Ապստամբում են անգամ ստրուկները

Մերձիշխանական շրջանակներից մեզ տեղեկություններ հասան, որ այնքան էլ այնպես չէ, թե Սերժ Սարգսյանին չեն հորդորել ժամկետը լրանալուն պես հեռանալ։ Եղել են մարդիկ՝ վերլուծաբաններ, որոնք փետրվարին ծավալուն վերլուծություն եւ խորհրդատվություն են իրականացրել՝ նախագահականի պատվերով։ Եվ հստակ ասել են՝ ճիշտը Ձեր հեռանալն է։

Եթե չեք ուզում իշխանությունը թողնել Կարեն Կարապետյանին, թողեք Վիգեն Սարգսյանին։

Եթե Վիգեն Սարգսյանն էլ է անընդունելի որպես իրավահաջորդ, ներկայացրեք Արմեն Գեւորգյանին։

Եթե նրանք բոլորը մերժելի են, մի վերջին տարբերակ օգտագործեք՝ Ձեր փեսային՝ Միքայել Մինասյանին թողեք եւ հեռացեք, քանզի Ձեր մնալը չի հասկացվում ոչ մի պարագայում։

Այս վերլուծության հեղինակներին պատասխանել են, որ դուք լավ չեք պատկերացնում երկրում տիրող իրավիճակը, կան նրբություններ, որոնց տեղյակ չեք, ուստի շնորհակալ ենք, բայց չենք կարող օգտվել ձեր խորհուրդներից։ Այս պարագայում մարդու մտքին միայն անմահ «Ոսկե ձկնիկի» պատմությունն է գալիս՝ ծովերի թագուհի լինելու ագահությունը կործանեց հեքիաթի պառավին եւ վերադարձրեց կոտրած տաշտակի մոտ։ Ի վերջո, կա մի սահման, որից անդին անդունդն է, եւ քաղաքական գործչի խելքն ու հմտությունը պետք է դա շատ լավ հասկանա։

Երբ հոխորտում էին ու մեծախոսում, թալանում էին ու արհամարհում ժողովրդի դժգոհությունը, իրենց թվում էր, թե իրենք անառիկ ամրոցում են, եւ Մելիք-Ադամյան փողոցն իշխանության հավերժ սիմվոլն է լինելու։ Իսկ ՀՀԿ-ն մինչեւ անհիշելի ժամանակներ կառավարելու է՝ ի փառս իր անփառունակ ներկայացուցիչների։

Սակայն անգամ եթե մի փոքր ծանոթ լինեին մարդկության պատմությանը՝ Սպարտակի ապստամբությանը, Հոկտեմբերյան հեղափոխության փորձին, կհասկանային, որ ապստամբում են անգամ ստրուկները։

Մեկնաբանություն
X