Սթափվելու ժամանակը

Կարելի է ասել՝ հեղափոխությունն ավարտված է: Մամուլում, սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանին ուղղված «բաց նամակների», խորհուրդների, առաջարկությունների պակաս չկա: Մեծ են սպասումները, բայց իշխանության հնարավորությունները սահմանափակ են: Երկիրը ոտքի կանգնեցնելու համար կպահանջվեն տեւական ժամանակ եւ ահռելի ջանքեր: Գլխավոր խնդիրն է, թե հասարակությունը հանդուրժողական կլինի՞, կզինվի՞ համբերությամբ, թե կդնի «այստեղ եւ այժմ» խնդիրներ լուծելու պահանջ:

Եթե գործի երկրորդ տարբերակը, ապա հեղափոխության վրա կարելի է խաչ քաշել: Մայիսի 8-ին պետք է սկսվի սթափության ժամանակը: Նոր իշխանությունը եւ հասարակությունը պարտավոր են պայմանավորվել, որ փոփոխությունները լինելու են դանդաղ, դժվար, եւ յուրաքանչյուր քայլ՝ հիմնավորապես պատճառաբանված-կշռադատված: Արդեն տեսակետներ են հնչում, որ իշխանափոխությունը հնարավորություն է, որպեսզի Հայաստանը վերանայի ԼՂ հարցում մոտեցումները, փոխի ռազմավարությունը:

Սոցիալական ցանցերում ձեւավորվել է խումբ, որը դնում է Արցախը Հայաստանի մարզ հռչակելու պահանջ: Նրանք հեղափոխությունը հասկանում են կուտակված բոլոր հարցերը մի կամային քայլով հանգուցալուծելու, նոր դարաշրջան բացելու իմաստով: Ի՞նչ մոտեցում կորդեգրի նոր իշխանությունը: Իրավիճակի հանրային ընկալման խնդիր կա, եւ հիմնականն այն է, թե ով եւ ինչպես է օգնելու, որպեսզի չափազանցված սպասումներ չձեւավորվեն, չվերածվեն քաղաքացիական եւ քաղաքական պահանջի:

Եթե հակառակը տեղի ունենա, հեղափոխության պարտությունը կդառնա անխուսափելի, վրա կհասնի մեծագույն հիասթափությունը՝ դրանից բխող ծանր հետեւանքներով հանդերձ: Կազմաքանդման տրամադրությունները պետք է իրենց տեղը զիջեն սթափ եւ պրագմատիկ վերլուծություններին, հաշվարկներին: Գլխավոր փորձությունը դա է:

Մեկնաբանություն
X