Բողոքի ակցիա ՇՊՀ-ում. նախկին ռեկտորն հանդես է եկել կոչով՝ 2 տարի է հիմնահատակ քանդվում է բուհը

Քիչ առաջ Շիրակի պետական համալսարանի ուսանողները, աշխատանքից ազատված երկու դասախոսների՝ Գագիկ Համբարյանի, Հովհաննես Խորիկյանի, ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի գլխավորությամբ, բողոքի ակցիա սկսեցին՝ ընդդեմ Հանրապետական ռեկտոր Սահակ Մինասյանի՝ պահանջելով նրա հրաժարականը: Նշենք, որ նրանց են միացել նախկին ռեկտոր, «Ծառուկյան դաշինքով » պատգամավոր ընտրված Վարդևան Գրիգորյանի համախոհները:

Վարդևան Գրիգորյանն անձամբ բողոքին մասնակցելու ցանկություն է հայտնել, նշել է, որ մինչև օրվա վերջ կմիանա ցուցարարներին: Դիմելով բնակիչներին՝ ասել է. «Արդեն երկու տարի է, ինչ հիմնահատակ քանդվում է Շիրակի մայր բուհը: Բուհ, որն ունի 85 ամյա պատմություն, բուհ, որի պատերի ներքո կրթվել ուդաստիարակվել է Շիրակի մարզի ցանկացած ընտանիքից գոնե մեկ անդամ, բուհ, որը մեր ավագները վստահել են մեզ և Ձեզ: Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ, շիրակցիներ, խնդրում եմ համախմբվել և փրկել բուհը: Ես ձեր կողքին եմ, ձեր կողքին եմ որպես պատգամավոր, ձեր կողքին եմ որպես բուհի համար սրտացավ մարդ: Բուհը իմն է, բուհը Ձերն է, բուհը հեռացված դասախոսներինն է, բուհը բոլորինս է»:

Ցուցարարները երկու ժամ ժամանակ են տվել Սահակ ՄԻնասյանին, որպեսզի ներկայացնի հրաժարականի դիմումը: Ռեկտորը պնդում է, որ սա անձնական վրեժխնդրություն է, քանի որ երեկ նա աշխատանքից հեռացման ծանուցագիր է ներկայացրել պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը, ով ազատված երկու դասախոսների հետ փորձել է վարկաբեկել իր համբավը:

Թավշյա հեղափոխության մասնակից Լևոն Բարսեղյանն էլ վստահ է, որ մի փոքր նմանատիպ հեղափոխություն էլ հենց այսօր պետք է իրականացնել ՇՊՀ-ում, քանի որ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, երկար տարիներ ՀՀԿ վերնախավին ծառայություններ մատուցած Սահակ Մինասյանն իրավունք չունի բուհ ղեկավարել:

«Անկախ հեղափոխությունից, կոլեկտիվը, ուսանողները դեմ են նրան, ատամներով պահում են պաշտոնը, Սերժիկն էլ էր ատամներով պահում , ինչքան շուտ գլխի ընկնեն, որ հանրությունը չի ուզում տեսնել իրենց եւ հեռանան, այնքան ավելի լավ»,-ասում է Ասպարեզ ակումի նախագահը:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X