Ոմանց համար տոն, ոմանց համար՝ սուգ․ Երկիրը պատրաստվում է վարչապետի ընտրությանը (տեսանյութ)

>

Հանրապետության հրապարակում ուրախ տրամադրություն է։

Չնայած որ հավաքվածները անհամբեր սպասում են ԱԺ արտահերթ նիստին, դա չի խանգարում նրանց պարել եւ ուրախանալ։ Համացանցում նախաձեռնված ֆլեշմոբը նույնպես կայացել է՝ հավաքված քաղաքացիների մեծ մասը եկել է սպիտակ շապիկներով։

Մայրաքաղաքում լարված իրավիճակը, ճիշտ է, մեկ ամսից ավելի է, սակայն մայիսի 1-ից, իսկ առավելապես երեկվանից այդ լարումը մեծացել է։ Բոլորին մի հարց է հետաքրքրում՝ կընտրի՞ այս անգամ Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, թե ոչ։

Երեկ երեկոյան Երեւան ժամանեց նաեւ երիտասարդության սիրված երգիչ Սերժ Թանկյանը։ Սակայն ֆեյսբուքում չէին դադարում կասկածներն ու դավադրությունների մասին լուրերի տարածումը։

Առավոտից Երեւանը տոնական՝ ոչ աշխատանքային տրամադրության մեջ է։ Փողոցներում սպիտակ վերնաշապիկներ հագած աշակերտներ ու ուսանողներ են, որոնք թերեւս վերջին անգամ են դասադուլ անում եւ որոնք շտապում են Հանրապետության հրապարակ՝ ուղիղ հետեւելու ԱԺ նիստին, ապա տոնելու հաղթանակը։

Հրապարակին մերձ հատվածներում արդեն հեղափոխական բիզնեսն է ծաղկում՝ «դուխով մայկաներ», «դուխով բրոշկաներ» եւ Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով այլ առարկաների վաճառք։ Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները փակ են՝ ՃՈ ավտոմեքենաների կողմից։ Մարդկանց հոսքը դեպի հրապարակ շարունակվում է։ Ավտոմեքենաների շչակները ողողել են քաղաքը։

Ինչպես հարթակից հայտնեց Արայիկ Հարությունյանը, այսօր Աժ նիստը սովորականից կարճ է տեւելու։ Հավելենք որ բեմահարթակի հարակից տարածքը հսկվում է ոստիկանների կողմից։

Հիշեցնենք, որ ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու երկրորդ քվեարկությունը սկսվելու է ժամը 12։00-ին։ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը որոշել է տալ պակասող ձայները եւ ապահովել Փաշինյանի ընտրության համար անհրաժեշտ ձայների քանակը։ Եթե երկրի քաղաքացիների մի մասը տոնում է ապագա հաղթանակը, ապա իշխանամետ հատվածն իրապես սգի մեջ է։

Մեկնաբանություն
X