Երկխոսության ուղերձի փոխարեն պետք է գավազանը զարկեր եվ պահանջեր, որ հեռանան

Հարցազրույց արձակագիր Վանուշ Շերմազանյանի հետ

- Պարոն Շերմազանյան, մենք տեսանք, թե ինչպես քայլ առ քայլ «Իմ քայլը» նախաձեռնությունը վերաճեց համաժողովրդական շարժման, որն ստացավ «Թավշյա, սիրո եւ համերաշխության հեղափոխություն» անունը։ Սպասո՞ւմ էիք, որ նման ձեւով կզարգանան իրադարձությունները։

-Երբ այս ամենն սկսվեց, ես նորից խորացա շարժման առաջնորդի կենսագրության մեջ եւ ինձ համար հայտնաբերեցի, որ նա, 1-ինը՝ քրիստոնյա մարդ է, 2-րդ՝ այն երգը, որ շարժման խորհրդանիշն էր հանդիսանում, խոսքերի հեղինակն ինքն է, մի երգ, որ մեր հաղթանակի հիմնը կարող է դառնալ, որովհետեւ իսկապես ապրված ու ապրեցնող, ամբողջովին կայացած հիմն է։ Եվ ամենակարեւորը՝ որ սա իսկապես բաց ձեռքերի շարժում էր, եւ այդ բաց ձեռքերը բարձրացած էին առ Աստված։ Ասված է՝ խնդրեցեք, եւ կտրվի։ Այդ ո՞ր հայրն է, ում երեխան հորից հաց ուզի՝ չի տա։

Մենք առաջին անգամ ազգովի, գուցե ոչ գիտակցաբար, բայց Աստծուց խնդրեցինք, եւ տրվեց։ Իսկ սա պահպանել է պետք, սա այս շարժման մեծագույն արժեքն է, եւ կույր են նրանք, ովքեր չեն տեսնում դա, եւ կդատապարտվեն հենց Աստծո կողմից։ Մենք պատմության մեջ առաջին անգամ ապացուցեցինք, որ իսկապես 1717-ամյա արմատներ կրող քրիստոնյա ժողովուրդ ենք, եւ այն, ինչ արեց անկախության սերունդը՝ երիտասարդությունը, ուսանողությունը, չի կարելի որեւէ շան տալ, որ լափի տեղ անցկացնի, բոլորիս պարտքն է պահպանել այս ամենը։ Այն հարվածները, հայհոյանքները, որ դրսից եւ հենց մեր ազգանունը կրող մարդկանցից է եղել, ես շատ ծանր եմ տարել։

- Ի դեպ, Դուք բաց նամակով էիք հանդես եկել՝ ուղղված Նիկոլայ Ռիժկովին, ով այս շարժումն անվանել էր փողոցային, իսկ շարժման առաջնորդին՝ հիմար։ Ձեր նամակում խորհուրդ էիք տվել, որ նա գնա եւ ցարին ասի, որ ժողովուրդն արթանցել է եւ տեր է իր անկախությանը, երկրին։ Ինչո՞վ եք նրա այդ պահվածքը բացատրում։

-Կարծում եմ՝ դա Ռուսաստանի կարծիքը չէր, նրան, կոպիտ ասած, որպես «տղա էին բերել» այստեղ, որ իրենք մնան, բայց չեմ կարող ասել, թե ինչ մոտիվացիայով, չեմ ուզում այդ խոհանոցի մեջ խորանալ։ Ես նրան խղճացի, երբ տեսա, որ արդեն 88 տարեկան է, եւ իմ նամակում ասել էի՝ գնացեք ապաշխարեք եւ վերադարձեք Աստծուն։ Մենք Ռուսաստանից չենք հրաժարվում եւ չենք հրաժարվում Ալեքսանդր Պուշկինից, Լեւ Տոլստոյից, Ֆեոդոր Դոստոեւսկուց եւ այն մարդկանցից, ովքեր կարող են հոգեւոր Ռուսաստանի խիղճը լինել։ Ես դեռ 2008-ին ասել էի, որ մեզ հոգեւոր վերածնունդ է պետք։

