Դիլիջանի ազգային պարկում ծառերի սպանդ են իրականացրել

>

Երեկ մինչ բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր ՀՀ վարչապետի ընտրության վրա, Դիլիջանի անտառներում մեծ թվով ծառեր էին հատվում: «Դիլիջանի անտառներում, օգտելով դրությունից, ինտենսիվորեն անտառ են հատում, Հայկն ու մոտ քսան բնապահպաններ տեղում փորձում են դեմերն առնել»,- տեղեկացնում է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Լևոն Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանը, ով հասարակական ակտիվիստ է, զբաղվում է նաև բնապահպանական խնդիրներով, նշում է, որ երեկ իրեն ահազանգել են Բնապահպանի տուն / Eco House and Camp /խմբի անդամները, եւ միասին մեկնելով Դիլիջան՝ հայտնաբերել են 200 ից ավել հատված ծառ:

«Այդ սպանդը տեղի է ունեցել երկու օրվա ընթացքում: 4 ժամում կարողացանք որոշակի ինֆորմացիա հավաքել, եւ կտրամադրենք բնապահպանության նախարարությանը, որպեսզի զբաղվեն»,-ասում է բնապահպան ակտիվիստը՝ միաժամանակ առաջարկելով մեխանիզմներ, որոնք, ըստ նրա, կիրառելու դեպքում վերջ կդրվեն ապօրին ծառահատումներին:

«Բնապահպանության նախարարին կամ ապագա ձևավորվող նախարարությանը տեղեկացնում ենք, որ ոլորտը խիստ թերի է, եւ կարիք ունի հիմնային փոփոխության: Մեկ կամ երկու հոգու պատժելով հարցը չի լուծվում: Մենք՝ բնապահպաններս առաջարկում ենք հետևյալը՝ անտառապահը, ով պատասխանատու է այս ամենի համար, չպետք է լինի տեղի բնակիչ: Օրինակ Դիլիջանի պարկի անտառապահը պետք է լինի մարզերից կամ Երևանից:

Բոլոր անտառապահները պետք է ունենան զենքեր իրենց մոտ, պետք է պատրաստված լինեն թե ֆիզիկական, թե գաղափարական առումով, որպեսզի կարողանան ճարպիկ գործել, վազել եւ բռնել հանցագործին: Նրանք պետք է ձերբակալման իրավունք ունենան: Պետք է ձևավորվեն այսպես ասած կազարմաներ, որտեղ նրանք կհավաքվեն եւ 15 օրը մեկ վերաբաշխում կարվի, նույն անտառապահը միևնույն տեղում չի մնա: Եւ ամենակարևորը պատշաճ աշխատավարձ պիտի տրվի նրանց:

Այս մեխանիզմները կօգնեն Հայսաստանում քոքահան անել անտառահատումը: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բոլոր անտառապահները ծախված են: Իրենք են բացում տարածքը, որ մեքենաները մտնեն ու դուրս գան:

Մենք կոնֆլիկտներ ունեցանք, մարդիկ եղան, որ մեզ տեսան ու փախան: Տեսանք ավտոմեքենաներ, որոնք հեշտությամբ տարածք էին մտել, այդ ինչպե՞ս է եղել: Մարդիկ տարիներով կերել են անտառը, ժամանակն է, որ բնապահպանության նախարարությունը զբաղվի սիստեմի փոփոխությամբ»,-ընդգծում է Հայկ Բարսեղյանը:

Լուսանկարներում Դիլիջանի ազգային պարկի հատված ծառերն են

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X