Չասեք՝ հիմա դրա ժամանակը չէ

Փաշինյանը արդեն վարչապետ է, կարող ենք շնորհավորել միմյանց, մեր ժողովուրդը կարողացավ հաղթել ռեժիմին: Սա աննախադեպ բան էր ու իր խիստ դրական ազդեցությունն է ունենալու Հայաստանում իսկապես քաղաքացիական հասարակության կայացման գործում:

Սակայն ժամանակն է արդեն դուրս գալ էյֆորիկ վիճակից ու սկսել լուրջ հարցադրումներ ուղղել նոր ձևավորվող իշխանություններին: Այն, որ Փաշինյանը հայտարարում է սիրո ու համերաշխության մասին և կոչ է անում մարդկանց զերծ մնալ այն ամենից, ինչը որ ատելության մթնոլորտ կարող է առաջացնել նախկին իշխանավորների նկատմամբ, իհարկե լավ է. ինչպես ինքն է ասում` «վենդետա» չպիտի լինի:

Սակայն մարդիկ փողոց դուրս եկան հանուն արդարության վերականգնման, և «վենդետաներ», իհարկե, չպահանջելով, այնուամենայնիվ, բոլոր բարոյական ու ոչ միայն բարոյական իրավունքներն ունեն ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ պահանջելու, չէ՞ որ տարիներով ոտնահարվել են իրենց իրավունքները, չէ՞ որ թալանվել է ազգային հարստությունը: Հիմա ի՞նչ, ոչ ոք չպիտի՞ պատասխան տա այդ ամենի համար, գողոնը չպիտի՞ վերադարձվի, մարդասպաններն ու հարստահարողները չպիտի՞ պատժվեն օրենքի ողջ խոստությամբ, ռեպրեսիայի ենթարկվածների իրավունքները չպիտի՞ վերականգնվեն:

1999-ի հոկտոմբերի 27, 2008-ի մարտի 1, ու էլի շատ ու շատ սպանություններ ու տարաբնույթ հանցագործություններ կբացահայտվե՞ն վերջապես, թե՞ էլի հների նման ժողովրդի հետ մուկ ու կատու եք սկսելու խաղալ, հարգելի նոր իշխանավորներ:

Ու հանկարծ չասեք, թե հիմա դրա ժամանակը չէ, հիմա հենց դրա ժամանակն է, հենց հիմա մենք պիտի ստանանք այս հարցերի պատասխանները, որպեսզի հասկանանք` սա իսկապե՞ս բեկումնային պահ էր մեր պատմության մեջ, թե՞ հերթական աթոռակռիվն էր ընդամենը:

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X