- Շատերն այս օրերի շարժումը համեմատում են 88-ի շարժման հետ, այդ օրերի զարթոնքի հետ։ Դուք ի՞նչ նմանություններ ու տարբերություններ եք տեսնում։ Ոմանց կարծիքով՝ սա նույնիսկ ավելին է, քան 88-ը։

-Ես համաձայն եմ «ավելին» բնորոշման հետ, որովհետեւ 88-ին դեռ 37թ․, 53թ․, 65թ․ վախը կար, այսինքն՝ ուժեղ ձեռքը կար եւ կարող էր առանց խղճի խայթի ոչնչացնել այդ ամեն ինչը եւ արեց նաեւ։ Իսկ այս շարժումն իսկապես անկախ սերնդի, վախ չտարած, դեպի պայծառ ապագան ու տիրոջ լույսը գնացող շարժում է, իսկ տերը մեզ իր գրկում կպահի, թող ոչ ոք չվախենա։ Իմ հիասթափությունն այդ մայիսմեկյան խայտառակ քվեարկությունն էր, դա ամենախայտառակ էջն է լինելու հայոց պատմության մեջ։

Ես այդ օրը Ֆեյսբուքում կոչ էի արել, որ այդ 55 պատգամավորները գիտակցեն, որ սա իրենց դեմ չէ, որ իրենց ներում լինելու է, վրեժխնդրություն չի լինելու, եւ կտրվեն նյութից եւ իրենց երեխաների ու թոռների ապագայի համար քվեարկեն։ Ներսես Մեծի խոսքերով նրանց համեմատել էի հիվանդ ոչխարների հետ, որոնք մեզ համար ավելի լավ են, քան ուրիշի առողջ գայլերը, բայց ես հետո մեծ վիրավորանք եւ ցավ ապրեցի։ Մեր «հիվանդ ոչխարները» մեր «առողջ գայլերն» են դարձել։ Հիմա կշեռքի վրա դրված է այդ «առողջ գայլերի» ունեցվածքը, իսկ մյուս նժարին՝ Հայաստան աշխարհը։ Մենք սա կարող ենք կորցնել։ Ես այս ընթացքում վիրավորվեցի նաեւ, երբ մեր վեհափառ կաթողիկոսն ուղերձ հղեց երկխոսության։

Դա նման է այն ուղերձին, երբ ԵԱՀԿ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին ուղերձ է հղում երկխոսության՝ առանց տարբերություն դնելու այդ երկրների միջեւ։ Բայց նա վեհափառն է եւ երկխոսության ուղերձ ուղարկելու փոխարեն պետք է գավազանը զարկեր, ո՛չ վերջին նվեր ստացած ոսկյա գավազանը, այլ Աստծո ընտրյալ ժողովրդի հովվապետի գավազանը զարկեր եւ իշխանություններից պահանջեր՝ ամեն իշխանություն տրվում է ի վերուստ, բայց դուք չարաշահել եք այն, եւ ժողովուրդը պահանջում է, որ հեռանաք։ Եվ ասեր՝ ես միանում եմ նրանց, որովհետեւ Աստված բարկացած է ձեզ վրա, թողեք եւ գնացեք՝ առանց խարդավանքներ եւ մեծ ու փոքր սադրանքներ ստեղծելու, եթե ոչ՝ կլինի այնպես, ինչպես Սուրբ գրքում եղավ։

Աստված կանչեց Մովսեսին եւ ասաց՝ պիտի գնաս Եգիպտոս եւ ազատես իմ ժողովրդին ստրկությունից։ Մովսեսն սկսեց այդ սուրբ գործը՝ առանց փարավոնի մոտ գնալու, եւ ազատեց իր ժողովրդին, իսկ փարավոնը, որ խոչընդոտում էր դրան, կորցրեց իր կայքն ու կյանքը։ Այդ բանը չարեց մեր կաթողիկոսը, բայց դա արեց Աստծո, ժողովրդի ընտրյալ առաջնորդը, եւ հիմա ե՛ւ նրա, ե՛ւ ժողովրդի անունից եմ ասում՝ ձեր իշխանությամբ դուք բարկացրել եք Աստծուն, թողեք եւ հեռացեք, հակառակ դեպքում կարժանանք փարավոնի ճակատագրին։ Աստված մեր Մովսեսին ուղարկել է։ Այս օրերին իմ ընկերներից շատերն են ասում, որ մենք էլի մարդկանց ենք փառաբանել, բայց հակառակն ենք տեսել։

