Հե՞շտ է, արդյոք, լինել ազգընտիր վարչապետ

Մայիսի 8-ից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը, ամենայն հավանականությամբ, կմղվի հետին պլան` իր տեղը զիջելով «առավել օրախնդիր» հարցերի: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ժողովուրդը, որ նրան հասցրեց այդ պաշտոնին, իր գործն ավարտած է համարելու: Ի՞նչ կարիք կա նոր փորձության, երբ ժողովուրդը համարում է, որ իր տված մանդատն ընտրյալի ձեռքում է այլեւս:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ մենք կարող ենք ունենալ խորհրդարանի մեծամասնության ցանկությամբ, ինչպես նաեւ վարչապետի հրաժարականի դեպքում: Եթե ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն չունի եւ խորհրդարանի հետ աշխատանքներում հույսը դրել է կոնսենսուսի վրա, պետք է ենթադրել, որ կոնսենսուս առաջանալու դեպքում խորհրդարանը շտապելու տեղ չի ունենա: Իսկ դա նշանակում է, որ երկիրն արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանելու գործում վճռորոշ է լինելու վարչապետի դերակատարությունը՝ հրաժարականը:

Իսկ մինչ այդ, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի կարողանալու անել առանց հետքայլերի, որովհետեւ նրա հայտարարած «ոչ մի քայլ հետ» կարգախոսը, մեղմ ասած, պառլամենտարիզմի հետ կապ չունի: Այդ կարգախոսը գուցե գործում է փողոցում, բայց ի՞նչ անել, երբ արդեն վարչապետ ես եւ ստանձնել ես այդ նույն փողոցի դժգոհությունը փարատելու պատասխանատվությունը: Ես կես ժամում կվերացնեմ մենաշնորհը: Իրո՞ք… Կարծում եմ՝ ժողովրդի ընտրյալ վարչապետը դեռ պետք է գրքեր կարդա մենաշնորհների մասին, որպեսզի հետագայում ավելի լուրջ հայտարարություններ անի:

Չշեղվելով թեմայից` քննարկենք խորհրդարանի կայծակնային, այն է` իրավունքի ուժով ցրման տարբերակները: Մի դեպքում ՀՀԿ-ն եւ Նիկոլի համար հավաքված ստորագրությունների հեղինակները, վերջին բանակցություններից դժգոհ, մայիսի 8-ին չեն քվեարկում նրա օգտին (սա ամենաանհավանական սցենարն է), եւ մյուս դեպքում Նիկոլ Փաշինյանը, արդեն վարչապետի պաշտոնում, չի կարողանում հաստատել իր կառավարության կազմը կամ էլ ստանալ իր համար կարեւոր մի խնդրի շուրջ խորհրդարանի հավանությունը: Այս դեպքում արդեն նա չի կարող անտեսել Սահմանադրությունը եւ ամենակարճ ժամկետներում ստիպված կլինի դիմել նախագահին՝ ԱԺ-ն ցրելու պահանջով: Հասկանալի է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ամեն օր հանրահավաք անել եւ ԱԺ-ին պարտադրել իր կամքը: Ի դեպ, չմոռանանք նաեւ, որ նա արդեն իսկ, որպես վարչապետ, լեգիտիմության լուրջ խնդիր ունի՝ կապված, որքան էլ տարօրինակ հնչի, փողոցում ընտրված լինելու հետ:

Սակայն խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալու հատուկ պատճառ չունի նաեւ ՀՀԿ-ն, որ «հեղափոխության» օրերի իր պահվածքով կորցրել է հասարակական վստահությունը: Մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ գնալ խորհրդարանական ընտրությունների, եթե մեծամասնություն ես ԱԺ-ում, եւ վարչապետն առանց քո «դաբրոյի» որեւէ հարց չի կարող լուծել, այսինքն՝ նա, անկախ իր կուսակցական պատկանելությունից, քո վարչապետն է, որը, ի լրումն ամեն ինչի, մոռացել է նաեւ 2017 թ. ԱԺ ընտրությունների կեղծված լինելու «փաստը»:

Պատահական չէ, իհարկե, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի փոքրիկ, բայց շատ կարեւոր նկատառում է դնում շրջանառության մեջ, որով ուղղակի հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հայտնվել մի իրավիճակում, որ պարզվեն այս «հեղափոխության» բոլոր ծալքերը, ու երեւա արքայի (ների) «մերկությունը»: Եվ դրա պատճառը արքայի (ների) հանդեպ սիմպատիան կամ անտիպատիան չեն, այլ այն, որ հեղափոխությամբ սովորաբար բան է փոխվում եւ ոչ թե մի ապօրինությունը փոխվում է մեկ այլ ապօրինությամբ:

Այսօր դեռեւս «հեղափոխականները» հաճույքով են ըմբոշխնում այն կարծիքները, թե ԱԺ-ն պետք է պահպանել, մինչեւ Ընտրական օրենսգիրքը փոխվի: Դա, ենթադրենք, կարող է տեւել մինչեւ աշուն, բայց նույնիսկ այդ դեպքում, ախր, Նիկոլ Փաշինյանը չի կարող երաշխավորել, որ իրեն կհաջողվի խորհրդարանի ՀՀԿ-ական մեծամասնությանն ընդունել տալ իր երազած ԸՕ-ն, որն ի վիճակի կլինի բացառել որեւէ ընտրախախտում: Ուրեմն եկեք հերոսություն չխաղանք նաեւ այս ճակատում, որովհետեւ «ազգընտիր» վարչապետն ավելին չէ, քան «անգլիական թագուհի»՝ ԱԺ մեծամասնության համար: Այլ խոսքով ասեմ՝ երբ գայլերը կուշտ են, իսկ գառները՝ անվնաս, արտահերթ ընտրություններ անցկացնելու ցանկություն, սովորաբար, չի առաջանում: Էլի սկսվելու է՝ 2022-ին շատ չի մնացել, թողնենք աշխատի, տեսնենք ինչ է անում, ինչպես է դզում էս ծուռ երկիրը:

Դեմ չենք, թող փոխի, թող ուղղի երկիրը, բայց ոչ այն գիտակցությամբ, որ ինքը կինոյի միջի վարսավիրն է ու պետք է դալլաքություն սովորի որբի գլխի վրա:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X