Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ ՇՊՀ պրոռեկտորին, աշխատանքից ազատման ծանուցում է ներկայացվել

>

Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը, երկար ժամանակ է՝ աշխատում է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարանում, այժմ նույն բուհի՝ արդեն վերափոխված Շիրակի պետական համալսարան, պրոռեկտորն է: Երեկ աշխատանքային օրվա ավարտին ռեկտոր Սահակ Մինասյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Անահիտ Ֆարմանյանին: Պրոռեկտորին ռեկտորի որոշումը անակնկալի է բերել: Ինչպես տեղեկացանք տիկին Ֆարմանյանը չի պատրաստվում դիմումը ստորագրել, քանի որ միանգամայն ապօրինի է համարում ռեկտորի որոշումը. «Սահակ Մինասյանը՝ խստագույնս խախտելով աշխատանքային օրենսգիրքը, սույն թվականի մայիսի 3-ին ժամը 17:00-ին ծանուցել է մայիսի 4-ին աշխատանքից հեռացնելու մասին: Վստահ եմ, որ դատական կարգով կվերականգնվեն իմ աշխատանքային իրավունքները: Բուհում տեղի ունեցած և տեղի ունեցող գործընթացների մասին մոտ օրերս կարտահայտվեմ առավել ամբողջական, ինչպես խոստացել եմ»,-տեղեկացնում է նա՝ առայժմ չբացելով փակագծերը: Ռեկտոր Սահակ Մինասյանի հետ կապվելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն եղան, նա աշխատատեղում չէր, եւ անջատված է բջջայինը: Ըստ ներկայացված ծանուցագրի, բուհում հաստիքացուցակների կրճատում է կատարվում, եւ պրոռեկտորի զբաղեցրած պաշտոնին համապատասխան աշխատանք չկա:

Նշենք, որ կար ժամանակ, երբ խոսակցություններ էին պտտվում, թե ՇՊՀ ռեկտորի պաշտոնին հավակնում է Անահիտ Ֆարմանյանը, սակայն ինքը՝ պրոռեկտորը հերքեց այդ տեղեկությունը: Թե ինչն է ստիպել ՀՀԿ անդամ, Շիրակի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին գնալ այդ քայլին, դեռևս պարզ չէ: Ըստ շրջանառվող լուրերի, ռեկտորն այս մտադրությունը վաղուց է ունեցել, սակայն համարձակությունը չի ներել, քանի որ Սամվել Ֆարմանյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը մտերիմներ էին: Հաշվի առնելով վերջին օրերի քաղաքական փոփոխությունները, հարմար առիթը օգտագործեց:

Հիշեցնենք, որ Սահակ Մինասյանը վերջերս աշխատանքից ազատեց նաև բուհի երկու դասախոսներին՝ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին, ինչի համար ուսանողները ոտքի կանգնեցին եւ օրեր շարունակ դասադուլ հայտարարեցին:

Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություն
X