Էն Հա՞յկը ինչի կատաղեց

«Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցության նախկին փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը քաղաքական լուրջ որոշում է կայացրել` դառնալ ընդդիմություն: Այլ հանգամանքներում այս որոշումն իր հնչեղությամբ գուցե ստվերեր երկու Կորեաների ղեկավարների ջերմ հանդիպման մասին լրահոսը, սակայն այս օրերին, երբ Հայաստանն ապրում է բոլորովին այլ առօրյայով, Հայկ Բաբուխանյանի անցումը ընդդիմություն մնաց գրեթե աննկատելի: Ստորև կփորձենք լրացնել այդ բացը, որովհետև Հայկ Բաբուխանյանն իր գործունեությամբ (չեմ ուզում քաղաքական ասել), ավելիին է արժանի, քան անտեսումը:

Ինչևէ, կուսակցության նախագահությունը մայիսի 4-ին նիստ է գումարել, որտեղ քննարկվել է կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում: Նախագահության անդամները, եթե հավատանք տարածված հաղորդագրությանը, դատապարտել են Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների ագրեսիվ եւ հակաօրինական գործողությունները` դրանք որակելով ահաբեկչություն: Կարելի է ասել` «քայլ» են արել ու այն էլ ինչ քայլ:

Մոսկվաներում, հավանաբար, արդեն քննարկվում է ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության պատգամավորի (ՀՀ իշխանության ներկայացուցչի) հաղորդումն այն մասին, որ Հայաստանում ահաբեկչություն է իրականացվում: Այ սա արդեն վտանգավոր է, որովհետև մինչև մենք «ահաբեկչության դեմ պայքարող» գերտերություններին համոզենք, որ մենք ուղտ չենք, հնարավոր է` նրանք «քայլ» անեն` «Հայաստանում ահաբեկչության դեմն առնելու համար»: Բաբուխանյանը կամ վտանգի զգացողություն չունի, կամ էլ միտումնավոր է դուռ բացում արտաքին միջամտության համար: Իսկապես ընտրության հարց կա այստեղ, և վատ չէր լինի, եթե ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հատուկ հայտարարություն աներ, որ իշխանափոխությունից սարսափող ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ՀՀԿ-ի հետ որևէ կապ չունի և երկրի համար դժվարին այս օրերին սխալ քայլ է արել` չգիտակցելով դրա անցանկալի հետևանքները:

Ինչո՞ւ Հայկ Բաբուխանյանն այսպես առանձնացավ ՀՀԿ երամից: Դե՞մ էր շարժմանը, թող դեմ քվեարկեր Նիկոլին և, իբրև շարքային ՀՀԿ-ական պատգամավոր, քաղաքավարի ձևով անցներ կարճաժամկետ ընդդիմություն: Այս հավարն ինչի՞ համար է: Մի առիթով իրեն ասվել է, որ կողքից նայելով, պատեհություններից օգտվելով քաղաքական գործիչ չեն դառնում: Եվ ահա եկել է այդ ճշմարտությունը գիտակցելու պահը: Բաբուխանյանը, հավանաբար, որոշել է վերադառնալ ընտանիք` ՍԻՄ: Բայց ես խիստ կասկածում եմ, թե նա կվերադառնար, եթե ՀՀԿ-ական «ընդդիմադիր» հատվածը նրան որոշակի քաղաքական ապագա խոստանար, օրինակ` մանդատ նոր գումարման ԱԺ-ում: Հիմա ուրիշ ժամանակներ են, և, եթե վերանա նաև ռեյտինգային ընտրակարգը, լրջագույն պայքար է սկսվելու նախընտրական ցուցակներում տեղ գտնելու համար: Հույս դնել, որ Սերժ Սարգսյանն այս անգամ էլ ՀՀԿ նախընտրական ցուցակը «կգեղեցկացնի» Հայկ Բաբուխանյանով, Խոսրով Հարությունյանով, Արտաշես Գեղամյանով և հնաբույր այլ դեմքերով, միամտություն կլիներ: Բոլորին է հասկանալի, որ ձիերին գետանցման ժամանակ չեն փոխում, իսկ հետո փոխում են, չէ՞: Եվ իմ կարծիքով, այս հասարակ բանի գիտակցումն է Հայկ Բաբուխանյանին բերել ՍԻՄ մատույցները:

Կուսակցության նախագահությունը հայտարարել է. «Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում ՍԻՄ-ը հայտարարում է իրեն ընդդիմություն` ելնելով իր գաղափարախոսությունից, Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ իր տեսլականից, ինչպես նաեւ այն մթնոլորտից, որում տեղի է ունենում վարչապետի «ընտրությունը»»: Ամեն ինչ հստակ է ասված, սակայն այստեղ մի նոր հարց է ծագում` վստա՞հ է, արդյոք, Հայկ Բաբուխանյանը, որ ՍԻՄ շարքերը կիսում են իր և իր ձևավորած նախագահության կարծիքն այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցող այս ամեն ինչը «իշխանության ապօրինի զավթում» կամ «ահաբեկչություն» է: Հարցն այն է, որ Բաբուխանյանը մի տևական շրջան արտագնա աշխատանքի էր մեկնել ՀՀԿ խմբակցություն և, հնարավոր է, այնքան էլ տեղյակ չէ, թե ինչ է անցել-դարձել ՍԻՄ-ում այդ ողջ ընթացքում: Որտե՞ղ են եղել ՍԻՄ-ական շարքերն «ահաբեկչության» այս օրերին` տիրապետո՞ւմ է Հայկ Բաբուխանյանը նման վիճակագրության, թե՞ այս քայլով դեռ փորձում է արդարացնել Հայաստանում իր ուսերին ծանրացած, բայց տակավին լավ վճարվող ռուսալեզության երևույթը:

Ասելիքս, թերևս, ավարտեմ Ռևազի ոչխարնեի հանրահայտ պատմությամբ, որ կրող է լույս սփռել ժողովրդական շարժումը ահաբեկչության հետ շփոթող Բաբուխանյանի մտավարժանքների վրա: Եվ այսպես` հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի ոչխարներն է կերել, ուրիշինը չի կերել: Բացի այդ, կերել են բոլորով` տավարածով, հնձվորով, ուսանողներով, դպրոցով, մանկապարտեզով` մի քանի հարյուր հազար հոգով: Ահաբեկիչը գործում է մենակ, երկուսով, երբեմն էլ բանդայով: Հազիվ թե որևէ մեկի մտքով անցնի մի ողջ ժողովրդի մասին մտածել որպես բանդայի: Բա ամբողջ ազգով ահաբեկչություն անել կլինի՞, որ ասում եք ահաբեկչություն է: Լավ ենք արել, երկուսը կերել ենք, երկուսն էլ պիտի ուտենք: Եվ, ընդհանրապես, եթե Սերժ Սարգսյանը չի բողոքում, ասում է` ես ոչխար չեմ ունեցել, ապա կարիք չկա հակառակը պնդելու, պարոն Բաբուխանյան:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X