Նիկոլ Փաշինյանը պետք է վճռական քայլեր ձեռնարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

Մենք Ղարաբաղյան հակամարտությանը փորձագիտական մակարդակով չենք տիրապետում, այսինքն դրա վերաբերյալ ինֆորմացիան, գիտելիքը և դատողությունները տեսական են և հեռու բացարձակ լինելու հավակնությունից: Հիմնախնդրին դեռևս չի տիրապետում նաև Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ հարցին փորձագիտական մակարդակով տիրապետում են միայն դրա շուրջ աշխատող դիվանագետներն ու քաղաքական գործիչները:

Սկսենք նրանից, որ Մադրիդյան սկզբունքները կոնկրետ որևէ լուծում չեն առաջարկում հակամարտության խաղաղ կարգավորման համար: Դրա մեջ ներառված են տարաբնույթ և նույնիսկ իրարամերժ մի քանի սկզբունքներ, որոնց հակադրման և հավասարակշռման տիրույթում ծավալվում են բանակցությունները: Այսինքն` Մադրիդյան սկզբունքները կարող են առաջարկել հակամարտության կարգավորման մի քանի լուծումներ: Դա կախված է բանակցությունների ընթացքից, հակամարտող կողմերի ներուժից, վճռականությունից և այլն: Այլ խոսքով ասած այդ սկզբունքները կրոնական տեքստ են հիշեցնում. ինչպես մեկնաբանես, այնպես էլ կմեկնաբանվի: Այս ամենից կարող ենք ենթադրել, որ այդ փաստաթղթի միջոցով կարելի է գտնել Ղարաբաղի համար ինչպես շահեկան, այնպես էլ անբարենպաստ լուծումեր: Ղարաբաղի համար թերևս ամենաշահեկան տարբերակն այն է, որ աշխարհը ճանաչի Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը և անջատումը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից: Դա չափազանց ծանր գործընթաց է և պետք է ունենա իր գինը: Ղարաբաղի իշխանությունները պետք է զորքերը դուրս բերեն օկուպացված տարածքներից, դրանք պետք է ճանաչվեն որպես ապառազմանականացված տարածքներ և զբաղեցվեն խաղապահ ուժերի կողմից: Սա առաջին փուլն է, և եթե Ադրբեջանը համաձայնություն տա, ապա սա Ղարաբաղի համար թերևս ամենաշահեկան տարբերակն է: Սա ես չեմ ասում, այլ բանակցություններն են ընթանում այս սկզբունքների շուրջ:

Ադրբեջանը իր հռետորաբանության մեջ ամբողջ Ղարաբաղն է ուզում, ավելին՝ նաև Զանգեզուրը, Սևանը, Երևանը և այլն: Այս հռետորաբանությունը հաշվի առնելով հայաստանցի վերլուծաբաններն ու քաղաքագետները նշում են, որ Ադրբեջանը կարգավորման ոչ մի տարբերակ չի ընդունում, այլ ընդհակառակը զինվում է՝ պատրաստվելով լայնամաշտաբ պատերազմի: Այո՛, Ադրբեջանը ունի կոշտ հռետորաբանություն, զինվում և պատրաստվում է պատերազմի: Ի հակադրություն դրա, Հայաստանի հռետորաբանությունը առավել դիվանագիտական է, հավասարակշռված, բայց հստակ թիրախավորված: Հայաստանը նույնպես զինվում է՝ պատրաստվելով պատերազմի: Բայց այս ամեն ինչին զուգընթաց Հայաստանը նաև հայտարարում է, որ Երևանն ու Ստեփանակերտը պատրաստ են խաղաղության, ընդունում են, որ 1991-94թթ. տարածքներ են օկուպացվել և պատրաստակամություն են հայտնում վերադարձնել դրանք, բայց մի պայմանով՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման դեպքում: Սա է Հայաստանի խաղաղության տեսլականը, համաձա՞յն է Ադրբեջանը, ապա կլինի խաղաղություն, համաձայն չէ՞, ապա կկորցնի ևս մի քանի տարածքներ և ստիպված կլինի բանակցել արդեն օկուպացված նոր տարածքների վերադարձի շուրջ: Հայաստանցի քաղաքագետները պետք է լավ իմանան, որ ինչ-որ բռնապետի պոպուլիստական հռետորաբանության վրա ճշմարտություններ կառուցելը ինքնին անլուրջ գործ է: Դա ընդամենը հռետորաբանություն է, որը ամեն պահ կարող է փշրվել՝ հանդիպելով առաջին իսկ արգելքին:

Մի փոքր խոսենք Հայաստանում լայն տարածում ստացած հակամարտության ակտիվ սառեցման, այսինքն status quo-ի պահպանման տարբերակի մասին: Սա ենթադրում է սպառազինության մրցավազքի շարունակականություն, շփման գծում իրավիճակի սրման ամենօրյա սպառնալիք, որն էլ իր հերթին կարող է ամեն պահ փոխակերպվել լայնամաշտաբ պատերազմի: Ապրիլյան պատերազմի արդյունքները ցույց տվեցին, որ ևս երկու-երեք այդպիսի ներխուժում և Հայաստանը կարող է կորցնել Ղարաբաղի մի մասը կամ էլ՝ ամբողջը: Եթե ադրբեջանական զորքերը վերջապես կարողանան կոտրել Մարտունու պաշտպանական շրջանի դիմադրությունը և ներխուժեն Ստեփանակերտ, կամ էլ վերցնեն Մարտակերտը, մտնեն Քելբաջար և թիկունքից հարվածեն Ստեփանակերտին, ապա ի՞նչ է լինելու վերջում, ինչի՞ շուրջ ենք բանակցելու; Ապրիլին կանխարգելեցինք հնարավոր բոլոր այս սցենարները, բայց ո՞վ կարող է ասել երկրորդ, երրորդ կայծակնային ներխուժումների ժամանակ կարողանալու՞ ենք դիմադրել: Մյուս հարցը: Ո՞րն է երաշխիքը, որ տարածքների վերադարձից հետո Ադրբեջանը չի պահանջի ավելին: Ներկայումս ադրբեջանական հարձակումները որևէ կերպ չեն դիտարկվում որպես ագրեսիա, իսկ հաշտության պայմանագրից հետո, արդեն հստակ կարգավիճակ ունեցող Ղարաբաղի դեմ որևէ գործողություն կընկալվի որպես ագրեսիա, իսկ Ադրբեջանն էլ կորակվի որպես ագրեսոր: Սրանից լավ երաշխի՞ք: Ադրբեջանը չի կարող ամեն պահ գնալ արկածախնդրության՝ իմանալով ագրեսոր պիտակի սպառնալիքի մասին: Սա այն իրականությունն է, որը ներկայացված է և եթե կա հնարավորություն ազատվել արտաքին այդ ծանր մարտահրավերից, ապա ինչի՞ չանել դա: Ինչի՞ չփորձել: Ակտիվ սառեցումը փորձել ենք և փորձը ցույց է տվել, որ այդ ճանապարհը արդյունավետ չէ, իսկ այս մեկը՞: Որպես վերջաբան միայն նշենք, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը պետք է զերծ մնա պոպուլիստական հռետորաբանությունից և քայլեր ձեռնարկի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը պետք է վերանայի իր միլիտարիստական հայտարարությունները, այսինքն՝ ուզի, թե չուզի վերանայելու է, քանի որ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո ստիպված է լինելու նստել է բանակցային սեղանի շուրջ:

Մեկնաբանություն
X