- Այդ մտավախությունը բոլորի մոտ կա։

-Այո, դա կա, բայց ես այս օրերին նույն հրապարակում շատ երիտասարդների հետ եմ խոսել, ասել եմ՝ տղաներ, բա որ հանկարծ ձեր սերունդը կրկնի մեր սխալը, ո՞նց է լինելու։ Ասել են՝ հոպար ջան, մի հատ բոթասի փող ենք ճարում ու քայլում ենք։ Հրեաները, երբ պետք է վերցնեին Երիքով քաղաքը, Հեսուն ասաց՝ քայլեք եւ պահանջեք, եւ նրանք այնքան քայլեցին Երիքովի շրջակայքում, որ պարիսպները փլվեցին։ Հիմա մենք ազգովի քայլ ենք արել։ Ուզում եմ նաեւ նշել, որ կան մարդիկ, ովքեր միշտ կերակրատաշտի կողքին են՝ մտավորականներ, ստեղծագործական միությունների անդամներ, որ իմ ընկերներն են, բայց եթե իմ ընկերն իմ կողքին չէ ժողովրդի ծանր պահին, նա այլեւս դժվար իմ ընկերը շարունակի լինել, որովհետեւ թիկունքից խփող է։ Նույն մարդկանց կողքին կանգնողը, ովքեր որ Լինչի դատաստան էին սարքել Նիկոլի հանդեպ, այդ մարդիկ, մեղմ ասած, լավ մարդիկ չեն։

Հռոմի պապից կաթոլիկ ոչ ոք չի կարող լինել։ Մենք պարտավոր ենք մաքրել այս ամեն ինչը, հակառակ դեպքում այս կեղծիքի ու քծնանքի մեջ այս երկիրը չի կարող կայանալ, նոր գինին հին տիկի մեջ պահել չի կարելի, որովհետեւ պատռելու է։ Եթե մենք մտածում ենք մեր երեխաների մասին, մեր շահը պետք է մոռանանք։ Նյութին կպած մարդը դա սատանայի զինվորն է Հայաստանում, իսկ իմ աստվածաբան ընկերներից մեկն ասաց, որ սատանան ապրիլի 23-ին գնաց Հայաստանից, դրա համար այդ ուրախությունը եկավ։ Այսպիսի ուրախություն հայ ժողովուրդն իր ամբողջ կյանքի ընթացքում չի ապրել, սա կորցնելն ամենամեծ սրիկայությունը կլինի բոլորիս կողմից։

- Եվ խորհրդանշական էր, որ ապրիլի 24-ի նախաշեմին դա եղավ։

-Այո, մենք դուրս եկանք զոհի կարգավիճակից, մենք այլեւս պետք է մեր երիտասարդության համար մի ուրիշ հուշարձան սարքենք եւ մեր երկիր եկած պատվիրակություններին չտանենք Ծիծեռնակաբերդ եւ ասենք՝ մեզ մորթել են։ Ես չեմ ուզում բարձրաձայնել, որ մեզ մորթել են հենց այն բանի համար, որ Աստծուց հեռացել էինք, քանի որ ասված է՝ եթե ինձնից հեռանաք, մութ ուժեր կբերեմ եւ ձեզ կպատժեմ։

