Ինչո՞ւ Շիրակի մարզի բոլոր պատգամավորները կողմ քվեարկեցին Փաշինյանին

Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորները 6-ն են, եւ նրանք բոլորն էլ այսօր կողմ քվեարկեցին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Նրանցից 3-ը «Ծառուկյան դաշինքով» ընտրվածներն են՝ ՇՊՀ նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյան, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան եւ ազգությամբ ռուս Տատյանա Միքայելյանը, երկուսը՝ Հանրապետականի ցուցակով առաջադրված Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանն են, իսկ մեկը՝ Շիրակի նախկին մարզպետ ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը:

Ուշագրավ է, որ մայիսի մեկի ընտրությանը 6 պատգամավորից միայն մեկը՝ ՀՀԿ-ական Արման Սահակյանը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին, իսկ մեկ շաբաթ անց ՝ կողմ քվեարկեց: Ինչպե՞ս էին շիրակցի պատգամավորները ոչ վաղ անցյալում քվեարկել վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին: Պարզվում է՝ Ծառուկյան դաշինքով ընտրված 3 պատգամավորներից մեկը՝ Վարդան Ղուկասյանը բացակայում էր նիստից, իսկ մյուս երկուսը դեմ քվեարկեցին Սարգսյանին: Այդ օրը նիստին բացակայում էր նաև դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Մեր աղբյուրի պատմելով ՝ Ծառուկյան դաշինքում ի սկզբանե դեմ են եղել Սերժ Սարգսյանի առաջադրմանը, սակայն լրացուցիչ լարվածություն չստեղծելու համար, որոշել են ազատ քվեարկել: Նախկին մարզպետներ Ռոմիկ Մանուկյանն ու Ֆելիքս Ցոլակյանը եւ ՀՀԿ-ական Արման Սահակյանը, որը հայտնի է որպես Սերժ Սարգսյանի սիրելի, քվեարկեցին Սարգսյանի օգտին:

Այսօր նրանք 3-ն էլ հակառակ քվեարկությամբ հանդես եկան՝ ձայն տալով Փաշինյանին: Եթե Ռոմիկ Մանուկյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի դեպքում ամեն ինչ պարզ էր, առաջինը ՀՅԴ-ական էր, իսկ երկրորդը միակ Հանրապետականն էր, որ երկրորդ անգամ քվեարկեց Փաշինյանի օգտին, ապա Արման Սահակյանի դիրքորոշումը մի փոքր անհասկանալի էր: Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավորն ինքն է առաջարկել կուսակցությանը, որպեսզի 10+1-ի մեջ իրեն էլ ընդգրկեն: Ասում են՝ դրան հատկապես նպաստել է Շիրակի մարզի 5 պատգամավորների կողմ քվեարկելու փաստը, ի վերջո ցանկություն չկար առանձնանալու եւ գյումրեցիների կողմից այլ վերաբերմունքի արժանանալու:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 8-ին կայացած հատուկ նիստում Ազգային ժողովը ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ «Ելք», «Ծառուկյան դաշինք», «ՀՅԴ» խմբակցությունների կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանին ընտրեց Հայաստանի վարչապետ:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X