Ինչ-որ աղջնակ նեղսրտեց, բայց հարյուրավոր աղջնակներ որբ չմնացին

Բոլոր այն մարդիկ, որոնք տրնտնջում են հեղափոխության ժամանակ ձևավորված ատելության փոքրիկ չափաբաժնից, դագաղներից, ծաղկեպսակներից ու բեմադրված թաղումներից, խորքային իմաստով չեն պատկերացնում է, թե ինչ է հեղափոխությունը: Տարակուսելի է նաև այն իրողությունը, որ նույնիսկ հայկական իրականության մեջ հեղինակություն ունեցող գիտնականները չեն կարողանում ըմբռնել իրավիճակի ողջ էությունը:

Եւ ուրեմն, հեղափոխությունը քնքուշ ու հեզ, վարդագույն խաղալիք չէ՛, հեղափոխությունը տոնախմբություն չէ՛: Ընկերներ, հեղափոխությունը հրեշ է, ամենակուլ ու յոթ գլխանի հրեշ, որի գործողություններն ու անկանոն շարժումները կանխատեսելի չէն: Ձեր այդ նուրբ և էսթետիկ մտահոգությունները նման են Մաո Ցզեդունի այն անհեթեթ մտայնությանը, իբրև թե՝ միջուկային զենքը թղթե վագր է և ոչ այնքան վտանգավոր: Չինաստանի անսխալ նավավարը չէր հասկանում, որ մոլորակի վրա արդեն այնքան քանակությամբ միջուկային զենք է կուտակվել, որ հնարավոր է մոլորակը մի քանի անգամ ոչնչացնել:

Նորից եմ կրկնում, հեղափոխությունը անկանոն շարժումներով հրեշ է և մենք պետք է շնորհակալ լինենք ճակատագրից, որ այն դուրս չեկավ վերահսկողությունից, հակառակ պարագայում բեմադրված թաղումներն այլևս բեմադրված չէին լինի և խելագարված ամբոխները Շարմազանովին ու Աշոտյանին կթաղեին ոչ թե կատակով, այլ՝ իսկապես:

Մի՞թե բարդ է հասկանալ, որ այն ինչ կատարվեց Հայաստանում, չի սահմանափակվում միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով կամ էլ առաջիկայում Նիկոլի վարչապետ ընտրվելով: Եթե մի փոքր ավելի լայն նայենք, ապա տեղի են ունեցել տևտոնիկ փոփոխություններ, որոնք դեռևս ընթացքի մեջ են ու պարզ չի, թե երբ կանգ կառնեն: Հասկանու՞մ եք կարգերի փոփոխությունները չեն կարող սահուն լինել:

Չնայած ես ինքս ինձ մեծամտաբար հեղափոխական եմ անվանում, բայց ես հոգու խորքում վախենում եմ հեղափոխություններից, պարզապես սարսափում եմ, որովհետև մտովի պատկերացրել եմ ցարի փոքրիկ երեխաների սպանվելու տեսարանները, երազումս տեսել եմ դահիճ Սամսոնին, որը խելագարվել էր արյան ու դիակների հոտից, ո՞վ չէր խելագարվի այդքան մարդ գլխատելուց հետո:

Ախր հեղափոխությունը մուլտֆիլմ չէ, հեղափոխության մեջ օրենքներ չկան, հեղափոխությունը որպես կանոն հակաէսթետիկ է՝ էթիկայի վրա թքող, ինչու չէ նաև արնախառն թքով:

Հաշվի առնելով վերոհիշյալ շարադրանքի տրամաբանությունը, ապա մենք պետք է չափազանց բարձր գնահատենք Հայաստանի բնակչության իրականացրած խաղաղ ու անարյուն հեղափոխությունը: Ոչինչ, երկու հոգու հայհոյեցին, բայց կարևորը հարյուրները չմեռան, ինչ-որ աղջնակ նեղսրտեց, բայց հարյուրավոր աղջնակներ որբ չմնացին, փողոցներ փակվեցին, բայց մեքենաներ չայրվեցին և այսպես շարունակ, շարքը դեռ երկար կարելի է շարունակել:

Բարեկամներ, սա հեղափոխություն է:

Մեկնաբանություն
X