Սասնա Ծռերին նոր իշխանությունը չի ընդունի որպես ազատագրական պայքար մղող խումբ

Քանի որ մարդիկ անհամբեր կերպով սպասում են քաղ բանտարկյալների ազատ արձակմանը, ապա պիտի հաշվի առնենք, որ ուղղակի բանտախցերի դռները բացել ու նրանց ազատ արձակել հնարավոր չի լինի, պետք է պահպանվեն բոլոր իրավական պրոցեդուրաները:

Այդ իսկ առումով բացի Սասնա Ծռերից, մնացած բոլոր քաղբանտարկյալների հարցը հեշտ լուծելի է դառնում, քանի որ նրանց նկատմամբ դատարանների կողմից ընդունված դատավճիռները կբողոքարկվեն օրենքի սահմաններում ու, արդեն նոր կայացված դատական վճիռներով, ազատ կարձակվեն, որովհետև բոլորի համար էլ ակնհայտ է, որ այդ մարդիկ ոչ մի հանցագործություն չեն կատարել ու նրանց նկատմամբ կիրառված պատիժներն անօրինական են:

Իսկ ահա Սասնա Ծռերի հարցը մի քիչ բարդ է, նրանք զինված հարձակում են գործել ՊՊԾ գնդի վրա: Իհարկե, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ այդ խժդժությունների ժամանակ, ոստիկանների հանելուկային գնդակահարության հետ Սասնա Ծռերը ոչ մի կապ չունեին, բայց այնուամենայնիվ զինված հարձակումն ու ՊՊԾ գնդի գրավումը արդեն իսկ հանցագործություն է:

Այ եթե այն ամենը, ինչը տեղի ունեցավ այս օրերին, իսկապես հեղափոխություն լիներ, ու իշխանության եկած նոր ուժերը հայտարարեին, որ վերջին 27 տարիների ընթացքում Հայաստանի անկախությունը ֆիկցիա է եղել և մեր երկիրը իրականում բռնազավթված է եղել, ապա Սասնա Ծռերի կողմից ՊՊԾ գնդի գրավումը արդեն կհամարվեր ոչ թե հանցագործություն, այլ ազատագրական պայքար, որը շատ արդարացի կլիներ:

Բայց քանի որ իրականում ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել, այլ ընդամենը կատարվել է սահմանադրության նորմերին համապատասխան իշխանափոխություն, ապա սպասել նոր իշխանություններից, որ նրանք այդպիսի բան կհայտարարեն, կսկսեն լյուստրացիա ու կփորձեն ապագաղութացման քաղաքականություն իրականացնել, ուղղակի անիմաստ է:

Իհարկե կլինեն փոփոխություններ, քանի որ ժողովրդին փողոց են հանել ու ժողովուրդը սպասումներ ունի, բայց բեկումնային փոփոխություններ չեն լինի, կլինեն միայն կոսմետիկ փոփոխություններ: Ու, հենց այդ տրամաբանությունից ելնելով, կարող եմ պնդել, որ Սասնա Ծռերին նոր իշխանությունները չեն ընդունի որպես ազատագրական պայքար մղող խումբ, այլ կդիտարկեն որպես հանցագործություն կատարող խումբ։

Բայց կարծում եմ կվերանայվեն նրանց նկատմամբ դատարանների կողմից ընդունված դատավճիռները, դրանք հնարավորինս մեղմելու ակնկալիքով, ու համաներում կիրառելով ազատ կարձակվեն: Սա՝ լավագույն դեպքում։ Կարող է և սա էլ չանեն: Կարճ ասած, կապրենք կտեսնենք:

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X