Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի վերանայի իր չհիմնավորված կարծիքը

Եթե Ալեքսանդր Գերցենը տեսներ վերջին 20 օրերին Հայաստանում ծավալվող իրադարձությունները, ապա վերստին կսկսեր հավատալ հեղափոխության գաղափարին և նրա հիասթափված հոգին կլցվեր խանդավառությամբ: Ինչպես գիտենք այդ մեծ մտածողը, որից հավասարապես ազդվել են և՛ լիբերալները և՛ ձախերը, այլևս չէր ուզում մարդկային արյուն տեսնել: Նա հոգնել էր դիակների վրա բարձրացող հեղափոխական այն բյուրոկրատներից, որոնք անմիջապես ուրանում էին հեղափոխությունն ու մարդեղությունը:

Գերցենի երազանքը կատարվեց: Բայց, եթե նա լսեր հեղափոխական Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը գաղափարախոսությունների մասին (մայիսի 1, ԱԺ), ապա հաստատապես տարակուսանքի մեջ կընկներ:

Այդ ժամանակ ինչպես ես, այնպես էլ ընկերներս հասկանալի պատճառներով լռեցինք: Դե մենք ո՛չ Հայկ Բաբուխանյանն ենք և ո՛չ էլ առավել ևս բեղերով գանդոն: Պայքարի ամենաթեժ պահին չի կարելի թիկունքից հարվածել պայքարողին՝ հատկապես, երբ նա շրջապատված ու շրջափակված է բորենիներով:

Բայց սա չափազանց լուրջ հարց է: Չկա այնպիսի մի լուրջ փիլիսոփա կամ էլ հասարակագետ, որը կարող է պնդել և հիմնավորել, թե իզմ-երի ժամանակաշրջանն անցել է: Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի վերանայի իր այդ չհիմնավորված կարծիքն ու պետության, ինչպես նաև հանրույթի զարգացման գաղափարական առանձնահատակությունների վերաբերյալ առավել հիմնավոր տեսակետներ ներկայացնի: Նորից եմ կրկնում, դա չափազանց կարևոր է:

Մեր միջավայրում հաճախ են գաղափարախոսությունն ու գաղափարականությունը շփոթում մոլեռանդ կրոնականության հետ: Մենք չենք առաջարկում, որ Նիկոլը դառնա մարքսիստական կրոնի հետևորդ, ընդհակառակը՝ պնդում ենք, որպեսզի նա փիլիսոփայական ու գաղափարական տեսանկյուններով հիմնավորի, թե արժեքային ի՞նչ տիրույթում է գործելու նոր իշխանությունն ու ինչ պատկերացումներ ունի պետության ապագայի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանի իշխանությունն էլ էր իզմերը մերժում և արդյունքում փոխակերպվել էր հիբրիդային հրեշի: Անհրաժեշտության դեպքում գույները ցանկացած պահի փոխում էին. առավոտյան-պահպանողական, կեսօրին-ազգայնական, իսկ երեկոյան-լիբերալ: Այս լպրծուն պրագմատիզմը մեր պետության ամենամեծ դժբախտություններից մեկն է, որի արդյունքում մենք չգիտենք, թե սա ինչ պետություն է և վերջապես ինչ տնտեսություն և հասարակարգ է կառուցվում: Մի խոսքով ամորֆ և ունայն իրավիճակ է:

Այդ գեղեցիկ խոսքերը չեն անցնում: Հանրային քննարկումը պետք է վեր բարձրանա ֆիդայական կենացների մակարդակից:

Մեկնաբանություն
X