Կայսերական հայերը

Հասկանալի պատճառներով հայաստանցիների մի զգալի մասը չափազանց դժգոհ է ռուսահայ էլիտայի, այսինքն՝ քաղաքական գործիչների, քաղաքագետների, մտավորականների և գործարարների վարքագծից, քանի որ նրանք որպես կանոն մշտապես առաջնային պլան են մղում կայսրության շահը՝ շեշտադրելով հայ-ռուսական փոխհարաբերությունների անփոփոխելիության անհրաժեշտությունը: Ճիշտն ասած ես էլ տպավորված չեմ այդ մարդկանց վարքագծով, հատկապես վանում են բարերար գործարարները: Բայց անկախ ամեն ինչից մենք պետք է հստակ հաշվի նստենք այն չափազանց կարևոր իրողության հետ, որ գործ ունենք ավանդույթի ուժով իր գոյությունը պահպանած կաստայի հետ: Ի՞նչ կաստայի մասին է խոսքը:

Խնդիրն այն է, որ ռուսահայ էլիտայի ներկայացուցիչները ավանդական կայսերականներ են: Խոսքը արտագնա աշխատանքի գնացած ժողովրդի մասին չէ, այլ՝ հենց էլիտայի: Ես չեմ կարող ասել, սա լավ է թե՞ վատ, բայց պատմականորեն այս կամ այն կայսրության հպատակության տակ գտնվող հայերը որպես կանոն եղել են այդ կայսրության արժեքային միջավայրի կրողներն ու ինչու չէ նաև՝ գաղափարախոսները: Խոսքը ինչպես Բյուզանդիայի և Օսմանյան կայսրության, այնպես էլ, Ռուսական կայսրության, Խորհրդային Միության և նույնիսկ ԱՄՆ-ի հայերի մասին է: Ավելորդ չի լինի, եթե նշենք, որ Բյուզանդիայի կայսրերի մի զգալի մասը հայեր են եղել, Օսմանյան կայսրության տնտեսության շոշափելի բաժինը խարսխված է եղել հայկական կապիտալի վրա: Թեման իհարկե չափազանց մեծ է, բայց նույնիսկ այս հակիրճ շարադրանքի միջոցով հնարավոր է պատկերացում կազմել, թե իրականում խոսքը ինչի մասին է: Ավելացնենք նաև, որ հայերի ներդրումը Օսմանյան կայսրության մշակութային ու տնտեսական կյանքում իսկապես չափազանց մեծ է եղել: Իսկ Ռուսական կայսրության, ինչպես նաև ԽՍՀՄ-ի գիտական և ռազմական միջավայրերերում մեծ թիվ են կազմել հայ տաղանդավոր գիտնականներն ու զինվորականները: Սրանք բոլորը կայսերական հայերն են, որոնք հայկականության հետ առնչվում են միայն ծագմամբ և հազվադեպ դեպքերում նաև կենցաղով, մնացյալ բոլոր պարագաներում նրանք կայսրությանն են, իսկ կայսրությունը՝ նրանցը: Հիշենք նաև, որ 19-րդ դարում կայսերական հայերը Օսմանյան կասրությունում ազգային սահմանադրության ամենամոլի հակառակորդներն էին: Կայսերական հայերի կաստան հատկապես կառուցակազմիկ տեսք ստացավ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո, քանի որ ազգային պետության գաղափարի անէացումից հետո այլ ելք չէր մնում:

Նշենք, որ 14-15-րդ դարերում Եվրոպայում աստիճանաբար սաղմնավորվում էր ազգային պետության գաղափարը, իսկ Հայոց Կիլիկիան չէր կարող այդ գործընթացից անդին մնալ, քանի որ Ֆրանսիական թագավորության դուստր պետությունն էր արևելքում: Բայց ավաղ այն կործանվեց: Մի հետաքրքիր փաստ էլ արձանագրենք, որ կայսերական հայերը Հայաստանի մասին սկսել են հիշել միայն այն ժամանակ, երբ սպառնալիքի տակ է հայտնվել հենց իրենց գոյությունը: Օրինակ՝ Հնդկաստանի հայ առևտրականները ազգային պետության անհրաժեշտության մասին սկսեցին գիտակցել միայն այն ժամանակ, երբ բրիտանական կապիտալը՝ ծովային առյուծի՝ ռազմական նավատորմի, ճնշման ներքո սկսեց նրանց դուրս մղել մեծ օվկիանոսից: Ճիշտ է, հնդկահայ առևտրականները որևէ կոնկրետ կայսրության տիրապետության տակ չէին գտնվում, բայց, այնուամենայնիվ նրանք կայսերական գիտակցության կրողներ էին, քանի որ տիրակալներն էին անծայրածիր օվկիանոսի: Ահա այս ավանդական կաստայի կրողն է Ռուսաստանի հայ էլիտան: Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն դրա մասին, բայց գիտակցության մեջ արդեն իսկ այն են, ինչ-որ կան:

Մեկնաբանություն
X