Ռուսական արձագանքները զգաստացնող են

Թեեւ հայկական հեղափոխության վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի վերաբերմունքն, ինչպես ասում են, նորմայի մեջ է, ռուսական փորձագիտական հանրության արձագանքներն, այնուամենայնիվ, հիմնականում բացասսական են:

Մամուլի գրեթե բոլոր հրապարակումներում շեշտվում է, որ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «տակտիկական են», իշխանության գալով՝ նա «դանդաղ, բայց հետեւողականորեն Հայաստանը կտանի դեպի Արեւմուտք»: Ի՞նչ տեղեկատվության վրա են հենվում նման եզրահանգումները, ռուսական աղբյուրները չեն բացահայտում: Նրանք ուղղակի պնդում են, որ հակառակը լինել չի կարող, ինչից տպավորություն է ստեղծվում, թե հայ-ռուսական հարաբերություններն անցած տարիներին կառուցվել են ոչ թե պետական փոխադարձ շահի, այլ՝ անձնական կամ խմբային հարաբերությունների հիմքով: Այլապես ի՞նչն է ստիպում, որ ռուս փորձագետներն ի սկզբանե կասկածեն Նիկոլ Փաշինյանին եւ կատարեն շատ հաճախ բացահայտ սպառնալիք պարունակող կանխատեսումներ:

Այս իմաստով հատկապես բնութագրական է Regnum-ի մի հրապարակումը, որտեղ հիմնական շեշտը դրված է Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա: Հեղինակը բացահայտ ակնարկում է, որ ներկայիս ստատուս-քվոն պահպանվում է միայն տարածաշրջանում ռուսական ներկայության շնորհիվ, իսկ հակառակ դեպքում հակամարտության գոտում կարող են հայտնվել եվրոպական եւ ամերիկյան խաղաղապահ ուժեր:

Ընդսմին, նա խնդիրը ներկայացնում է աշխարհաքաղաքական լայն կտրվածքով՝ ԵԱՏՄ նախագծի առաջնահերթությամբ, ինչից հասկացվում է, որ ղարաբաղյան ստատուս-քվոն Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես եվրասիական նախագծին Ադրբեջանի ընդգրկման հնարավորություն: Այդ դեպքում, ինչպես չի թաքցնում հրապարակման հեղինակը «կենտրոնը կստանա կողմերի շահերը բալանսավորելու հնարավորություն»:

Հասկացվում է, որ հայկական հեղափոխությունը շոշափում է Ռուսաստանի ոչ թե ընթացիկ, այլ խորքային, բացառապես աշխարհաքաղաքական շահերը: Եւ եթե Ռուսաստանում պետական մակարդակով նույնպես նման անհանգստություն կա, ապա սպասվում է, որ հայ-ռուսական հարաբերությունները կարող են բախվել փորձությունների:

Վստահաբար կարելի է ասել, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը պահի իր ազդեցության ոլորտում: Ի՞նչ քայլ են անելու նոր իշխանությունները: Նրանց մասին ռուսական կողմի արձագանքներն զգաստացնող են եւ գնալով ավելի խորքային են դառնում:

Մեկնաբանություն
X