոչ ոք չէր կարող շեղել, որովհետեւ ցանկացած ստեղծագործության մեջ գաղափարական, գեղարվեստական հզոր որակն է, որն անկառավարելի է, դա ինքն է ստեղծում իր արժեքները։

Այս դեպքում, իհարկե, խնդիրը Նիկոլը չէ, եւ չի կարելի չգնահատել իր նվիրումը, ֆանատիզմը, եւ ուրիշ մարդ չէր կարող սա անել։ Սա շատ գնահատելի է։ Իմ համար նաեւ շատ վտանգավոր է, երբ այս հեղափոխական փոփոխական ժամանակում Նիկոլ Փաշինյանի կողքին հայտնվում են էն հոգեւոր արժեքները կրող մարդիկ, ովքեր մեկ ամիս առաջ լրիվ ուրիշ կերպ էին մտածում, այսինքն՝ պատեհապաշտ, իրենց շահն առաջնային տեսնող մարդիկ։

Այս դաշտից ես ավելի եմ վախենում, քան այդ դաշտի բացակայությունից։ Այս դեպքում ամենակարեւորը՝ որպեսզի այդ վտանգը, այդ արժեքները կրող համակարգը ձեւավորվի առանց շահեկան, նպատակային խնդիրների եւ փորձի վերջին հաշվով ուղղորդել, տեր կանգնել այս շարժմանը, որովհետեւ չի կարելի թույլ տալ, որ ժողովրդի էս ոգեւորությունը հանգի։

Սա շատ կարեւոր հաղթանակ է եւ, երաշխիք լինելով հանդերձ, պետք է սնվի այդ հոգեւոր իմպուլսներով, որի բացակայությունը չի կարելի հանդուրժել, եւ որը միայն Նիկոլից չի կարելի սպասել։ Նիկոլն արեց առավելագույնը, մնացածը համահայկական գիտակցության խնդիր է, եւ պետք է կարողանան այդ ուժերին տեր կանգնել»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X