Հանուն խաղաղության

Երբ Շուշին ազատագրվեց, ապա բացվեց Լաչինի միջանցքը, թվում էր՝ պատերազմը կավարտվի: Ադրբեջանը, ցավոք, չօգտագործեց հնարավորությունը: Ընդհակառակը, ձեռնարկեց նոր ագրեսիա, պատերազմը ձգվեց եւս երկու տարի: Հրադադարից անցել է շուրջ քառորդ դար, բայց խաղաղությունն այսօր ավելի մոտ չէ: Ավելին, Ադրբեջանը մշտապես սպառնում է պատերազմով:

Հատկապես՝ այս անցումային շրջանում, երբ Հայաստանը ներքաղաքական անկայունության մեջ է: Հայկական հեղափոխության խորքային իմաստը կպարզվի ոչ այնքան մոտ ապագայում, բայց այսօր արդեն պարզ է, որ Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ձգտելու է խոչընդոտել, թերեւս՝ նաեւ արյունոտել Հայաստանի եւ հայ ժողովրդի զարթոնքը:

Այսօրվա ամենածանր մարտահրավերը դա է՝ որպեսզի հեղափոխությունը չմթագնվի պատերազմով: Դրա համար ահռելի ջանքեր են պետք եւ միայն միջազգային հանրության ընկալունակության կամ դաշնակից երկրների դիվանագիտական աջակցության վրա չպետք է հույս պահել: Հեղափոխությունը պետք է աշխարհին խաղաղության եւ համագործակցության, հարեւաններին՝ բարիդրացիության ազդակներ հղի:

Հեղափոխության վճռորոշ լիցքը երիտասարդությունն էր, ազգի, թող թույլ տրվի ասելու՝ մատղաշը, մեր գենոֆոնդի սերուցքը: Հեղափոխությամբ իշխանության եկածների սուրբ պարտականությունը պիտի լինի ամեն ինչ անել, որպեսզի այդ պայծառ սերնդի կյանքը պատերազմով չմթագնի, երիտասարդության ազնիվ ձգտումները չխարկվեն վառոդի հոտով:

Եթե ավելի անկեղծ ասվի, ապա մենք իրավունք չունենք «թնդանոթի միս» դարձնել ազգային ամենամեծ արժեքը՝ Հայաստանի պայծառ ապագային անմեղորեն հավատացած երիտասարդությունը:

Խաղաղությունը պետք է հաստատվի որքան հնարավոր է՝ արագ: Այսօրվա ոչ մի պոպուլիզմ վաղվա փորձությանը չի դիմանա, եթե Լեռնային Ղարաբաղի հարցում ճեղքում չարձանագրվի: Այս խորհրդով պիտի իմաստավորվի Շուշիի ազատագրման տարեդարձը:

Մեկնաբանություն
X