Այսօր ամենամութ ուժը մեր մեջ է։ Ես լոռեցու միամտությամբ կոչ էի արել, որ նրանք մեր «հիվանդ ոչխարներն» են, եւ նրանց ներում ենք, բայց պարզվեց, որ նրանք «առողջ գայլեր» են, եւ իրենք մեզ չեն ներում, որ իրենց ամենօրյա լափը կերակրատաշտից չենք թողնում ուտել, եւ նրանց կողքին այս ամենը ստեղծողները մերոնք են եղել, թագավորը կայանում է իր շքախմբով, եթե շքախումբը տարել է դրան, մենք պետք է ազատվենք, ուրիշ ճար չունենք։ Ամբողջ աշխարհի հայությունն իր սերն ու ուշադրությունը կենտրոնացրել է այստեղ, բայց սերն ու հանդուրժողականությունը շատ փխրուն են ու թափանցիկ։

- Մայիսի 8-ին տեղի կունենա վարչապետի ընտրությունը, ըստ էության՝ 2-րդ փուլը, ու թեեւ այս պահին բոլորն են սատարում ժողովրդի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին, բայց արդյոք հնարավո՞ր են անակնկալներ։

-Ես այնքան բան եմ տեսել, որ իսկապես վախենում եմ, բայց պետք է պատրաստ լինենք դրան։ Կինոռեժիսոր Ռոման Բալայանը երեկ Կիեւից ինձ գրել էր՝ զգույշ եղեք։ Եթե Ռոման Բալայանը, ով արմատներով նույն տեղից է, որտեղից մեր վայ առաջնորդներն են, ապա պետք է զգույշ լինել։ Մի՞թե նրանց կողքին մեծ սիրտ ու պայծառատես մարդ չեղավ, որ ասեր՝ մի արեք այդ բանը, որովհետեւ անիծվելու եք արմատներով, դարեդար։ Հետագայում ինչ կլինի՝ չգիտեմ, բայց հետընթաց չկա, կես քայլ հետ գնալու իրավունք չունենք։

Ժողովրդի արյունը ծծողները եւ երկրի բյուջեն մսխողները, պատեհապաշտ չինովնիկները, արվեստագետները, մտավորականները, որոնց անունները չեմ ուզում տալ, բայց որոնք իրենց աթոռներից բռնած եւ մահճակալների տակ մտած դավադիր սպասում են, թե ամսի 8-ին ինչ կլինի, եւ հենց բան փոխվի, դուրս թռչեն կաբինետներից եւ կուրծք ծեծելով ասեն՝ մենք դրանց կրեցինք, ու հայհոյեն՝ շարունակելով իրենց չար գործը, ու «հանճարեղ» գործեր ստեղծեն հանճարեղ հայ ժողովրդի զարթոնքի մասին, ճիշտ նույնկերպ, ինչպես եղավ 88-ից հետո։

Թող ամսի 8-ը գա, չեմ ուզում առաջ ընկնեմ, բայց ուզում եմ ասել, որ մեր աչքի առաջ պետք է ունենանք, որ մեր ազատագրության բոլոր հերոսները կա՛մ սպանված են, կա՛մ բանտերում են։ Պետք է ազատել բոլոր բանտարկյալներին՝ Սեֆիլյանի գլխավորությամբ, նաեւ Շանթին, ով 88-ի ուսանողության լիդերներից մեկն էր, բայց մենք Շանթին բանտել ենք եւ դրանով Աստծո տված ազատությունն ենք բանտել, եւ Աստված մեզ դրա համար չի ներելու։

Սեֆիլյանը Սփյուռք-Հայաստան բարեկամության կամուրջն էր, մենք այդ կամուրջն ենք ջարդում։ Հայ մարդն ազատատենչ է ու արդարամիտ, հայ մարդը կարող է սովորական հաց ու պանիրով երկար մնալ։ Հիմա մեր գոտիները պնդել է պետք եւ լծվել աշխատանքի, այս մի կռիվն էլ պիտի տանք՝ տղամարդավարի, նամուսով, աննամուսները մեր կողքին տեղ չունեն։ Վաղն ամենածանր վիճակում կհայտնվի նա, ով գալիս է իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը, մենք պետք է սատարենք նրան, լուծումներ պետք է գտնենք, որ երկիրը շատ արագ կարողանա դուրս գալ այս ամեն ինչի միջից։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X