Խորհրդանշական հանդիպում․ Շուշիի ազատագրումն ու հեղափոխության հաղթանակը

Շուշիի ազատագրումը Ղարաբաղյան պատերազմում հայկական զորքերի տարած ամենախոշոր հաղթանակներից մեկն է, նույնիսկ՝ խոշորագույնը։ Բայց, եթե խորանանք պատերազմի ընթացքի և ժամանակագրության մանրամասների մեջ, ապա կտեսնենք, որ բուն պատերազմը սկսեց հենց ռազամաքաղաքական այդ ակտի արձանագրումից հետո։ Ադրբեջանական զորքերը ռազմաճակատի ողջ երկայնքով անցան լայնամաշտաբ հարձակման՝ կասկածի տակ դնելով Հայկական ինքնապաշտպանական ուժերի արձանագրած հաջողություններն ու Ղարաբաղի գոյությունն առհասարակ։ Իսկապես Շուշիի ազատագրմանը հաջորդած շրջափուլը չափազանց ծանր էր Արցախի համար։ Սպառնալիքի տակ էր հայտնվել այրվող Մարտակերտը, որի վերջնական անկումը կազդարարեր տխրահռչակ ավարտը ազատագրական պայքարի։

Այսինքն՝ Շուշիի հաղթանակը մի նոր մարտահրավեր էր հայ ժողովրդի համար, քանի որ այն պատճառ դարձավ շատ ավելի լայնամաշտաբ ու արյունոտ պատերազմի համար

Համառ ու անզիջում պայքարից հետո հեղափոխական պայքարն ի վերջո հասավ վերջնական հաղթանակի։ Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի կողմից ընտրվեց վարչապետ և դրանից ելնելով ամսաթիվն այդ պետք է դիտարկվի որպես պայքարի de jure հաղթանակի օր։

Երկու խոշորագույն հաղթանակներ միևնույն օրը, խոստովանենք, որ խորհրդանշական տեսանկյունից չափազանց ուշագրավ համընկնում է։ Եթե խորանանք այդ համընկման էության մեջ, ապա կտեսնենք, որ երկու տարբեր իրադարձություններն իրար հանդիպել են ոչ միայն ամսաթվով, այլ նաև՝ ճակատագրով։ Առաջին տպավորությամբ միտքը կարող է տարակուսանք առաջացնել, բայց կասկածից դուրս է, որ իրական սիմվոլիկան հենց բովանդակության մեջ է։

Ինչպես վերևում նշեցինք, Ադրբեջանի դեմ լայնամաշտաբ պատերազմը սկսեց Շուշիի ազատագրումից հետո։ Նույն տրամաբանությունը գործում է նաև հեղափոխության դեպքում, քանի որ բուն պատերազմը դեռևս առջևում է։ Դառնալով վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը մարտավարական ամուր դիրքեր զբաղեցրեց, ամրապնդեց թիկունքն ու հակառակորդին զրկեց վերևից անկանոն ու կործանարար հարվածի հնավարորությունից։ Բայց հիմա նա պետք է նախապատրաստվի լայնամաշտաբ պատերազմի, որի ժամանակ պետք է չեզոքացվեն ոչ միաւյն հակառակորդի նորանոր գրոհները, այլ նաև պահպանվեն հեղափոխության արձանագրած հաջողությունները։

Իսկապես ծանր ժամանակներ են սպասվում, ինչպես՝ Արցախում 1992 թ․-ի ձմռանն ու ամբողջ 1993 թ․-ին։ «Մարտակերտը» նորից սպառնալիքի տակ է հայտնվելու և խոսքը քաղաքի մասին չէ, այլ ժամանակավոր կառավարության գործունեության արդյունավետության։ Հեշտ չի լինելու։ Հին համակարգը ռևանշիստական դիրքերից պարբերաբար վերակենդանանալու նշաններ է ցույց տալու՝ փորձելով արգելակել ամեն մի փոփոխություն և նորարարություն։ Հեշտ չի լինելու նաև կոռուպցիայի և օլիգարխիկ համակարգի դեմ մղվող պայքարը։ Պրակտիկան փաստում է, որ օլիգարխիայի դեմ հաղթանակ տոնելը դեռ չի նշանակում այդ նույն օլիգարխիայի պարտությունը, քանի որ օլիգարխիան կերպափոխվելու և նոր դեմքով հանդես գալու բնածին հատկություն ունի։ Չափազանց շատ են օրինակները, երբ արատավոր համակարգի դեմ պայքարողները որպես վերջնական արդյունք դարձել են հենց այդ համակարգի անբաժանելի մասնիկները։ Բայց, անկախ ամեն ինչից, մենք լավատես ենք։

Դրսում անձրև է։ Երբ հոդվածն այս հայտնվի ընթերցողի սեղանին, անձրևն, ամենայն հավանականությամբ, արդեն կտրված կլինի։ Բայց փաստենք, որ նույնիսկ եղանակն է ներդաշնակ օրվա խորհրդի հետ։ Այն իր մաքարգործող ուժով սրբում տանում է անցյալի հին կեղտերը և ճանապարհ հարթում նոր Հայաստանի համար։

Ակնարկն այս եզրափակենք ևս մեկ փոքրիկ, բայց չափազանց կարևոր համեմատությամբ։ Շուշիի ազատագրումից հետո հայերը ամբողջությամբ այրեցին ու ոչնչացրեցին քաղաքը։ Չարագործության հեղինակները միգուցե չէին գիտակցում, թե ինչ անում։ Ծաղկուն քաղաքը նրանք այրում էին բոցկլտացող աչքերով՝ Շուշիի փոխարեն երկնային Երուսաղեմ ստեղծելու ցնորքով տարված։ Անցել է 26 տարի, բայց նոր քաղաքը դեռևս չի կառուցվել, փոքրիկ Շուշին անշունչ է ու մռայլ ՝ իր ավերակներով շրջապատված ու շրջափակված։

Երևի թե արդեն պարզ է, թե ինչ եմ փորձում ակնարկել։ Ժամանակավոր կառավարությունը չպետք է ընթանա հերքման և անցյալի հետ բոլոր կամուրջները այրելու ճանապարհով, քանի որ վերջին տասնամյակներին Հայաստանում ստեղծվել են հիշատակության արժանի ու ավելի քան կիրառելի արժեքներ։ Անցյալի հերքումն ու ուրացումն անթույլատրելի պրակտիկա է, պետք է ոչ թե այրել հին քաղաքը՝ նորը կառուցելու անորոշ ակնկալիքով, այլ հինն ու նորը ներդաշնակեցնել և միահյուսել։ Խառնուրդ, որն անշուշտ լինելու է նոր Հայաստանի արժեքային հիմնասյունը։

Մեկնաբանություն
X