Ի՞նչ կոմբինացիա է իրականացնում Սերժ Սարգսյանը

Մայիսի 8-ին երեւի ամենազավեշտալի նիստերից մեկն է լինելու Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ: Ունենք վարչապետի թեկնածու` Նիկոլ Փաշինյան, որը չունի քաղաքական հենարան խորհրդարանում եւ չի ներկայացնում քաղաքական որեւէ կոալիցիա, որը նրան թույլ տար մեծամասնության կամ փոքրամասնության կառավարության կազմել: Ունենք եւս մեկ-երկու փոքրամասնական խմբակցություն` ԲՀԿ եւ ՀՅԴ, որոնք պատրաստ են ձայն տալ վարչապետի թեկնածուին, բայց ցանկություն չունեն նրա համար քաղաքական հենարան ծառայել կամ պատասխանատվություն ստանձնել: Եվ ունենք խորհրդարանական մեծամասնություն` ՀՀԿ, որը չի քայքայվել, չի սասանվել առայժմ, ղեկավարվում է կուսակցության նախագահի կողմից եւ մեկ անգամ արդեն միասնաբար մերժել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրել:

Այս անգամ նույնպես, որքան կարելի է հասկանալ, ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնությամբ մերժելու է Փաշինյանի թեկնածությունը, բայց նաեւ խորհրդարանում մի ներկայացում է տալու, որտեղ ՀՀԿ խմբակցության ղեկավարը (հավանաբար նիստի ընթացքում եւ հրապարակավ) կհորդորի ՀՀԿ որոշ անդամների կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին: Էլ ավելի զվարճալի կլինի, եթե խմբակցության ղեկավարը անվանապես դիմի եւ հորդորի իր կուսակիցներին: Համարյա կասկած չկա, որ Վահրամ Բաղդասարյանը հենց այն պատգամավորներին է հորդորելու ձայն տալ Փաշինյանին, որոնց դեմ, վարչապետ ընտրվելու պարագայում, Փաշինյանը պետք է պայքարեր: Կատարյալ զավեշտ, չասելու համար խեղկատակություն կլինի, եթե դիցուք Սամվել Ալեքսանյանը (City ցանցի սեփականատեր), Արտակ Սարգսյանը (SAS ցանցի սեփականատեր), գեներալ Մանվելը եւ այլք, ձայն տան Փաշինյանին: Նրանք ձայն են տալու ո՞ր տրամաբանությամբ, որովհետեւ կուսակցությո՞ւնն է հորդորում կամ պարտադրում: Արդեն մեկ շաբաթ նախագահ Տեր-Պետրոսյանն այդ հարցն է թմբկահարում, որ պատգամավորը քվեարկում է համաձայն իր համոզմունքների եւ խղճի, կուսակցությունները չեն կարող եւ չպետք է այդ սահմանադրական նորմը ոտնահարեն:

Հետեւաբար ՀՀԿ-ն կարող է աջակցել Փաշինյանի ընտրությանը վարչապետի պաշտոնում այնքանով, որ հորդորի իր պատգամավորներին կողմ քվեարկել նրա թեկնածությանը: Բայց ինչպես պետք է պարտադրի դա անել: Կա՞ նման մեխանիզմ… Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ն կարող է մեծահոգություն խաղարկել եւ հորդորել իր պատգամավորներից ոմանց կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը, բայց թե նրանք որքանով դեմ կգնան սեփական շահին, համոզմունքին եւ նախընտրությանը, դա մեծ հարց է: Եվ ընդհանրապես քաղաքականությունը մանկահասակ երեխաների զիլինա խաղ չէ: Եթե Փաշինյանին եւ իր առաջնորդած շարժմանը ամբողջ երկու շաբաթ չհաջողվեց իշխող կուսակցությունում, կառավարությունում, խմբակությունում գոնե ձեւի եւ տպավորության համար մի քանի հոգու իր կողմը գրավել, այլեւս ինչի՞ մասին է խոսքը: Եթե ՀՀԿ-ի հայտարարությունից հետո, թե իրենք օժանադակելու են Փաշինյանի ընտրությանը վարչապետի պաշտոնում, երկրի մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուր լրագրող ընդամենը երկու պատգամավոր են գտնել, ովքեր հայտարարել են Փաշինյանին ձայն տալու մասին` Սամվել Ալեքսանյանը եւ քրդական համայնքի ներկայացուցիչը, այլեւս պա՞րզ չէ որ ողջ ուժը, իշխանությունը եւ պետությունը ՀՀԿ-ի ձեռքում են եւ վարչապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանն էլ հայտնվելու է ՀՀԿ-ի ձեռքում, եւ վարչապետ էլ նա կարող է մնալ այնքանով, որքանով ՀՀԿ-ն կցանկանա:

Իսկ ՀՀԿ-ին հարկավո՞ր է, որ Փաշինյանը դառնա վարչապետ: Դա խիստ հարցական է: Նման մոտեցման հիմքում այն է, թե իբր ՀՀԿ-ի համար արտահերթ ընտրություններն այսօր անցանկալի են։ Ցանկալի է, որ դրանք կայանան ավելի ուշ: Անհամոզիչ է, որովհետեւ վերջանահաշվում երկրում կայանալու են արտահերթ ընտրություններ եւ ՀՀԿ-ի համար ավելի նպաստավոր է ընտրության գնալ առանց հասարակության մոտ վիզուալ խառնաշփոթ ստեղծելու, թե ով է երկրում իշխանություն: Չէ՞ որ չկողմնորոշված ընտրողներից շատերը բնազդաբար ձգտում են նրա կողմը, ում հետ ասոցացանում են իշխանություն երեւույթը: Նաեւ հաշվի առնենք, որ ընդամենը մի քանի օր անց` մայիսի 12-ին միանգամայն հնարավոր է, որ Դոնալդ Թրամփը, համաձայն իր հայտարարության, դուրս գա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրից, իսկ դրանից հետո այլեւս չի լինի ոչ մի երաշխիք առ այն, որ Իրանի դեմ չեն սկսվի պատերազմական գործողություններ: Հետեւաբար Փաշինյանի ընտրվելու դեպքում գուցե նա դեռ կառավարություն չկազմած, Իրանում պատերազմը սկսվի, Հայաստանի համար բոլոր հետեւանքներով: Փաշինյանն ինչպե՞ս է վարվելու այդ իրադրությունում` հազիվ պաշտոնը ստանձնած` դեռ ոչ մի իշխանության չտիրապետելով ինչպե՞ս է արտաքին հարթակում հանդես գալու: Բոլոր այս հանգամանքներին ի տես դժվար է հավատալ, թե Սերժ Սարգսյանը հերթական շախմատային կոմբինացիա չի իրականացնի` իր պատգամավորներին հորդորելիս, որ ձայն տան Փաշինյանին:

Լուսինե Պետրոսյան

Մեկնաբանություն
X