Պատրաստ էի նախագահի մեքենայի ճանապարհը փակել՝ նամակը նրան փոխանցելու համար

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար ռեժիսոր Հայկ Բաբայանը նախօրեին իր համակիրների հետ շարժվել է նախագահի նստավայր եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին նամակ փոխանցել Աղասի Այվազյանի ժառանգության փրկության հարցով։ Նամակում մասնավորապես ասված է․ «Աղասի Այվազյանի ստեղծագործություններն այս պահին եւ արդեն տեւական ժամանակ է՝ գտնվում են անմխիթար, անտեսված, տառացիորեն փչանալու եւ վերանալու եզրին։ Խնդրում ենք, որպես ՀՀ նախագահ՝ հետեւողական եւ սրտացավ լինել այս խնդրին։ Հատկացնել տարածք մայրաքաղաքում, եւ այդ տարածքում ձեր ձեռքով դնեք մեծ Այվազյանի թանգարանի առաջին քարը, այն ձեռքով, որով ողջունել եք Կարեն Դեմիրճյանին։

Խնդիրը լուրջ է եւ համազգային։ Ժողովրդավարական երկրում ժողովրդի ազգային սեփականությունը պետք է պահպանվի պետական մակարդակով։ Պարո՛ն նախագահ, Աղասի Այվազյանի ամեն մի արձակ, դրամա, սցենար, գեղանկար եւ հրապարակախոսություն մի խրամատ է, զինվոր է, օրորոց է, դասագիրք է, մի մեծ գաղափարախոսություն եւ աբսուրդ իրականությանը ոտնատակ տված պետականության հիմք»։

Այս նախաձեռնությանը միացել են ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ։ Բաբայանն ասում է՝ քանակի խնդիր դրված չի եղել, կարեւորել են նամակը եւ ուղերձը, իսկ նամակը սկզբում ցանկացել են փոխանցել անվտանգության աշխատակցին։ «Բայց ինձ համար կարեւոր էր, որ եթե անվտանգության աշխատակիցը չճանաչի Աղասի Այվազյանին, ես այդ նամակը չեմ փոխանցի։ Ես հարցրեցի անվտանգության աշխատակցին՝ ճանաչո՞ւմ է Աղասի Այվազյանին, ասաց՝ ոչ, ասացի՝ ներեցեք, ուրեմն այս նամակը Ձեզ չեմ կարող փոխանցել, գտեք մարդ, ով կճանաչի նրան։

Այդտեղ բոլոր անվտանգության աշխատակիցներին հարցրեցին, որոնցից եւ ոչ մեկը չճանաչեց նրան, մինչեւ նախագահի աշխատակազմից գտնվեց մարդ, ով ճանաչեց Աղասի Այվազյանին, ում էլ այդ նամակն ընդունարանում փոխանցեցինք։ Իրենք մեր սկզբունքի վրա էին զարմացել, ես էլ զարմացել էի իրենց վրա։ Մեզ նաեւ ասացին, որ այստեղից նամակ չեն տալիս, տարեք էլեկտրոնային տարբերակով փոխանցեք, բայց ես ասացի, որ այդ նամակը կմնա այստեղ, դուք կփոխանցեք, եւ մենք էլ հետեւողական ենք լինելու, թե այս նամակը նախագահին հասա՞վ, թե՞ ոչ։ Այդ կիսակոմունիստական պոչտաների դարաշրջանը վերջացել է»,-ասում է Հայկ Բաբայանն ու նկատում, որ եթե այդ պահին նախագահին այդտեղ տեսներ, մեքենայի ճանապարհը կփակեր եւ տեղում նրան նամակը կփոխանցեր։

Աղասի Այվազյանի ժառանգության մասին բազմիցս բարձրաձայնվել է, այդ թվում նրա կնոջ՝ Գրետա Վերդյանի կողմից։ Ի վերջո՝ ո՞րն է պատճառը, որ այս հարցը չի լուծվում՝ դեռ չե՞ն գիտակցել Այվազյանի մեծությունը, թե՞ ուղղակի պետությունը գումար չունի, ինչպես որ միշտ պատճառաբանում են։ «Ի տարբերություն արդեն նախկին նախագահի, Արմեն Սարգսյանը, ըստ իս, լինելով գիտնական մարդ, պետք է գիտակցի Աղասի Այվազյանի մեծությունը։ Իսկ ֆինանսական հարցերն այս պարագայում հազարերորդական են, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում եթե չեն կարողանում Աղասի Այվազյանի համար գտնել տարածք, որտեղ պահպանվի նրա ժառանգությունը, ուրեմն ես իրավունք չունեմ գնալ Մատենադարան ու կանգնել Մաշտոցի արձանի մոտ»։

Ռեժիսորն ընդգծում է՝ Աղասի Այվազյանի ժառանգության ներկա վիճակն ընդամենը պետական մտածելակերպի եւ մշակութային աղքատ քաղաքականության արդյունք է․ «Սա պետական մտածելակերպի խնդիր է։ Այս հարցը եթե մենք այսպես ենք բարձրաձայնում, ուրեմն մեր բոլորիս ամոթն է։ Այս հարցը պետք է արդեն լուծված լիներ 2007-ին, երբ մահացավ Աղասի Այվազյանը։

Ես հույս ունեմ, որ պետական մտածելակերպ ասվածն ավելի կարժեւորվի ու ռեստորաններից ու բիոզուգարանների մասին մտածելուց բացի կսկսեն մտածել, որ եղել են շատ տաղանդավոր մարդիկ։ Հույս ունեմ, որ այս նոր քաղաքականությունը շատ բան կփոխի մշակութային իրականության մեջ։ Գուցե շատ պաշտոնյաներ դեռ չեն կարդացել եւ չեն նայել Աղասի Այվազյանի կտավները, գործերը, բայց, բոլոր դեպքերում, մենք պետք է անընդհատ ահազանգենք, խոսենք, տարածենք, որպեսզի այս հարցը լուծվի։ Սա ուղղակի մեր մշակութային իրականության ամենամեծ ամոթներից մեկն է»։

Եթե նախագահից արձագանք չստանան կամ մերժվեն, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ «Չեմ կարծում, որ կլինի մերժողական պատասխան, գուցե կտան դիվանագիտական պատասխան, ինչ-որ ժամկետներ կերկարաձգեն, բայց դրանց ժամանակներն էլ են վերջացել»,- ասում է Բաբայանն ու նշում, որ եթե պատասխան չստանան նախագահից, կօգտագործեն ամենահզոր ինֆորմացիոն զենքը՝ կմեծացնեն տեղեկատվական հոսքը․ «Եթե նախագահը չկարողանա Աղասի Այվազյանի համար մի տարածք հատկացնել, որը դառնա նրա թանգարանը, ապա մնացած հարցերն իր համար անհնարին են»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X